«Թրամփի ուղին» Թրամփի համար հետաքրքրություն ներկայացնո՞ւմ է
ՎերլուծությունԸնդհանրական իմաստով Թրամփի համար հիմնական խնդիրն այլ ուղղությամբ է (Տե՛ս նաեւ https://iravunk.com/?p=342904&l=am): Ներկա իրավիճակում պետք է շարունակի ԱՄՆ հեգեմոնիան առաջ տանելու փորձե՞րը, թե՞ գնալ Պեկինի եւ Մոսկվայի հետ հստակ պայմանավորվածությունների: Այն, որ Իրանի հետ «գործարքը» առանց Մոսկվայի եւ Պեկինի մասնակցության դժվար թե առաջ գնար, հասկանալի է: Առավել եւս, որ ընդհուպ վերջին պահին, երբ Իրանը պատրաստվում էր հարվածել Իսրայելին, Թրամփը Պուտինի հետ մոտ մեկժամանոց հեռախոսազրույցի ժամանակ գտավ, որից հետո միայն Իրանը համաձայնվեց նոր պայմաններով հարված չհասցնել: Սա արդեն ակնարկ է, որ Մոսկվայի եւ Պեկինի հետ համաձայնության գոնե նախնական ծրագրեր Թրամփի մոտ կան: Ընդ որում, այդ մասին է ակնարկում մեկ այլ հանգամանք եւս:
Թրամփի մասնակցությամբ մեկնարկեց G7 գագաթնաժողովը, որը տեղի է ունենում հունիսի 15-17-ը Ֆրանսիայի Էվիան քաղաքում: Հրավիրվածների թվում է Զելենսկին, եւ եթե անակնկալներ չլինեն, Թրամփը նրա հետ կհանդիպի այսօր: Ինչպես սպասվում է, այդ հանդիպման հիմնական առանցքն է դառնալու ռուս-ուկրաինական պատերազմի թեման: Թրամփը, ըստ որոշ աղբյուրների, կակտիվացնի իր առաջ քաշած լուծման տարբերակը` Ալյասկայում Պուտինի հետ պայմանավորվածությունների հիման վրա ձեռք բերված։ «Թրամփը պետք է հատուցի այն օգնության համար, որը Իրանի հարցով ստացավ Մոսկվայից»,- բազմանշանակ ակնարկում է աղբյուրներից մեկը:
Նախ, եթե Թրամփը Իրանի հետ ունեցած առաջընթացից հետո, նաեւ կարողանա ուկրաինական թեման տանել հանգուցալուծման, դա նրան բավականին լուրջ վարկանիշային թռիչք է խոստանում` աշնանը սպասվող Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների շեմին: Իրանական միջուկային թեմայի լուծող, ուկրաինական ծանր հակամարտության կարգավորող. վատ գովազդ չէ:
Այս տեսանկյունից, բնական էր, որ նախօրեին կայացած Թրամփի եւ Պուտինի հեռախոսազրույցում հիմնական թեմաներն էին իրանական եւ ուկրաինական հարցերը: Բացի այդ, ըստ այդ հեռախոսազրույցի մասին պաշտոնական հաղորդման, ամենամոտ ժամանակներս Մոսկվա են մեկնելու Ուիտկոֆ–Քուշներ զույգը, որը եւս ակնարկ է, որ մոտ ժամանակներս բանակցային գործընթացն իր նախկին ձեւաչափով եւ ուղղվածություններով կվերադառնա առաջնային օրակարգ:
Մյուս կողմից, կան տեղեկություններ, որ Բրիտանիա–Ֆրանսիա–Գերմանիա եռյակը կփորձի իր հերթին բանակցել Թրամփի հետ` համոզելով վերադառնալ ԱՄՆ–ի երբեմնի կուրսին: Այդ թվում` շարունակել Ուկրաինային անվերապահ աջակցությունը, Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներն էլ ավելի խորացնել եւ առաջնորդվել Եվրոպայի առաջ քաշած «խաղաղության պայմանագրով»: Բայց ասել, թե այդ հորդորները կարող են ազդել Թրամփի վրա, այս պահին հիմքեր պարզապես չկան:
Շատ ավելի հավանական է, որ նա կվերադառնա այն ճնշումային կուրսին, որի հիմքերը դրել էր դեռ մինչեւ իրանական պատերազմը, եւ որն իրեն զգացնել տվեց նաեւ պատերազմի ընթացքում` կոռուպցիոն սկանդալի եւ Զելենսկու «գորշ կարդինալ» Երմակին մեղադրանքներ ներկայացնելու տեսքով: Բոլորն են հասկանում, որ այդ մեղադրանքների հաջորդ փուլը Զելենսկուն կոռուպցիայի մեջ մեղադրելն է, եւ հենց այդ դիրքով էլ գործընթացը կանգ առավ` Իրանի հետ այս թեժ բանակցությունների պատճառով:
Ընդ որում, նաեւ հիշեցնենք, որ օրերս Ուիտկոֆ–Քուշներ զույգի հետ բանակցություններում ՌԴ նախագահի ներկայացուցիչ Դմիտրիեւը հայտարարեց Ալյասկայից` Ռուսաստանի թունելի կառուցման հարցում ԱՄՆ–ի հետ պայմանավորվածությունների մասին: Իսկ սա թափանցիկ ակնարկ էր, որ այն տնտեսական ծրագրերը, որոնց մասին Պուտինն ու Թրամփը ձեռք էին բերել պայմանավորվածություններ Ալյասկայում անցած տարվա հանդիպմանը, դեռ ուժը կորցրած չեն, եւ գալիս է դրանք ընթացքի մեջ դնելու փուլը: Իսկ այն, որ այդ ամենի հիմքերից մեկն էլ Ուկրաինայում խաղաղություն հաստատելն էր, դա եւս հայտնի փաստ է:
Այսպիսով, եթե ռուս–ամերիկյան հարաբերությունները վերադառնան Ալյասկայի պայմանավորվածությունների դաշտ, ապա այս իրավիճակում նոր հարցեր են առաջանում նաեւ հարավկովկասյան ուղղությամբ ԱՄՆ–ի ծրագրերի, այդ թվում` «Թրամփի ուղու» հետ կապված: Առավել եւս, որ եթե ԱՄՆ–ն հասնում է Իրանի հետ պայմանավորվածությունների, ապա առաջ է գալիս հին հարցականը` իսկ այդ ուղին առհասարակ պե՞տք է Թրամփին, թե՞ շատ ավելի նախընտրելի կհամարի հյուսիսային երթուղիները` Սառուցյալ օվկիանոսի գոտով:
Այս ֆոնին նաեւ նկատենք, որ ԱՄՆ–Իրան փաստաթղթում կա նաեւ նման դրույթ` «ԱՄՆ զորքերի դուրսբերում Իրանին մոտ գտնվող շրջաններից»: Իսկ այն, որ «Թրամփի ուղու» ապագա երթուղին ոչ թե պարզապես «Իրանին մոտ» է, այլ բառացիորեն Իրանի սահմանով է անցնելու, պետք է որ այդ դրույթի ազդեցության տակ լինի: Նաեւ հաշվի առնելով, որ այդ միջանցքն Իրանի «ամենակարմիր գծերի» թվում է:
Մի խոսքով, թեեւ Ալիեւը Թրամփի ծննդյան օրվա հետ կապված շնորհավորանքում ջերմեռանդ խոսքեր էր գրել «Թրամփի ուղու» մասին, իսկ Նիկոլը դրա հետ մի ամբողջ ապագա է կապել, սակայն այդ ծրագիրն աչքի առաջ նորից դառնում է մշուշոտ:
Ամեն դեպքում, եթե սկսում է իրատեսական դառնալ ինչպես Իրանի, այնպես էլ Ուկրաինայի շուրջ խաղաղության հեռանկարը, ապա դա արդեն իսկ ենթադրում է նաեւ մեր տարածաշրջանում իրողությունների կտրուկ փոփոխության հեռանկարի ազդակ: Չնայած, դեռ տեսնենք, թե Իրանի եւ ԱՄՆ–ի միջեւ համաձայնագիրն այս ուրբաթ էլեկտրոնային ստորագրությունից այն կողմ կանցնի՞:
Տե՛ս նաեւ https://t.me/iravunk/68553

