Ուզում եմ մինչև վերջ ազնիվ լինել. Բացառիկ զրույց. հայտնի իրավապաշտպանը փակագծեր է բացում
Իրավական«Իրավունքը» բացառիկ զրույց է վարել հայտնի փաստաբան, «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար, աղմկահարույց գործերով նախադեպային վճիռների հասած իրավապաշտպան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ.
- Պարոն Բաղդասարյան, բազմաթիվ զանգեր է ստանում «Իրավունքը», այդ թվում, խնդրանքների տեսքով, ըստ որոնց՝ «ԼԵՎ ԳՐՈՒՊ» փաստաբանական գրասենյակն այլևս չի սպասարկում այն անձանց, ովքեր պետական մարմինների, բանկերի կամ հարկադիր կատարողների հետ կապված խնդիրներ ունեն և վտանգի տակ է նրանց միակ բնակարանը կամ բիզնեսը։
- Տևական ժամանակ է, ինչ իմ կողմից ղեկավարվող փաստաբանական գրասենյակներում հարյուրավոր, եթե ոչ հազարավոր քաղաքացիների, հաճախ ամբողջությամբ անվճար կամ խորհրդանշական վճարով, իրավական օգնություն է ցուցաբերվել։ Մեր մասնագետները, սեփական առողջության, ժամանակի և նյարդերի հաշվին, օգտագործելով իրավական ողջ գործիքակազմը, թույլ չեն տվել, որ մարդկանց ձեռքից խլեն նրանց միակ տունը կամ ապրուստի միջոց հանդիսացող բիզնեսը։ Այդ աշխատանքը մեզ վրա դրել է հսկայական ֆինանսական և մարդկային բեռ, ուստի որոշում եմ կայացրել դադարեցնել նման ծառայությունների մատուցումը։
Ուզում եմ մինչև վերջ ազնիվ լինել։ Ես այլևս ցանկություն չունեմ վերականգնելու այն մարդու խախտված իրավունքը, ով ընտրությունների օրը երեսուն արծաթով վաճառեց սեփական իրավունքը, սեփական ձայնն ու սեփական ապագան։ Կան պետական մարմիններ, կա Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտ, կան նաև այն քաղաքական և օլիգարխիկ ուժերը, որոնց օգտին քվեարկել են այդ քաղաքացիները։ Այսուհետ իմ կողմից ղեկավարվող գրասենյակները նման բնույթի ծառայություններ չեն մատուցելու։
_Պարոն Բաղդասարյան, խոսեցիք ընտրությունների օրը քաղաքացիների կողմից սեփական իրավունքը վաճառելու մասին։ Դիմելո՞ւ եք դատարան՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու նպատակով։
_Այո՛։ Այն, ինչ տեղի ունեցավ, ընտրություն չէր։ Վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառման և համատարած ընտրակաշառքի միջոցով ապահովվեց ներկա, նախկին և օլիգարխիկ քաղաքական խմբավորումների ներկայությունը Ազգային ժողովում։ Ես սա դիտարկում եմ ոչ միայն որպես ընտրական իրավունքի խախտում, այլև որպես ազգային անվտանգության հետ կապված լրջագույն խնդիր։
Ընտրական գործընթացի ընթացքում արձանագրված խախտումները, հարուցված բազմաթիվ քրեական վարույթները, ընտրակաշառքի վերաբերյալ հրապարակային տեղեկությունները և վարչական ռեսուրսի կիրառման փաստերն, էական ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա։ Հետևաբար, բարձր դատական ատյանը ոչ միայն իրավունք, այլև պոզիտիվ պարտավորություն ունի իրականացնելու իրական սահմանադրական արդարադատություն։
_Պարոն Բաղդասարյան, հետաքրքիր է, որ Ազգային ժողով անցած բոլոր քաղաքական ուժերն էլ են հայտարարում ,որ ընտրություններն արդար չեն եղել։ Նախկիններն ասում են, որ կիրառվել է վարչական ռեսուրս, իսկ իշխանությունները նշում են համատարած ընտրակաշառքի մասին։
_Երկու կողմն էլ ճիշտ են ասում։ Եվ եթե երկու կողմն էլ ընդունում են, որ ընտրական գործընթացը խաթարված է եղել, ապա արդարադատության և պետական շահի պահանջն է, որ տրվի օբյեկտիվ իրավական գնահատական, նշանակվեն նոր ընտրություններ և բացառվի այն քաղաքական ուժերի մասնակցությունը, որոնց գործողություններն էական ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա։
Արձանագրենք նաև, որ ԴՕԿ կուսակցությունը, իր պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ, այս իրավական գործընթացի ջահակիրն է և պատրաստ է այն հասցնել մինչև վերջ։
_Պարոն Բաղդասարյան, վերջին հարցը վերաբերում է Վարդան Ղուկասյանին։ Ի՞նչ տեղեկություններ ունեք նրա կալանքի պայմանների վերաբերյալ։
_Վարդան Ղուկասյանն արդեն շուրջ մեկուկես տարի վարչական կալանքի անվան տակ պահվում է ԱՄՆ-ի Լաս Վեգասի ներգաղթային կալանավայրում։ Այն, ինչ ներկայացվում է որպես վարչական գործընթաց, վաղուց վերածվել է մարդու հիմնարար իրավունքների սահմանափակման։ Նա երկար ժամանակ զրկված է եղել լիարժեք զբոսանքից, արևի լույսից, արտաքին աշխարհի հետ բնական հաղորդակցությունից և պահվել է անմարդկային ու նվաստացուցիչ պայմաններում, ինչը լրջորեն ազդել է նրա առողջական վիճակի վրա։
Մենք համոզված ենք, որ այս ամենը պարունակում է դաժան և անմարդկային վերաբերմունքի ակնհայտ տարրեր։ Փաստաբանական խուբը դիմել է արդեն միջազգային ,նաև'միջպետական կառույցների պահանջով .անհապաղ դադարեցնել Վարդան Ղուկասյանի իրավունքների խախտումները, ապահովել միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններ և անհապաղ ազատ արձակել անօրինական կալանքից։ Գիտեք,հաղթանակը հեշտ չի տրվում, բայց ոչ ես ,ոչ էլ Վաևդանը ,պարտվող տեսակ չենք։ Մեր ցանկությունը հետևյալն է։ Օրենքի դիկտատուրա,միասնական կառուցել Արևային Հայաստանը,ետ բերել հարկադրավար խլված արժանապատվությունը ,ինչը հնարավոր է բացառապես Միասնական ուժերով ,այլ ոչ թե սև սպիտակի քաղաքականությամբ կամ երեսուն արծաթով ընտրողի իրավունքն առնել ծախելով։

