Փողոցո՞վ, թե՞ մանդատով

Վերլուծություն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջնականապես ամփոփեց հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները. նոր Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիրն» ունենալու է 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»` 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 պատգամավոր։

Սակայն արդյունքների հրապարակումից հետո ստեղծվել է քաղաքական մի իրավիճակ, որը, թերեւս, աննախադեպ է Հայաստանի նորագույն պատմության մեջ։ Իշխանությունը հայտարարում է, որ խորհրդարան անցած ընդդիմությունը լեգիտիմ չէ, քանի որ, ըստ իրենց պնդումների, ընտրվել է ընտրակաշառքի, ապօրինի ֆինանսական ազդեցության եւ տարբեր խախտումների միջոցով։ Մյուս կողմից՝ ընդդիմությունն է հայտարարում, որ իշխանությունը լեգիտիմ չէ, քանի որ ընտրություններն ուղեկցվել են վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառմամբ, քաղաքական հետապնդումներով, ձերբակալություններով, տեղեկատվական տեռորով եւ ընտրակեղծիքներով։

Ստացվում է բավականին հետաքրքիր պատկեր. իշխանությունն ասում է՝ ընդդիմությունը լեգիտիմ չէ, ընդդիմությունն ասում է՝ իշխանությունը լեգիտիմ չէ։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ գուցե քաղաքական կոնսենսուսի՞ են եկել, որ այս խորհրդարանն ընդհանրապես լեգիտիմ չէ։ Բայց այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը։

Ընտրություններին մասնակցած վեց քաղաքական ուժ («Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք, «Հայաստան» կուսակցությունների դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն, «Ազգային ժողովրդավարական բեւեռ» կուսակցություն) հունիսի 14-ին հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որտեղ երկար-բարակ թվարկեցին վարչական ռեսուրսի կիրառման, քաղաքական հետապնդումների, ընդդիմադիր շտաբների աշխատանքի խոչընդոտման, մեդիա ռեսուրսների չարաշահման եւ ձայների հաշվարկի ընթացքում տեղի ունեցած խախտումների մասին։

Այդ ամենից հետո, սակայն, հայտարարության եզրափակիչ հատվածում հանրությանը մատուցվեց հերթական շաբլոն քաղաքական տեքստը, որի հիմնական իմաստը հետեւյալն էր. «կշարունակենք գործել Սահմանադրության, օրենքների եւ ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում»։ Իսկ հետո՞։ Ի՞նչ են պատրաստվում անել։

Եթե ընտրությունները, իրենց իսկ գնահատմամբ, կեղծվել են, եթե ժողովրդի կամքը յուրացվել է, եթե իշխանությունը վերարտադրվել է վարչական մեքենայի եւ ճնշումների միջոցով, ապա քաղաքական հետեւանքը ո՞րն է։ Այդ մասին հայտարարության մեջ չկա ոչ մի խոսք։

Հետեւաբար, որքան էլ ծանր հնչի, վեց ուժերի համատեղ հայտարարությունը փաստացի ոչինչի մասին փաստաթուղթ է։ Այն արձանագրում է խնդիրները, բայց չի առաջարկում լուծումներ։ Այն նկարագրում է իրավիճակը, բայց չի ներկայացնում գործողությունների ծրագիր։ Այն փորձում է ստեղծել պայքարի տպավորություն՝ առանց պայքարի բովանդակության։

ՀՍՏԱԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

Բոլորովին այլ տրամաբանությամբ էր կառուցված Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հունիսի 15-ի հայտարարությունը։

Հանրապետականները ոչ միայն արձանագրեցին ընտրական գործընթացի վերաբերյալ իրենց գնահատականը, այլ նաեւ քաղաքական հստակ հետեւություն ձեւակերպեցին՝ հայտարարելով, որ «հունիսի 7-ին Հայաստանում ընտրություններ չեն կայացել, այլ տեղի է ունեցել ընտրակեղծիք»։

Առանձնապես ուշագրավ է այն շեշտադրումը, որ կուսակցությունը դեռ ընտրություններից առաջ էր հայտարարել՝ չի մասնակցելու մի գործընթացի, որի արդյունքը կանխորոշված է վարչական մեքենայի եւ իշխանական ռեսուրսի կիրառմամբ։ Այսինքն՝ հետընտրական գնահատականը ներկայացվում է որպես նախապես արտահայտված քաղաքական դիրքորոշման տրամաբանական շարունակություն, այլ ոչ թե պարտությունից հետո ծնված արդարացում։

Հատկանշական է նաեւ Հանրապետականի այն միտքը, որ եթե ընտրությունների արդյունքները չեն արտահայտում ժողովրդի իրական կամքը, ապա դրանց հիման վրա ձեւավորվող խորհրդարանը չի կարող համարվել լիարժեք լեգիտիմ ներկայացուցչական մարմին։

Սա արդեն քաղաքական դիրքորոշում է, այլ ոչ հերթական ընդհանուր ձեւակերպումների հավաքածու։

ԵԹԵ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԵՂԾՎԵԼ ԷՐ, ԻՆՉՈ՞Ւ ԳՆԱՑԻՔ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

Այսօր ընդդիմադիր դաշտի հիմնական խնդիրը ոչ թե իշխանությանը համոզելն է, այլ սեփական ընտրողին բացատրելը։ Մի՞թե ակնհայտ չէր, որ Նիկոլ Փաշինյանի հետ ընտրության գնալը նման արդյունք է ունենալու։ Մի՞թե այդ մասին չէր խոսվում ամիսներ շարունակ։ Մի՞թե ընդդիմության միջազգային խորհրդատուները չէին կանխատեսել այն բոլոր ռիսկերը, որոնց մասին հիմա խոսում են ընտրություններից հետո։ Եթե կանխատեսել էին, ապա ինչո՞ւ մասնակցեցին։ Եթե չէին կանխատեսել, ապա ինչի՞ համար էին այդ խորհրդատուները։

Հենց այստեղ է, որ ընդդիմությունը հայտնվում է ծանր քաղաքական հակասության մեջ։ Մի կողմից հայտարարում է, որ ընտրությունները կեղծվել են, մյուս կողմից պատրաստվում է վերցնել մանդատները եւ մտնել խորհրդարան։ Հանրությունն էլ տրամաբանական հարց է տալիս. եթե ընտրությունները կեղծվել են, ապա ինչո՞ւ եք գնում այդ ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարան։ Իսկ եթե գնում եք, ապա ինչպե՞ս եք համոզելու մարդկանց, որ ձեր իսկ խոսքով «կեղծված» համակարգը հանկարծ դարձել է ընդունելի։

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները դժգոհում են, թե իրենց սադրում են փողոցային պայքարի։ Բայց այստեղ էլ կա քաղաքական հակասություն։ Նույն քաղաքական ուժերը մեկ հայտարարում են, որ չեն պատրաստվում գնալ փողոցային պայքարի, հաջորդ օրը հայտարարում են, որ պայքարի բոլոր ձեւերը բաց են։ Ի վերջո, ի՞նչ են ուզում։

Եթե փողոցային պայքար չի լինելու, ապա ազնիվ ասեք՝ գնում եք խորհրդարան։ Եթե փողոցային պայքար է լինելու, ապա ներկայացրեք ծրագիրը։ Իսկ եթե չկա ո՛չ պայքարի ծրագիր, ո՛չ մանդատներից հրաժարվելու որոշում, ապա ստացվում է, որ հանրությանը պարզապես պահում են անորոշության մեջ։ Իշխանությունն, ի դեպ, ամենաշատը հենց սա է ուզում։ Որպեսզի ընդդիմությունը մտնի Ազգային ժողով եւ իր ներկայությամբ լեգիտիմացնի այն համակարգը, որի մասին երեկ ասում էր, թե կեղծված է։

ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ

Այս ֆոնին առանձնահատուկ հարցեր են առաջանում նաեւ ընդդիմության առաջնորդների վարքագծի շուրջ։

Ընտրություններից անմիջապես հետո հանրությունը տեսնում է, որ ընդդիմության առանցքային դեմքերից ոմանք զբաղված են այլ գործերով, ծրագրում են արտասահմանյան ուղեւորություններ կամ ներքաղաքական ճգնաժամի պահին չեն ցուցաբերում այն ակտիվությունը, որը խոստանում էին նախընտրական շրջանում։

Բայց չէ՞ որ հենց նրանք էին ասում, որ Նիկոլ Փաշինյանը չի վերարտադրվելու։ Չէ՞ որ հենց նրանք էին հայտարարում վճռական պայքարի մասին։ Եթե իրավիճակն իսկապես այնքան աղետալի է, որքան նկարագրում են իրենց հայտարարություններում, ապա ինչո՞ւ պայքարի առաջին գծում չեն երեւում այդ նույն առաջնորդները, օրինակ` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Իսկ եթե պայքար չի լինելու, ապա հասարակությունն իրավունք ունի ենթադրելու, որ ամեն ինչ վաղուց կանխորոշված էր, եւ այժմ պարզապես անհրաժեշտ է ընտրողին համոզել, թե «ամեն ինչ արվեց, բայց չստացվեց»։

Մինչդեռ Մոսկվայից առկա արձագանքները բավական խոսուն են։ ՏԱՍՍ-ի հետ զրույցում ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին,  այն բնութագրել է որպես դժվար։

«Հասկանալի է, որ ընտրությունները հեշտ չէին, այսպես ասած, արդյունքները հարաբերական են եւ որոշակի իմաստով կասկածելի», - նշել է Նարիշկինը։ Փաստացի, հայաստանյան ընդդիմությունը մինչ զգույշ քայլեր է փորձում անել, Ռուսաստանից ուղիղ ակնարկում են, որ անգամ իրենք կարող է այս ընտրությունները լեգիտիմ չհամարեն։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՀՈՒՅՍԸ

Առանձին ծիծաղելի է այն թեզը, թե իրավիճակը կարող է փոխվել Սահմանադրական դատարանի միջոցով։

Քաղաքականապես դժվար է պատկերացնել, թե ընդդիմադիր ընտրողը որքան պետք է հավատա այդ սցենարին, որպեսզի կարծի, թե հենց Սահմանադրական դատարանն է վերականգնելու իր պատկերացրած արդարությունը։ Հատկապես այն պայմաններում, երբ նույն ընդդիմությունը տարիներ շարունակ պնդել է, որ պետական ինստիտուտները գտնվում են իշխանության ազդեցության ներքո։

Այս ամենի արդյունքում առաջանում է ավելի խորքային հարց։ Գուցե ժամանակն է, որ 2018-ին եւ 2021-ին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմացրած, տարբեր փուլերում նրա հետ համագործակցած կամ նրա քաղաքական օրակարգին ծառայած դեմքերը վերջապես պատասխանատվություն կրեն իրենց սխալների համար։ Գուցե ժամանակն է, որ նրանք ներողություն խնդրեն հանրությունից եւ մի կողմ քաշվեն։ Գուցե պայքարի ղեկավարումը պետք է ստանձնեն այն մարդիկ, որոնք երեք անգամ նույն սխալը չեն կրկնել, չեն խաբվել կամ չեն համագործակցել այս իշխանության հետ։ Որովհետեւ եթե նույն մարդիկ նույն մեթոդներով երրորդ անգամ ստանում են նույն արդյունքը, ապա հարցը միայն իշխանության մեջ չէ։ Հարցը նաեւ ընդդիմության քաղաքական որակի, հաշվարկների եւ նպատակների մեջ է։

Եվ հենց այստեղ է այսօր հայկական քաղաքականության գլխավոր ինտրիգը։ Ոչ թե այն, թե Նիկոլ Փաշինյանն ինչպես պահեց իշխանությունը։ Այլ այն, թե ընդդիմությունն այս անգամ իսկապե՞ս պատրաստվում է պայքարել, թե հերթական անգամ կբավարարվի մանդատներով, հայտարարություններով եւ պարտության հերթական բացատրություններով։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում