Կարապետյան կրտսերի կոլան փաստերով կտրենք
ՆերքաղաքականՄինչ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակարգող ՆԱՐԵԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ՝ գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին, «ուժեղ» նախընտրական քարոզարշավից հետո՝ օդորակիչի տակ նստած ձողիկով սառը կոլա խմելով՝ հիմա էլ այդպես արդյունավետ պայքարում է շոգի դեմ, Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե քաղաքացիները, որոնք համաձայն չեն իշխանության վարած քաղաքական կուրսի հետ, պետք է դուրս գան փողոց ու հեղափոխություն անեն։
Թվում էր, թե վերջին մարդը, որ ընդդիմությանը նման հորդոր պիտի հղեր, Փաշինյան Նիկոլն էր, բայց այստեղ առավել ուշագրավ է Կարապետյան կրտսերի կոլա ֆռթցնելով, իբրեւ կրեատիվ արձագանքը. «Երբ մեր ժողովուրդը ճիշտ կգտնի, կկանգնի ոտքի։ Դա կլինի մեկ անգամ ու կլինի վերջնական, եւ դա որոշելու է ժողովուրդը, ոչ թե փոքրիկ խմբակը»:
Ինչ խոսք, «ուժեղ» պատասխան է, բայց եկեք հիշենք, որ նույն «հոպարի գանձ» Կարապետյանը չափազանց շատ բան է խոստացել եւ խոստացածից չափազանց քիչն է իրականացրել, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիները նրա արած հայտարարությունից հետո՝ սառը ջուր կամ կոլա խմեն ու հով նստեն:
Օրինակ, խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ տեղի ունեցած բանավեճի ժամանակ, Հանրայինի եթերում նույն Նարեկ Կարապետյանն անդրադառնալով Փաշինյանին՝ վստահեցնում էր. «Իզուր եք այս մարդուն այսքան հարց տալիս, նա 3-4 օրից իշխանություն չի լինելու»: Նա էր, ով պնդում էր, որ «եթե 1,5 մլն մարդ գնա ընտրության, փոքրիկ խմբակը կգնա»: 1,5 մլն մարդ գնաց ընտրության, իսկ Կարապետյան կրտսերի նշած «փոքրիկ խմբակը» կրկին «մեծիկ խմբակ» է լինելու նոր խորհրդարանում:
Եվ վերջապես՝ Նարեկ Կարապետյանն էր եթերներից ու հարթակներից հայտարարում, որ հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը, բայց պարզվեց, որ ոչ միայն ՌԴ ու Կիպրոսի քաղաքացի հորեղբայրը չի կարող լինել վարչապետ, այլեւ վերջինս հենց Նարեկին է տեսնում վարչապետի պաշտոնում: Հարցին՝ կդառնա՞ Նարեկ Կարապետյանը վարչապետ, թե՞ ոչ, Սամվել Կարապետյանն իր վերջին հանդիպմանը խմբագիր-լրագրողների նեղ շրջանակի հետ ընդգծեց. «Ինձ թվում է՝ իր կյանքի ընթացքում մի օր կդառնա, բայց այս փուլում, իհարկե, ես չգիտեմ: Դա կախված է լինելու՝ ինչպիսի հաղթանակ ենք մենք շուտով տանելու»։ Այսի՞նքն, Սամվել Կարապետյանն ուզում է ընդդիմադիր քաղաքական ուժերը միավորվեն, հետընտրական պրոցեսներով իշխանափոխություն անեն, իսկ ընտրություններում պարտված Կարապետյանը որոշի՞, թե տանեցիներից ով է լինելու հաջորդ վարչապետը:
Սեփ. լրատվություն

