Լավ լուր, բայց կա՞ ուրախանալու հիմք
Վերլուծություն«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար եւ համանուն կուսակցության համակարգող Նարեկ Կարապետյանը մեծ ոգեւորությամբ հայտարարում է, որ նոր խորհրդարանում իշխող ուժը բավարար մանդատներ չի ունենալու Ալիեւի պահանջած սահմանադրական հանրաքվեն անցկացնելու համար։ Ըստ նրա՝ նույնիսկ ընտրախախտումների, ապօրինությունների եւ ընդդիմության ձայների գողության պայմաններում իշխանությունը չի ստացել այն քաղաքական ռեսուրսը, որը թույլ կտա միանձնյա փոխել Հայաստանի Սահմանադրությունը։
Առաջին հայացքից սա իսկապես կարող է լավ լուր թվալ։ Սակայն նույն Նարեկ Կարապետյանն ընդամենը օրեր առաջ՝ նախընտրական գլխավոր բանավեճի ժամանակ, վստահեցնում էր, որ Նիկոլ Փաշինյանը հաշված օրերի իշխանություն ունի։
«Իզուր եք այս մարդուն այսքան հարց տալիս, նա 3-4 օրից իշխանություն չի լինելու»,– հայտարարում էր նա՝ համոզված ներկայացնելով ընդդիմության անխուսափելի հաղթանակը։ Այսօր, սակայն, նույն գործիչը հանրությանը փաստացի հայտնում է, որ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն պահպանվել է, այլեւ անհրաժեշտ է հաշվել նրա մանդատները եւ գնահատել՝ արդյոք դրանք բավարար են սահմանադրական փոփոխությունների համար, թե՝ ոչ։ Բայց այստեղ մեկ այլ հարց է առաջանում. եթե ընդդիմությունը շարունակում է պնդել, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, ապա արդյոք չի՞ ստացվում, որ այդ արդյունքների հիման վրա ձեւավորված խորհրդարանում մանդատ վերցնելը քաղաքական հակասություն է։
Քաղաքական տրամաբանությունը պարզ է. եթե ընտրությունները կեղծված են, ապա դրանց արդյունքներով ձեւավորված խորհրդարանը լեգիտիմ չէ։ Իսկ եթե խորհրդարանը լեգիտիմ չէ, ապա ինչպե՞ս կարելի է այնտեղ լինել «չճանաչող», բայց միաժամանակ պաշտոնական ընդդիմություն։
Հասկանալի է, որ խորհրդարան մտնելու օգտին կարող են բերվել տարբեր փաստարկներ՝ իշխանության վերահսկողություն, քաղաքական պայքարի շարունակություն, պետական ամբիոնների օգտագործում։ Սակայն այդ դեպքում պետք է ազնվորեն խոստովանել, որ ընտրվել է հենց այդ մարտավարությունը, այլ ոչ թե փորձել միաժամանակ ե՛ւ չճանաչել արդյունքները, ե՛ւ օգտվել դրանցից բխող մանդատներից։
ԱՐԴԱՐԱՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՄՈԶԻՉ ՉԵՆ ՀՆՉՈՒՄ
Այս առումով նախորդ խորհրդարանի փորձը շատ կարեւոր է։ Հիշենք, որ ութերորդ գումարման Ազգային ժողովում ընդդիմադիր դաշինքների շարքերում հայտնվեցին պատգամավորներ, որոնք ժամանակի ընթացքում որդեգրեցին իշխանությանը բավական մոտ դիրքորոշումներ։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի ցուցակով խորհրդարան եկած Գեղամ Նազարյանի օրինակը հաճախ հիշատակվում է հենց այդ համատեքստում։ Այդ պատճառով դժվար է հասկանալ այն անսասան վստահությունը, որով որոշ շրջանակներ խոսում են նոր ընդդիմադիր ցուցակների «անխոցելիության» մասին։ Հատկապես, երբ դրանցում կան մարդիկ, որոնք դեռ ոչ վաղ անցյալում բացահայտորեն աջակցում էին գործող իշխանությանը։
Մյուս կողմից՝ Փաշինյանն էլ առանձնապես հանգիստ լինելու պատճառ չունի։ Նրա քաղաքական թիմը եւս արդեն ունեցել է պատգամավորներ, որոնք ժամանակի ընթացքում հեռացել են իշխանությունից։ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի օրինակները ցույց տվեցին, որ անգամ իշխանական ֆրակցիաներից քաղաքական արտահոսքերը բացառված չեն։
Այս ֆոնին հատկապես հետաքրքիր են ընդդիմադիր հայտարարությունները, թե իշխանությունն իբր չի ցանկանում, որ իրենք վերցնեն մանդատները։ Պատկերը լրացնելու համար շրջանառվում է նաեւ Ռոբերտ Քոչարյանի եւ դաշինքի որոշ ներկայացուցիչների նկատմամբ քրեական հետապնդման գործընթացների թեման՝ ստեղծելով տպավորություն, թե ընդդիմությունը ստիպված է խորհրդարան մտնել։
Բայց քաղաքականության մեջ նման արդարացումները դժվար են համոզիչ հնչում։ Եթե հայտարարել եք, որ ընտրությունները կեղծվել են, ապա պետք է պատրաստ լինեք կրել այդ հայտարարության քաղաքական պատասխանատվությունը։ Եթե հայտարարել եք, որ արդյունքները չեք ընդունում, ապա պետք է բացատրեք, թե ինչու եք ընդունում այդ արդյունքներով ստացած մանդատները։
Քաղաքականությունը մանկապարտեզ չէ։ Այն պահանջում է հստակություն, հետեւողականություն եւ պատասխանատվություն սեփական խոսքի նկատմամբ։ Հարյուր հազարավոր քաղաքացիներ իրենց քվեն տվել են ոչ միայն անձանց, այլ նաեւ գաղափարների, խոստումների եւ քաղաքական դիրքորոշումների համար։ Հետեւաբար, նրանք իրավունք ունեն ստանալու հստակ պատասխան՝ ինչո՞ւ է ընտրվել այս կամ այն ճանապարհը, եւ արդյոք նախընտրական հայտարարությունները շարունակում են ուժի մեջ մնալ ընտրություններից հետո։
Հայաստանի քաղաքական դաշտի գլխավոր խնդիրը վաղուց արդեն ոչ միայն իշխանության, այլեւ ընդդիմության նկատմամբ վստահության ճգնաժամն է։ Իսկ այդ վստահությունը վերականգնվում է ոչ թե հնչեղ հայտարարություններով, այլ խոսքի եւ գործողությունների միջեւ եղած համընկնմամբ։ Հետեւաբար, եթե իսկապես ցանկանում են արժանանալ իրենց ընտրողների հարգանքին, ընդդիմադիր ուժերը պետք է նախեւառաջ ազնիվ լինեն սեփական ընտրազանգվածի հետ։ Քաղաքական պատասխանատվությունը սկսվում է հենց այդտեղից։
ՄԻ՞ԹԵ ԴԵՌ ԱՌՋԵՎՈՒՄ ՈՒՆԵՆՔ ԹՈՒՆԱՎՈՐ 5 ՏԱՐԻՆԵՐ
Իսկ այն, ինչ տեղի է ունենում իր լիազորություններն ավարտող խորհրդարանում, ոչ պակաս ուշագրավ է։ Ազգային ժողովի արտահերթ նիստը երեկ առանձնացավ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի երկար ելույթով, այլեւ այն ակնհայտ հակասությամբ, որն արդեն տարիներ շարունակ ուղեկցում է իշխանության տնտեսական քարոզչությանը։ Կառավարության ղեկավարը հերթական անգամ խոսեց միլիարդավոր ներդրումների, տնտեսական աճի, բյուջետային եկամուտների ավելացման եւ Հայաստանի «աննախադեպ հաջողությունների» մասին։ Լսելով այդ ամենը՝ կարող էր տպավորություն ստեղծվել, թե երկիրը կանգնած է տնտեսական բումի շեմին։ Սակայն հարցը հետեւյալն է՝ եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ քաղաքացին իր առօրյայում չի զգում այդ բարեկեցությունը։
Հատկանշական էր նաեւ Փաշինյանի անդրադարձը սոցիալական ծրագրերին։ Ըստ նրա՝ կենսաթոշակների բարձրացումն ու առողջապահական ապահովագրության նախաձեռնությունները պայմանավորված են տնտեսական հաջողություններով։ Սակայն հասարակության մի զգալի հատվածի համար գլխավոր հարցը մնում է նույնը՝ եթե պետական եկամուտներն այդքան աճել են, ապա ինչո՞ւ է քաղաքացիների վրա հարկային բեռը շարունակաբար մեծանում։
Իշխանությունը շարունակում է ապավինել գեղեցիկ թվերին ու, իհարկե, սպառնալիքներով լի բարձրագոչ հայտարարություններին։ Սակայն քաղաքական փորձը ցույց է տալիս, որ ցանկացած իշխանության համար ամենավտանգավոր պահը գալիս է այն ժամանակ, երբ սեփական քարոզչությունը սկսում է ավելի համոզիչ թվալ, քան իրականությունը։
Փաշինյանի խոսույթը օգտակար է միայն ՔՊ-ին ու իրենց ուղեղի, նախասիրությունների տեր մարդկանց համար: Պատկերացնո՞ւմ եք անհաշվելի խնդիրների մեջ թաղված Հայաստանը վարչապետ է նշանակում մեկին, ով գալու է բոլոր օրենքները խախտելով՝ սրան-նրան բռնի ու նստացնի: Այս իրադարձությունները ակամայից հիշեցնում է 2020թ. նոյեմվերի 9-ին բոլորից թաքուն Արցախը հանձնած Փաշինյանի բունկերից արված լայվերը, երբ վերջինս իմացել էր, որ իր տնից դուխիներ ու ժամեր էին գողացել ու խիստ նեղվել էր, թե բա՝ դուխիներս տարան, ու այս հողի վրա նա ասում էր գալու է քաղաքացու վրեժի ժամանակը:
Ահա, 2026թ.-ն է, ու Փաշինյանի մոտ եկել է վրեժի ծարավը, նորից պետք է մեր խաղաղ համակեցութունը թունավորենք` հետեւելով, թե ինչպես են իրավապահները ոչնչացնում իրենց հանդեպ մնացած հանարային վստահությունը: Ինչպես են խելոք շնիկների նման կատարում ֆաս հրամանը, ինչպես են բորբոքում հանրային կյանքը: Կարճ ասած՝ դեռ առջեւում ունենք թունավոր 5 տարիներ: Ցավոք, այս է իրողությունը ներկայի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

