Բա ո՞վ է արգելել նրա ելքը. ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքԾայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԻ հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ։ Այդ շարքում ամենաուշագրավն այն է, որ ՀՀ Զինված ուժերի հոգեւոր առաջնորդ Տ. Մովսես վարդապետ Սագսյանը ծառայության է նշանակվել Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի հայոց թեմում։ Այս հանգամանքը զարմանալի է նախ նրանով, որ, փաստորեն, ինչպես ցաքուցրիվ եղավ Արցախի թեմը, նույն ճակատագրին էլ արժանանում է ԶՈւ հոգեւոր առաջնորդությունը: Եվ այս առումով օրվա իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հասավ իր ուզածին: Ստացվում է՝ իշխանությունը հոգեւորականների մուտքը փակում է այս կամ այն հաստատություն, դրան հետեւում են մի քանի մտահոգիչ հայտարարություններ ու համակերպվում են իրողության հետ՝ հոգեւորականներին բաշխելով այլ թեմերում: Բայց երկրորդ խիստ տարօրինակ հանգամանքն այն է, թե ինչու Անգլիա: Հայր Մովսեսն ամենաուղիղ կապն է ունեցել Հայոց բանակի հետ, ինչո՞ւ նա, ինչպես եւ ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը, պետք է գտնվեն Մեծ Բրիտանիայի գաղտնի արտաքին հետախուզության ծառայության՝ ՄԻ-6-ի համակ ուշադրության ներքո:
Պակաս զարմանալի չէ այն, ինչ կատարվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակարգող ՆԱՐԵԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ շուրջ։ Պարզվում է՝ նրա ելքն արգելող որոշում քննչական մարմինները չեն կայացրել։ Համենայնդեպս, այդ մասին են վկայում լրատվամիջոցներից մեկի հարցմանն ի պատասխան քննչական մարմինների պատասխանները։ Հիշեցնենք` Նարեկ Կարապետյանին օրեր առաջ թույլ չեն տվել հատել հայ-վրացական սահմանը։ Վերջինս հայտնել էր, որ մտադիր էր մեկնել Լարս՝ տեղում ծագած խնդիրները լուսաբանելու եւ ներկայացնելու։ ՔԿ-ից պնդում են, թե իրենց մասով որեւէ սահմանափակում չկա։ Համանման պատասխան է ստացվել նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեից։ Հարց է ծագում՝ բա ո՞վ է արգելել նրա ելքը կամ ուրիշ հարմար կադր չունե՞ր «Ուժեղ Հայաստան»-ը, քան հենց Նարեկ Կարապետյանին գործուղելը՝ Լարսում իրավիճակը լուսաբանելու։
Երեւանի ընտրական կրքերը, քաղաքական փոխհրաձգություններն ու ամենօրյա սկանդալներն այնպես էին կլանել հանրային ուշադրությունը, որ գրեթե աննկատ եկավ ու գնաց համաշխարհային ֆուտբոլի աստղ ՌՈՆԱԼԴԻՆՅՈՆ։ Բայց հարցը միայն նրա գալը չէ։ Հետաքրքիր է՝ իսկ ինչո՞ւ հենց Ռոնալդինյոն։ Մի՞թե աշխարհում այլ հայտնի դեմքեր չկային հրավիրելու։ Թե՞ պատահականորեն ընտրությունը կանգ առավ հենց այն մարդու վրա, որը 44-օրյա պատերազմի օրերին հրապարակային աջակցություն էր հայտնում Ադրբեջանին, եւ որի խոսքերն ադրբեջանական քարոզչամեքենան ակտիվորեն օգտագործում էր սեփական նպատակների համար։ Համաձայնեք, երբ Հայաստան է հրավիրվում մի մարդ, որի անունը շատերի հիշողության մեջ կապված է նաեւ Ադրբեջանի օգտին հնչեցված հայտարարությունների հետ, գոնե տարակուսելու տեղ կա։ Բայց ինչպես երեւում է, մեզ մոտ նման հարցեր տալն արդեն վաղուց նորաձեւ չէ։ Ավելի հեշտ է հերթական անգամ ձեւացնել, թե ոչինչ չի եղել, եւ սահմանափակվել հիացական արձագանքներով: Ի դեպ, շատերի ուշադրությունից վրիպեց նաեւ, թե իրականում ինչու էր Ռոնալդինյոն եկել Հայաստան։ Ֆուտբոլային որեւէ ծրագրի, մանկապատանեկան ակադեմիայի կամ բարեգործական նախաձեռնության մասին խոսք չկար։ Բրազիլացի աստղը Երեւան էր ժամանել iGaming եւ affiliate marketing ոլորտներին նվիրված միջազգային համաժողովի շրջանակում՝ որպես ոլորտի խոշոր ընկերություններից մեկի գովազդային դեմք։ Եվ այստեղ արդեն առաջանում է մեկ այլ հարց՝ ինչո՞ւ էին կազմակերպիչներն ու հրավիրողները կանգ առել հենց նրա թեկնածության վրա։
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

