«ՎԱՂԱԺԱՄ ՀԱՂԹԵՑԻ ԻՍՐԱՅԵԼԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄԱՐԶԻԿԻՆ». ՄԱՐՏԱԿԱՆ ՍԱՄԲՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐՍԵՆ ԱՎԵԴԻՍՅԱՆ
ՍպորտIravunk. com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու զրուցել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած Սամբոյի մեծահասակների Եվրոպայի առաջնությանը արծաթե մեդալ նվաճած ԱՐՍԵՆ ԱՎԵԴԻՍՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր նվաճումը.
- Հանդես եկա 71 կգ քաշային կարգում, մարտական սամբոյի կազմում։ Մեկնարկում 8։0 հաշվով, բացարձակ առավելությամբ, վաղաժամ հաղթեցի լիտվացի մրցակցիս, ապա 8։1 հաշվով, խեղդող հնարք կիրառելով, կրկին վաղաժամ հաղթեցի Իսրայելը ներկայացնող ազգությամբ ադրբեջանցի մարզիկին։ Կիսաեզրափակչում պայքարում էի ուկրաինացի մրցակցի դեմ, նրան ևս պարտության մատնեցի վաղաժամ, խեղդող հնարք կիրառելով։ Ափսոս, միայն եզրափակչում 8։1 հաշվով զիջեցի ռուս մարզիկին։ Բոլոր գոտեմարտերն էլ դժվար անցան, հակառակորդներս շատ ուժեղ էին։ Ոսկե մեդալին շատ մոտ էի, սակայն չեմ հիասթափվի, ավելի լավ կպարապեմ, որպեսզի աշնանը Ուզբեկստանում կայանալիք Աշխարհի առաջնությանը կարողանամ ոսկե մեդալ նվաճել, սա ինձ համար մեծ երազանք է։ Շուրջ 2 տարի է, ինչ ես սամբոյով եմ պարապում, սրանից առաջ ես ձյուդոյի եմ հաճախել, ձյուդոյի մեծահասակների Եվրոպայի գավաթի փոխչեմպիոն եմ, Ասիայի բաց առաջնության մեծահասակների բրոնզե մեդալակիր։ Ես նախկինում հանդես եմ եկել 78 կգ քաշային կարգում, այժմ 71 կգ քաշային կարգում եմ, շատ դժվար է քաշ գցելը։ Պարապում եմ նաև խառը մենամարտերով /MMA /։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

