Ո՞նց, ռուսները մեզ թշնամի են, իսկ ադրբեջանցիները եւ թուրքերը՝ ո՞չ. Անահիտ Քոչարյան
ՄշակութայինԳյումրու «Սեւ Բերդ» ամրոցի հարեւանությամբ գտնվող «Մայր Հայաստան» հուշահամալիրը, որը քաղաքի խորհրդանիշներից մեկն է եւ իր մեջ կրում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի գաղափարը ու հավերժացնում պատերազմում զոհված հայորդիների հիշատակը, օրեր առաջ դարձել էր վանդալիզմի թիրախ։
Հունիսի 11-ին հայտնի դարձավ, որ վնասվել են հուշահամալիրի տարածքում գտնվող «Հերոս քաղաքների» հուշարձանների ոսկեգույն տառերը։ Դեպքի առթիվ Համայնքային ոստիկանության Մուշի բաժնում կազմված նյութերը փոխանցվել էին Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Իրավապահ մարմինների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 14-ին պարզվել է, որ հուշարձանների տառերը պոկել է Գյումրու Մուշ-2 թաղամասի 41-ամյա բնակիչը։ Նա հայտնաբերվել, ձերբակալվել եւ խոստովանել է կատարածը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կասկածյալը աշխարհահռչակ ծանրորդ, Օլիմպիական խաղերի, Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն, երջանկահիշատակ Յուրի Վարդանյանի քրոջ որդին է։ Ի դեպ, կասկածյալի մայրը նախընտրական քարոզարշավի ժամանակ մոտեցել էր Նիկոլ Փաշինյանին եւ շնորհակալություն հայտնել:
Թեեւ մեղադրվողը հայտնաբերվել է, սակայն տեղի ունեցածը շատերի համար դարձել է մտահոգիչ ազդակ՝ վկայելով հասարակական, մշակութային եւ արժեհամակարգային ճգնաժամի մասին։ Արդյո՞ք նման դեպքերը խոսում են մեր ազգային ու հոգեւոր արժեքների նկատմամբ վերաբերմունքի փոփոխության մասին, եւ ի՞նչ հետեւանքներ կարող են ունենալ դրանք հանրային գիտակցության վրա։ Այս եւ հարակից հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստ ԱՆԱՀԻՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ։
— Տիկին Քոչարյան, նախ կխնդրեի Ձեր մեկնաբանությունը տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ Սպասելի՞ էր Ձեզ համար այս արդյունքը։
— Անկեղծ ասած, շատ մեծ հույսեր ունեի, որ այսպես չէր լինի, բայց նաեւ մտավախությունը կար, որ կարող են շատ կեղծիքներ լինել, ու իշխանությունը կրկին վերընտրվեր։ Այդպես էլ եղավ։ Օգտագործվեց վարչական լծակներ, սակայն Փաշինյանը գոռում, գոչում էր, որ վարչական լծակներ չեն օգտագործելու եւ այլն։ Դե, ի՞նչ կապ ունի՝ ինչ է ասում, իրենք միշտ ինչ ասում են, հակառակն են անում։ Սա արդեն առաջին դեպքը չէ, եւ այս ութ տարիների ընթացքում անընդհատ համոզվել ենք դրանում։
— Իսկ Գյումրիում ի՞նչ է կատարվում, կրկին շարունակվում են ձերբակալությունները: Անգամ Փաշինյանը հայտարարեց, որ Գյումրիում սպասվում են նոր ՏԻՄ ընտրություններ: Ինչպե՞ս է առհասարակ տրամադրությունը հայրաքաղաքում։
— Գիտեք՝ ինչն է ինձ ամենից շատ տխրեցնում, որ մի տեսակ անտարբերություն կա, եւ ում հետ էլ զրուցում եմ, պատասխանում են՝ օ՜հ, ես արդեն գլուխ չունեմ այդ քաղաքականության հետ: Մարդիկ չեն հասկանում, որ սա սովորական ընտրություն չէր, սա Հայաստանի լինել- չլինելու հարցն էր՝ մենք մի քանի տարի հետո արդյոք կունենանք Հայաստան, թե՝ ոչ: Անգամ վախենում եմ, որ գուցե հինգ տարի էլ չանցնի, շատ ավելի շուտ Հայաստանի հարցերը լուծեն։ Այսինքն, լուծի՝ ինքը, մեր չվարչապետը:
Եվ գիտեք, մի բան է ինձ զարմացնում, որ այսքան հակառուսական տրամադրություններ են մտցրել մեր ժողովրդի մեջ։ Արհեստական տրամադրել են մեզ ռուսների դեմ։ Մի քաղաքագետ կա ՝ Արթուր Խաչիկյանը, շատ եմ լսում իրեն, ու մի անգամ ասաց, որ նիկոլիզմը, դա ինչ-որ ուղղություն չէ, քաղաքականություն չէ, աղանդ է: Եվ նիկոլիզմին հետեւողները, ինչպես աղանդավորները՝ ուղեղներն անջատած, աչքերը փակ, հետեւում են այդ ուղվածությանը: Ու դա անում են առանց մտածելու, առանց հասկանալու։ Ո՞նց, ռուսները մեզ թշնամի են, իսկ ադրբեջանցիները եւ թուրքերը՝ ո՞չ։ Ինչպե՞ս կարելի է մտածել նման կերպ։ Ես չգիտեմ, ուղղակի ինչ ասեմ: Մեր ժողովուրդն ադքան կարճ հիշողություն ունի՞։
Հրանտ Մաթեւոսյանը հանճարեղ է գրել, ասում է. «Հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել»: Ասում է՝ մարդն ու անասունը իրարից հիշողությամբ են տարբերվում։ Ուրեմն, չհիշե՞նք Եղեռնը , մոռանա՞նք, թե ինչ արեցին մեզ հետ։ Ինչպե՞ս չհիշենք, երբ քնած մարդուն կացնահարում են, եւ այդքանից հետո դու ինչպե՞ս կարող ես այդ մարդու հետ բարեկամություն ուզենալ հաստատել: Ռուսին էլ ասել, որ թշնամի է: Ռուսը ե՞րբ է քնած մարդ կացնահարել, ե՞րբ է տատիկ-պապիկի ականջ կտրել եւ ցույց տվել, ե՞րբ է մեր հայ զինվորներին ադքան տանջամահ արել։ Ու Գրիգոր Զոհրապի նման խելացի, ինտելիգենտ մարդը, որ նաեւ քաղաքականության մեջ էր, ասել է. «Չէ՛, սրանք ուրիշ թուրքեր են»: Ո՞նց գլուխը ջարդեցին, ո՞նց չհիշես ախր։
— Գուցե դրանով է պայմանավորված նաեւ այն, որ, հիմա էլ պղծում են Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին նվիրված հուշահամալիրը Գյումրիում: Սա ե՞ւս հակառուսական տրամադրություններ գեներացնելու գործընթաց է:
— Ա՛յ ցավդ տանեմ, եթե մոռանում ենք արդեն մեր ինքնությունը, մեր պատմությունն ենք կեղծում, մեր Սահմանադրությունն ենք փոխում, եկեղեցու դեմ ենք կռվում, կրթությունը ավերվեց ընդհանրապես, ինչի՞ մասին է խոսքը: Հիմա էլ դպրոցներ են կառուցում, ո՞ւմ համար է կառուցվում: Մի կողմում կառուցում է, մյուս կողմում` փակում: Ինչո՞ւ է փակում սահմանամերձ գյուղերի դպրոցները: Ասեմ, որպեսզի դատարկվեն այդ գյուղերը: Այլ վայրում դպրոց է կառուցում, որի մեջ անգրագետ սերունդ է մեծացնում։ Այսինքն, եթե այդ թվարկածներս եւ անգամ չթվարկածներս կարելի է, ինչո՞ւ չի կարելի, որ «Մայր Հայաստան» հուշահամալիրը պղծեն:
— Դուք ինչո՞վ եք զբաղված այս օրերին, ստեղծագործական ի՞նչ նորություններ ունեք:
— Հիմա զբաղված եմ երկու նոր բեմադրության մեջ: Մեկը` ֆրանսիական կոմեդիա է, երկրորդը՝ Թենեսի Ուիլյամսի «Ապակե գազանանոցը» ներկայացումն է:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ.- Ցավոք, ուշացումով տեղեկացանք, որ սիրված դերասանուհ Անահիտ Քոչարյանի մայրը ամիսներ առաջ մահացել է: Հայտնում ենք մեր խորհին ցավակցությունը:

