Ընդդիմադիր ուժերի ներկայությունը խորհրդարանում ձևական չի լինի և իրենք պայքարելու բազմաթիվ լծակներ կունենան
ՀանդիպումԻրավական առումով եթե բոլոր ընդդիմադիր ուժերը, որոնք հաղթահարել են անցողիկ շեմերը, հրաժարվեն մանդատներից, ապա ըստ այսօր գործող ընտրական օրենսգրքի՝ այդ տեղերը որևէ մեկով չեն լրացվելու, թափուր են մնալու և վերջնարդյունքում խորհրդարանը 61 պատգամավորից բաղկացած կլինի և չի ունենա բավարար լեգիտիմության աստիճան,-անդրադառնալով ներկա իրավիճակին եւ խորդհրդարան անցած ուժերի մանդատները չվերցնելու սցենարի հետեւանքներին, նման դիտարկում է անում սահմանադրագետ Վարդան Պողոսյանը.
- Այսինքն՝ չի կարողանա սահմանադրական որևէ փոփոխություն կատարել, նոր Սահմանդրություն ընդունել՝ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ որոշում կայացնել և այդ նախագիծը դնել հանրաքվեի։ Իրենց այդ մտադրությունն իրականացնելու համար պատգամավորների 2/3-ի ձայնն է հարկավոր։ Եթե իշխանությունն ուզում է նոր Սահմանադրություն ընդունել, դա չի կարողանալու անել՝ առանց խորհրդարանական ընդդիմության համաձայնության և աջակցության։
Քանի որ ՔՊ-ն չունի նաև ձայների 3/5-րդ մեծամասնություն, չի կարող սահմանադրական որևէ օրենքում փոփոխություն կատարել, օրինակ՝ ընտրական, դատական օրենսգրքերում, հանրաքվեի մասին օրենքում և այլն։ ՔՊ-ն միանձնյա չի կարող բազմաթիվ պաշտոնատար անձանց ընտրել, քանի որ Սահմանադրությամբ նրանք կարող են ընտրվել միայն ձայների 3/5 մեծամասնությամբ։ Խոսքը սահմանդրական, վճռաբեկ դատարանների դատավորների, ԲԴԽ անդամների, Կենտրոնական բանկի նախագահի, գլխավոր դատախազի, ԿԸՀ անդամների, ՄԻՊ-ի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների, հաշվեքննիչ պալատի անդամների մասին է և նման պաշտոնների։ Այդպիսի խորհրդարանը, բնականաբար կլինի, աղճատված և կաշկանդված։ Սա՝ իրավական տեսանկյունից։
Քաղաքական տեսանկյունից՝ կարծում եմ, որ իշխող կուսակցությունը, կառավարությունը զարտուղի ճանապարհներ է գտնելու թափուր թողնված մանդատներն իրենց համար հաճո պատգամավորներով համալրելու համար։ Նախորդ փորձառությունը ցույց է տալիս, որ ՔՊ-ի համար Սահմանադրությունը և օրենքը չի կարող սահմանափակում լինել իր մտադրություններն իրականացնելու համար։ Դա հաշվի առնելով՝ ճիշտ կլինի, որ ընտրված ընդդիմադիր ուժերը վերցնեն իրենց մանդատներն ու խորհրդարանական ճանապարհով պայքարեն այսօրվա իշխանությունների դեմ։ Այս առումով ընդդիմադիր ուժերի ներկայությունը խորհրդարանում ձևական չի լինի և իրենք պայքարելու բազմաթիվ լծակներ կունենան։ Նոր խորհրդարանում ուժերի հարաբերակցությունն այնքան անհավասար չի լինի, որքան այսօր գործող խորհրդարանում է։

