Քաղաքական լուծո՞ւմ, թե՞ ձեւ թափել
Վերլուծություն«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի վերջին հայտարարությունները փաստացի դարձան հետընտրական շրջանի ամենակարեւոր քաղաքական խոստովանություններից մեկը։ Կարապետյանը հայտարարեց ընդդիմադիր ուժերի համախմբման գործընթաց սկսելու մասին՝ նշելով, որ երկրի եւ ժողովրդի համար այժմ առաջնային նշանակություն ունի միասնականությունը։ Նա առաջարկեց ստեղծել համակարգող խորհուրդ, համադրել առկա խնդիրները եւ մշակել միասնական գործողություններ։ Միաժամանակ հայտարարվեց նաեւ համախմբված ընդդիմադիր ուժերի հանրահավաքի մասին։
Անխոս, այս հայտարարության քաղաքական ենթատեքստը շատ ավելի խորն է, քան առաջին հայացքից կարող է թվալ։ Փաստացի, Սամվել Կարապետյանը խոստովանեց այն, ինչի մասին ընդդիմադիր մի շարք ուժեր ամիսներ շարունակ խոսում էին։ Եթե այսօր անհրաժեշտ է ընդդիմադիր համախմբում, ապա տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ այդ համախմբումը չձեւավորվեց ընտրություններից առաջ։
Այս հարցը հատկապես արդիական է այն ֆոնին, որ «Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցությունը դեռեւս նախորդ տարվա հոկտեմբերի 3-ին հրապարակայնորեն առաջարկում էր ընդդիմադիր դաշտի լայն համախմբում, համատեղ պայքար եւ միասնական մասնակցություն քաղաքական գործընթացներին։ Այն ժամանակ այդ կոչերը կա՛մ անտեսվեցին, կա՛մ մերժվեցին։ Մինչդեռ այսօր նույն գաղափարները ներկայացվում են իբրեւ նոր քաղաքական օրակարգ։
Ստացվում է, որ այն, ինչ ամիսներ առաջ ներկայացվում էր որպես անիրատեսական կամ երկրորդական առաջարկ, ընտրություններից հետո հանկարծ դարձել է առաջնահերթություն։
ՈՒՇԱՑԱԾ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ԽՆԴԻՐԸ
Ընդդիմադիր ընտրազանգվածի զգալի հատվածի մոտ բնական դժգոհություն է առաջացնում այն հանգամանքը, որ միավորման մասին խոսակցությունները սկսվում են ոչ թե պայքարի ամենաթեժ փուլում, այլ արդեն ընտրություններից հետո։
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բազմաթիվ ընդդիմադիր ուժեր ձեռք էին մեկնել Սամվել Կարապետյանին՝ առաջարկելով միասնական ճակատ, ընդհանուր ցուցակ կամ համակարգված գործողություններ։ Սակայն այդ առաջարկները մնացին անարձագանք։ Այսօր, երբ ընտրական գործընթացն ավարտված է, ընդդիմության մի հատված հայտարարում է, որ անհրաժեշտ է ստեղծել հետընտրական կոալիցիա։ Էլի թող ստեղծվի, բայց որ ի՞նչ անի։
Կարապետյանի առաջարկած համակարգող խորհրդի գաղափարը նույնպես բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Ի՞նչ լիազորություններ է ունենալու այդ մարմինը։ Ո՞վ է որոշելու օրակարգը։ Ո՞ր ուժերն են ընդգրկվելու դրանում։ Ո՞րն է լինելու պայքարի մեխանիզմը։
Խորհրդի ստեղծումն ինքնին քաղաքական ծրագիր չէ։ Եթե չկա հստակ ռազմավարություն, ապա ցանկացած նոր խորհուրդ կարող է վերածվել հերթական քննարկումների հարթակի, որն իրական քաղաքական արդյունք չի ապահովի։ Դրա օրինակները հանրությունը տեսել է թե՛ «Դիմադրության», թե՛ «Հայրենիքի փրկության ճակատի» ժամանակ։ Ընդդիմության խնդիրն այսօր ոչ թե նոր խորհրդի ստեղծումն է, այլ հստակ պատասխան տալը, թե ինչ է պատրաստվում անել առաջիկա ամիսներին։
ՄԻԱՅՆ ԴԱՏԱՐԱՆՈ՞ՒՄ, ԱԺ-Ո՞ՒՄ, ԹԵ՞ ՓՈՂՈՑՈՒՄ
Ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերը հայտարարեցին, որ չեն ընդունում ընտրությունների արդյունքները, վիճարկում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները եւ պատրաստվում են իրավական ու քաղաքական պայքարի։ Սակայն նույնիսկ այս փուլում ընդդիմությունը դեռեւս չի ներկայացրել միասնական գործողությունների ամբողջական ծրագիր։
Հանրության մոտ շարունակում է մնալ գլխավոր հարցը՝ պայքարը որտե՞ղ է լինելու։ Միայն դատարաններո՞ւմ։ Միայն Ազգային ժողովո՞ւմ։ Թե՞ նաեւ փողոցում։ Եթե ընդդիմադիր դաշտը միասնական չէ նույնիսկ պայքարի մեթոդների հարցում, ապա դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է այն հաջողության հասնել ավելի բարդ քաղաքական խնդիրներում։
Այս համատեքստում ուշագրավ է ՍԻՄ-ի դեռեւս ավելի վաղ ներկայացրած առաջարկությունների փաթեթը։ ՍԻՄ-ը ոչ միայն աջակցություն էր հայտնում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին, այլեւ առաջարկում էր համախմբել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերին, ձեւավորել համահայկական դիմադրության ճակատ, ժամանակավորապես դադարեցնել փոխադարձ քննադատությունները եւ 2026 թվականի ընտրություններին մասնակցել միասնական դաշինքով։ Այդ մոտեցման հիմքում ընկած էր պարզ տրամաբանություն՝ նախ հաղթահարել քաղաքական բաժանվածությունը, հետո միայն անցնել իշխանափոխության պայքարին։ Եվ այսօր Սամվել Կարապետյանի հայտարարությունները փաստացի արձանագրում են, որ նման համախմբման անհրաժեշտությունը գոյություն ուներ դեռեւս ընտրություններից առաջ։ Այսինքն՝ ՍԻՄ-ը ճիշտ էր, Սամվել Կարապետյանը՝ սխալ։
ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԿԼԻՆԻ ՀԱՋՈՐԴ ՓՈՒԼԸ
Այս պահին պարզ է միայն մեկ բան։ Ընդդիմությունն ընդունել է, որ մասնատված մասնակցությունն ընտրություններին ցանկալի արդյունք չի տվել։ Սակայն դեռեւս անհասկանալի է՝ արդյոք ուշացած համախմբումը կկարողանա վերածվել իրական քաղաքական պայքարի։ Եթե նոր գործընթացը սահմանափակվի հերթական հայտարարություններով, խորհրդակցություններով եւ խորհրդի ստեղծմամբ, ապա այն դժվար թե փոխի քաղաքական իրավիճակը։
Այսպիսով, Սամվել Կարապետյանի հայտարարությունը կարելի է դիտարկել որպես ոչ միայն համախմբման կոչ, այլեւ սեփական քաղաքական հաշվարկների վերանայման խոստովանություն։ Մնում է տեսնել՝ արդյոք այս անգամ ընդդիմությունը կկարողանա սովորել իր սխալներից, թե հերթական անգամ հետընտրական հայտարարությունները կմնան քաղաքական հռետորաբանության շրջանակներում։
Իսկ մինչ այդ՝ ընդդիմությունն ընտրությունները համարում է վիճահարույց, պատրաստվում է իրավական պայքարի եւ հայտարարում է հետագա քաղաքական քայլերի մասին։ Բայց հասարակությունը սպասում է ոչ թե նոր հայտարարությունների, այլ կոնկրետ գործողությունների։ Բայց մինչ այդ անկեղծանալ-անկեղծանալ է, իրենց գլխավոր ընդդիմություն հռչակածները պետք է նաեւ խոստովանեն՝ ի վերջո, անձամբ իրենք ընտրակաշառքը դատապարտո՞ւմ են, համաձա՞յն են, որ ընտրակաշառք բաժանողները պետք է դատվեն եւ նրանք ոչ թե քաղբանտարկյալ են, այլ շարքային «տասովշիկներ», որոնք օգտագործվելու են այսօր մեկի, վաղը մյուսի կողմից։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

