Ինչու է Իրանի գերագույն առաջնորդը դեմ ԱՄՆ-ի հետ համաձայնագրին
ՎերլուծությունԱշխարհով մեկ շարունակում են աղմկել, թե Իրանն ԱՄՆ-ին հաղթեց: Բայց ահա, Թեհրանից եկած փաստերը եւս մեկ անգամ հուշում են, որ Իրանում, մեղմ ասած, այդքան էր ոգեւորված չեն այդ «հաղթանակով»: Ընդ որում, ամենաբարձր մակարդակով:
Այսպես, ժողովրդին ԱՄՆ-ի հետ հռչակագրի կապակցությամբ հղված ուղերձում Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ուղիղ տեքստով ասաց, որ համաձայնագրի հետ կապված` «Սկզբունքորեն ես այլ կարծիք ունեի»։
Բայց այն ընդունել է նախագահ Պեզեշկիանի երաշխիքներից հետո. «Սակայն, հաշվի առնելով այն պարտավորությունը, որը հարգարժան նախագահը, որպես Գերագույն ազգային անվտանգության խորհրդի ղեկավար, ստանձնեց իմ առաջ՝ իր և խորհրդի մյուս անդամների անունից՝ պաշտպանելու Իրանի ժողովրդի և Դիմադրության ճակատի իրավունքները, և ստանձնելով դրա համար անմիջական պատասխանատվություն, ես տվեցի իմ թույլտվությունը»։
Սա միանշանակ ցույց է տալիս` Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին այս համաձայնագրի կողմնակից չէ և ունի այլ դիրքորոշում։ Այն է` համաձայնագիրը իրանական բարեփոխական ճամբարի և Միացյալ Նահանգների միջև պայմանավորվածության արդյունք է։
Նույն կարծիքին են ազգայնական ուղղության շատ պաշտոնյաներ եւ փորձագետներ: Ըստ տեղյակ աղբյուրի. «Փոխըմբռնման հուշագիրը ձախողվեց Ազգային անվտանգության գերագույն խորհրդում քվեարկության առաջին փուլում և ընդունվեց միայն երկրորդ փուլում (ըստ հաղորդումների՝ ընդամենը մոտ 65% մեծամասնությամբ)»:
Ընդ որում, հիմնական խնդիրը դեմ արտահայտվողները համարում են ոչ թե համաձայնագրի բուն տեքստը, որը միանշանակ Իրանի օգտին է, այլ այն հարցը, թե այդ փաստաթուղթը կյանքի կկոչվի՞: Ու շատերը համոզված են, որ այն երկար չի տևի և մոտ ապագայում կխախտվի։
Իսկ այդ դեպքում, ինչպես գրում է հեղինակավոր փորձագետը. «Թող հայտնի լինի, որ եթե Միացյալ Նահանգները խախտի համաձայնագիրը, պարոն Ղալիբաֆը և պարոն Արաքչին անմիջականորեն պատասխանատու կլինեն»։ Ու, թերեւս, այդ ցանկում պետք է ավելացնել նաեւ Պեզեշկիանին, ով անձամբ է պատասխանատվություն ստանձնել Գերագույն առաջնորդի առաջ:
Ավելին, ըստ աղբյուրի. «Այն փաստը, որ Պեզեշկյանը ստորագրել է Փոխըմբռնման հուշագիրը Ղալիբաֆի փոխարեն, ցույց է տալիս, որ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ ցանկանում են խուսափել պատասխանատվությունից, քանի որ հուշագիրը համարվում է անկայուն և քիչ հավանական է, որ այն կիրականացվի: Հակառակ դեպքում, ինչո՞ւ գլխավոր բանակցողը չստորագրեց այն»: Հիշեցնենք. ծրագրված էր, որ փաստաթուղթը պետք է ստորագրեին այսօր Ժնեւում իրանական կողմից` խորհրդարանի ղեկավար Ղալիբաֆը, ԱՄՆ-ի կողմից` փոխնախագահ Վենսը: Բայց դա վերածեցին հեռավար ստորագրության Պեզեշկիանի եւ Թրամփի կողմից, թեեւ պայմանագրի հեռավար ստորագրություն արդեն եղել էր: Այս ամենը եւս հուշում է, որ Ղալիբաֆը հրաժարվել է անձնական պատասխանատվություն ստանձնել, եւ այն իր վրա է վերցրել նախագահը:
Իսկ ինչո՞ւ Գերագույն առաջնորդը զիջեց: Իրանակն աղբյուրը բացատրում է. «Պեզեշկյանը պատերազմի ժամանակ դիմել է Գերագույն առաջնորդին և սպառնացել հրաժարական տալ, եթե չստանա Փոխըմբռնման հուշագիրը ստորագրելու թույլտվություն»: Իսկ նախագահի հրաժարականը պատերազմական վիճակում կարող էր Իրանի համար շատ բարդ լինել: Ուստի, Գերագույնը նման շանտաժին զիջման է գնացել:
Ամեն դեպքում, այս պահի իրողությունն այն է, որ համաձայնագրին դեմ հանդես եկողների մտավախությունենրը սկսել են արդարանալ: Այն է` Իսրայելը ոչ միայն հրաժարվում է կատարել դրա կարեւոր պայմաններից մեկը` Լիբանանից զորքերը հանելը, այլ նաեւ սկսել է պատերազմի սկզբից ի վեր ամենախոշոր հարձակումը: Ու այստեղ խնդիրը միայն Նեթանյահուն չէ. նրան ընդդիմադիր քաղաքական ուժը հայտարարում է, որ ունի Իրանի իշխանությանը տապալելու շատ կոնկտեր ծրագիր: Այնսինքն, Իսրայելում Նեթանյահույին քննադատում են ոչ թե պատերազմ սկսելու, այլ` հաղթանակ տանել չկարողանալու մեջ: Եվ քննադատողները խոստանում են հաղթել:
Ու նորից նույն հարցն է. Թրամփը կարո՞ղ է կամ կցանկանա՞ Իսրայելին վերահսկել: Եթե ոչ, Իրանի հետ համաձայնագիրը կոպեկի արժեք չունի. այն կնետեն աղբամանը հենց այն պաին, երբ ԱՄՆ-Իսրայել կողմը նոր պատերազմի պատրաստ կլինի: Ընդ որում, այդ ընթացքում Իրանը կարող է կորցնել իր ներկայիս հաղթական դիրքերը:
Ընդ որում, պատահական չեն նաեւ Իրանին հաղթող ներկայացնելու քարոզները. թող Թեհրանի գլուխը պտտվի այդ «հաղթանակից», դա նրան կթուլացնի:
Տես նաեւ https://t.me/iravunk/68660

