Այս աստիճան գեղցի «կապիտալիստներ» աշխարհը դեռ չի տեսել․ Աբրահամյան
ՆերքաղաքականԽորհրդարան անցած ընդդիմությունը մեկ հայտարարում է, թե իրենց սադրում են, որ դուրս գան փողոցային պայքարի, մեկ իրենք են հայտարարում, որ պայքարելու են փողոցով: Ի վերջո, ի՞նչ է ուզում ընդդիմությունը, «Իրավունք»-ը պարզել է քաղաքագետ-միջազգայնագետ, անկախ վերլուծաբան ԱՆՆԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ տեսակետը։
— Մեր ընդդիմությանը, այսպիսի առեւտրային հոգեբանությամբ փակ դռների հետեւում գործարքներով ու ժողովրդից ստացած ձայնի հաշվին նախ` սեփական նեղ անձնական խնդիրների լուծման դիտանկյունից ու ոչ լեգիտիմ իշխանության հետ բանակցություններ տանող կարգավիճակում, շատ դժվար է ընդդիմություն անվանելը: Թայֆայական կարգավիճակից բարձր` պետականամետ ուղղվածությամբ եւ ըստ այդմ, սեփական ժողովրդի ուժի վրա ապավինելու, դրսեւորումների փոխարեն, անընդհատ հասարակությանը վերաբերում են որպես, ասած Քոչարյանի` «իմ քաղաքական կապիտալ»: Այս աստիճան գեղցի «կապիտալիստներ» աշխարհը դեռ չի տեսել: Նույնիսկ Աֆրիկայի երկրներում այլեւս սրանցից չեք կարող գտնել; Բայց դե, մերն ուրիշ է:
Ուրեմն, այս «շուստրիները», հերիք չի հավուր պատշաճի վերահաշվարկ չեն պահանջում ու չեն պայքարում, այլ, ինչպես տեսանք հունիսի 8-ի դատարկ փողոցներում եւ հունիսի 14-ին ԿԸՀ–ի դիմաց հավաքված ժողովրդին տուն ուղարկող առաջին «ֆանարիկ փարթիի» ժամանակ, չեն էլ պատրաստվում պայքարել հանուն վերահաշվարկի, բացահայտել վերջապես ո՞վ ու ի՞նչ պայմանավորվածությամբ խլեց ԲՀԿ-ի ձայները, բացահայտել ու հայտարարել իրական թվերը, այլ դեռ իրենց ամենաառաջնագծային իրեքմանեթնոց լացողներին ուղարկեց ստուդիաներ` մանդատ վերցնել-չվերցնելու ու փողոցային պայքարի «անհնարինության» մասին արդեն իսկ 5 տարի մեր ականջներին լապշա դարձած հին երգերը նոր ձեւով երգելու: Ու երբ մարդիկ սկսեցին գոռալ, որ մանդատ չի կարելի վերցնել, սկսեցին մուննաթ գալ, թե բա ո՞վ է ասել, որ մանդատի կռիվ ենք տալիս, դեռ չգիտենք` ինչ ենք անելու:
Հատկապես զավեշտալի են «Ուժեղ Հայաստանի» ՔՊ-ական ծագման աղջնակները, ովքեր երեք տարի ֆանարիկ ցույցերին պաթոսային ճառերը վճռական պայքարի կրեշչենդո համարելով` ստուդիաներից մուննաթ են գալիս ժողովրդի վրա, թե բա մեզ մի սադրեք փողոց դուրս գանք: Մինչ այդ, հինգ տարի շարունակ ոչինչ չանելով, ընթացքում Արցախ հանձնելով` մարդկանց սադրելով բերեցին այս ոչ լեգիտիմ հանցագործի հետ ընտրությունների, հիմա էլ թե բա՝ մի՛ սադրեք, թողեք աշխատենք: Մեծամիտ, ժողովրդի վրա «վերեւից իջնող», հաթաթա տվող ու մուննաթային բառապաշարով` նրանք այսպիսով իրենց կուսակցատերերի կամքն են իրականացնում, սսկացնել ժողովրդին ու տունը նստացնել, քանի իրենք թունդ առեւտրի մեջ են իրար հետ ու ոչ լեգիտիմի հետ:
Այսինքն` ընդդիմությունն ինքը միասնական չէ: Որպես այդպիսին, մատը մատին չի տվել նախընտրական փուլում փողոցային պայքարի ընդհանուր ծրագիր պատրաստելու ուղղությամբ: Նրանցից ոչ ոք չի հասկացել` ինչ ասել է «Մոլդովական սցենար» ու հանուն մարդկանց տված ձայների պաշտպանության վճռական հարված հասցնելու ծրագրի անհրաժեշտության մասին մտքի ծայրով անգամ չի մտածել: Մի կողմից անկեղծ ու բացահայտող է Սամվել Կարապետյանի «մեզ խաբել են»-ը, բայց մյուս կողմից նրա խոսքում բացակայում է «ինչ անել, երբ քեզ խաբում են»-ը, ինչը, մեղմ ասած, շատ տարօրինակ է հաջողակ, ինքնաբավ, առաջադեմ բիզնեսմենի դեպքում: Չէ՞ որ բիզնեսում ոչ ոք թույլ չի տա իրեն այսպես խաբեն, խաբելու դեպքում էլ խաբողին այնպես ….., որ «հիշեն հոր հարսանիք»: Մինչ այս պահը, իշխանություն ու ընդդիմություն զբաղված են ժողովրդին պարտված անվանելով այնպես, որ ժողովուրդն է «հիշում հոր հարսանիք»: Իրենց բոլորին թվում է, որ իրար մեջ պայմանավորվածությամբ խմբիշխանությամբ ժողովրդին անկյուն են խցկելու, թուրքերին անխոչընդոտ ներս թողնեն Հայաստան ու մնան անպատիժ:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

