ՇՏԱՊ. Որդուս կյանքը վտանգված է. Միհրան Մովսիսյան
ՔրեականՄամուլում տարածված լուրերին համաձայն` հունիսի 14-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները դիմակավորված «գրոհել» են բանտի 7-րդ մասնաշենքի 12-րդ խուցը։ Դիմակավորված իրավապահների գործողությունների մասին ահազանգել է Ազատամարտիկների եւ վետերանների միության նախագահ, պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Միհրան Մովսիսյանի որդին՝ Ռոբերտ Մովսիսյանը, որը գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Ինչ է տեղի ունեցել իրականում, «Իրավունք»-ը մանրամասներ է պարզել ՄԻՀՐԱՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՑ:
— Մամուլում լուրեր տարածվեցին, որ օրեր առաջ դիմակավորված անձինք մտել են «Նուբարաշենք» ՔԿՀ-ի բանտախուցերից մեկը, որտեղ եղել է նաեւ Ձեր որդին՝ Ռոբերտ Մովսիսյանը, եւ խուզարկություն են կատարել, որի արդյունքում եղել է վիճաբանություն։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
— Այո, ամսի 14-ին՝ կիրակի օրը` առավոտյան ժամը 07:30-ի կողմերը, տասից ավելի քաղաքացիական համազգեստով մարդիկ մտնում են բանտախուց, որտեղ արդեն 7-րդ տարին է իմ որդին ազատազրկման մեջ է գտնվում: Սիրուն նկարահանում են խուցը, թե ինչ կարգավիճակում է ու նկարահանումից հետո՝ տալիս, ջարդում են, ինչ կա չկա՝ սկսած սնունդից ավարտած ամեն ինչով:
Ասեմ, որ որեւէ ապօրինի բան չեն հայտնաբերել: Ու սա արվում է նսեմացնելով, աղմուկ բարձրացնելով, որպեսզի իմ որդուն՝ Ռոբերտ Մովսյանին, ստորացնեն եւ ցույց տան աշխարհով մեկ կամ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվողներին, թե՝ տեսեք, մենք ինչպես ենք վերաբերվում դատապարտյալներին։ Նրանք, ստացվում է, դատապարտյալի հետ որպես սեփական իրի են վերաբերվում։
Ես ստիպված դիմել եմ Մարդու իրավունքների պաշտպանին, դիմել եմ Քրեակատարողական հիմնարկության ղեկավար կազմին՝ թեժ գծերով, որպեսզի կատարվածի վերաբերյալ համապատասխան միջոցներ ձեռնարկեն: Պատասխանատվության ենթարկվեն նրանք, ովքեր ապօրինի քայլերի են դիմում, բայց ամենակարեւորը՝ նկարահանում են իրենց կատարածը՝ ավերված բանտախուցը:
— Պարոն Մովսիսյան, ի՞նչ եք կարծում՝ սա պատահականությո՞ւն է, թե՞ պատվեր՝ կոնկրետ անձի թիրախավորմամբ:
— Գուցեեւ պատվեր են կատարում, ինչ-որ մի չինովնիկի: Չգիտեմ, դեռեւս պարզ չէ, բայց դա շատ կարճ ժամանակվա ընթացքում մենք կպարզենք, որովհետեւ արդեն ես գիտեմ` ովքեր են այդ խուզարկությանը մասնակցել: Մեղայականով կներկայանան այնտեղ, ուր որ պետք է։
— Իսկ քաղաքական աստառ տեսնո՞ւմ եք այս ամենի մեջ:
— Այսպես ասեմ, 7 տարվա ընթացքում ես աշխատել եմ քաղաքական աստառ չտալ, քանի որ Դուք ինքներդ գիտեք, թե ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում: Ուղղակի, խուսափել եմ քաղաքական աստառ տալ, բայց սա ոչ միայն քաղաքական է, այլ նաեւ ռուսերեն ասեմ՝ «բեսպրիդել» մոտեցում է իմ որդու նկատմամբ։
Ես ամեն օր անհանգիստ եմ, քանի որ մտավախություն ունեմ, որ նրա կյանքը վտանգի է ենթարկված։ Տղաս ոչ թե «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պետք է գտնվեր եւ այս անազատության ժամկետը անցկացներ, այլ «Վարդաշեն» ՔԿՀ-ում, որովհետեւ նախկինում աշխատել է քրեակատարողական հիմնարկ ձեռնարկությունում՝ որպես օպեր: Ըստ օրենքի` նա պարտադիր պետք է իր ժամանակահատվածը անցկացնել «Վարդաշեն»-ում, արդեն 2-րդ անգամ «Վարդաշեն»-ից տեղափոխում են «Նուբարաշեն»: Ու ես սա համարում եմ պատժի ինչ-որ մի խոշտանգման ձեւ։ Արհեստականորեն ստեղծում են մթնոլորտ, որպեսզի նրան ճնշեն հոգեբանորեն։ Չեմ ասում ֆիզիկական, որովհետեւ ֆիզիկականը ուշ թե շուտ պատասխան կտան, բայց սրա համար էլ օրենքի առջեւ պետք է պատասխան տան, քանի որ սրանք անօրինական միջոցներ են, որոնք ձեռնարկվում են որդուս նկատմամբ։
— Հիմա Ձեր որդու առողջական վիճակն ինչպե՞ս է։
— Ռոբերտը հիմա ինքը բժշկի հսկողության տակ պետք է լինի, բայց խցում է: Բժիշկները գալիս-գնում են նրա մոտ, բայց ինքը, որ «Վարդաշեն»-ում էր, անմիջական բժիշկի հսկողության տակ էր գտնվում: Այսքանը: Միայն կավելացնեմ, որ այսօրվա դրությամբ իրենց խցում երկու հոգով են, եւ նրանք դիտավորյալ չեն կարգավորել բանտախուցը, ոչնչին ձեռք չեն տվել ու սպասում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից մարդիկ գան կամ դատախազություն ներկայացուցիչները գան ու իրենց աչքով տեսնեն, որ իրենք չեն զրպարտում, եւ համոզվեն, թե ինչ է կատարվել խցում: Մի սարսափելի քաոս է այնտեղ տիրում:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

