Եվ զուր եք հետո դիմելու զրպարտությանը, այն ձեզ կրկին չի օգնի. պրոտոյերեյ Գրիգորյանց
Շուտով կնշվի Հայաստանում Ռուս Ուղղափառ Եկեղեցու ներկայության 200-ամյակը։ Այս մասին տեղեկացրեց Ռուս ուղղափառ եկեղեցու երեւանյան-հայաստանյան թեմի քարտուղար, ավագ երեց (պրոտոյերեյ) ԱՐՍԵՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՑԸ: Սակայն, ըստ նրա, վերջերս տեղի է ունեցել եւս մեկ կարեւոր իրադարձություն, որը նույնպես կարելի է պատմական անվանել։ 2022 թվականի սեպտեմբերին Ռուս Ուղղափառ Եկեղեցու պատմության ընթացքում առաջին անգամ կազմավորվել է Երեւանի եւ Հայկական թեմը։ Այստեղ թեմ չի եղել նույնիսկ Էկզարխության ժամանակաշրջանում։ Գոյություն ուներ վիկար եպիսկոպոս, որը ենթարկվում էր, համապատասխանաբար, մետրոպոլիտին, որը գտնվում էր Թիֆլիսում։ Իսկ այժմ, փաստորեն, ձեւավորվել է թեպետ փոքր (ունի ընդամենը հինգ քահանա), բայց լիարժեք թեմ։
— Երբ Ռուսաստանը սկսեց հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայում, Հայաստանում եղավ «ռելոկանտների» մեծ հոսք։ Ի՞նչ ազդեցություն այն ունեցավ հավատացյալների թվի վրա:
— Այո՛, իսկապես հոսք եղավ։ Նույնիսկ մի ժամանակաշրջան կար, երբ «ռելոկանտների» թիվն ավելի մեծ էր, քան մեր մշտական հավատացյալներինը։ Որոշ ժամանակ շատ մարդիկ կային, սակայն հետո նրանցից շատերը հեռացան։ Հիմա էլ կան որոշ մարդիկ, ովքեր մնացել են, բայց նրանք արդեն մնացել են համոզմունքով՝ հենց այն պատճառով, որ որոշել են լինել եկեղեցում, կանոնավոր հաճախել աղոթքներին։ Բայց, իրականում, այդպիսիք շատ քիչ են մնացել։
— Իսկ ինչպե՞ս են դասավորվում Ռուս Ուղղափառ Եկեղեցու եւ պետության հարաբերությունները։ Գիտենք, որ պետությունը վերականգնել է Ստեփանավանի Ռուս Ուղղափառ եկեղեցին։ Այն այժմ գործո՞ւմ է։
— Խոսքը Սուրբ Նիկոլայ սրբի տաճարի մասին է։ Պատմականորեն դա եղել է կազակական բնակավայրի եկեղեցի, որը նախկինում կոչվում էր Նիկոլաեւկա, հետո մի քանի անգամ փոխել է իր անվանումը։ Սա Հայաստանում Ռուս Ուղղափառ Եկեղեցու ամենահին տաճարներից մեկն է։ Այն գտնվում էր շատ վատ վիճակում։ Անկեղծ ասած, ես բավականին մեծ փորձ ունեմ շինարարական աշխատանքների ոլորտում եւ այցելել էի այդ տաճարը դեռ մինչեւ նրա վերականգնումը։ Եվ ես ու իմ գործընկերը, որը նույնպես շինարար է, արտաքին տեսողական զննությունից հետո եկանք այն եզրակացության, որ վերականգնումը, ամենայն հավանականությամբ, անհնար է։ Անհրաժեշտ է ամբողջական ապամոնտաժում եւ նորից կառուցում, եթե ցանկանան վերականգնել այդ պատմական հուշարձանը։ Սակայն մենք շատ շնորհակալ ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, որը նպատակահարմար եւ հնարավոր համարեց վերականգնել այդ պատմական հուշարձանը։
Եվ անպայման ուզում եմ առանձնացնել աշխատակիցներին, այսինքն՝ շինարարական ընկերությանը, որը զբաղվում էր այդ աշխատանքներով։ Ես հետեւել եմ շինարարական աշխատանքների ընթացքին եւ, անկեղծ ասած, պարզապես հիացած էի կատարվող աշխատանքների որակով, ինչպես նաեւ որակի հետ արագության համադրությամբ։ Կատարվել էին հսկայական աշխատանքներ՝ հիմքի ամրացման ուղղությամբ, մեծածավալ աշխատանքներ՝ կամարների ամրացման համար, եւ տաճարը վերականգնվեց։ Այժմ այն պարզապես հրաշալի վիճակում է։
Առայժմ այնտեղ արարողություններ չեն վերսկսվել, որովհետեւ գտնվում ենք ԿԳՄՍ նախարարության հետ բանակցությունների փուլում՝ տաճարը Ռուս Ուղղափառ Եկեղեցուն փոխանցելու կամ դրա համատեղ օգտագործման որեւէ ձեւաչափի հնարավորության շուրջ։ Հենց հիմա այդ հարցն ենք քննարկում եւ սպասում ենք նախարարության պատասխանին։ Այն, իհարկե, այժմ կդառնա նաեւ ուխտագնացության վայր։ Շատ ուխտավորների խմբեր արդեն գալիս են Հայաստան։ Եվ, բնականաբար, նրանք եւս կցանկանան այցելել այդ տաճարն ու տեսնել Հայաստանում ռուսական ուղղափառության պատմությունը։
— Իսկ ունե՞ք կապեր, շփումներ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ներկայացուցիչների հետ։
— Գիտեք, շփումներ սովորաբար լինում են այն դեպքում, երբ կա ինչ-որ ընդհանուր դաշտ։ Բայց քանի որ մեր հոտերը չեն հատվում՝ մենք ունենք մեր հոտը, իրենք՝ իրենցը, ապա գործնականում շփման կետեր չկան, եւ այդ պատճառով էլ, որպես այդպիսին, կապեր գրեթե չկան։ Երբեմն հանդիպում ենք որեւէ համատեղ միջոցառումների ժամանակ, բայց այսպիսի մշտական, շարունակական հարաբերություններ ու կապեր, ընդհանուր առմամբ, չկան։
— Կան հայեր, որոնք մկրտված են Ռուս Ուղղափառ Եկեղեցում։ Ձեր հավատացյալների շրջանում նրանք ի՞նչ տոկոս են կազմում։
— Ուղղափառ հայերն իրականում բավական շատ են, հատկապես Ռուսաստանում նրանք շատ են։ Մեզ մոտ համայնքի մոտավորապես 80 տոկոսը էթնիկ հայեր են։ Իհարկե, կան տարբեր ազգությունների ներկայացուցիչներ եւս՝ ռուսներ, բելառուսներ, վրացիներ, հույներ։ Էթնիկ կազմով հաջորդ մեծ խումբը, իհարկե, սլավոններն են՝ ռուսներ, ուկրաինացիներ, բելառուսներ։ Բայց ընդհանուր առմամբ հիմնական մասը հենց ուղղափառ հայերն են՝ Հայաստանում Ռուս Ուղղափառ Եկեղեցու հավատացյալները։
— Այն նորակառույց ռուսական եկեղեցին, որը գտնվում է օդանավակայան տանող ճանապարհին, հիմա գործո՞ւմ է։ Երբ անցնում ենք կողքով, կարծես, միշտ դատարկ լինի, այնտեղ արարողություններ կատարվո՞ւմ են:
— Դա իսկապես զարմանալի պատմություն է։ Ծառայություններն այնտեղ կատարվում են դեռ 2018 թվականից, եւ կանոնավոր կերպով։ Այժմ տաճարը բաց է ամեն օր։ Հիշում եմ՝ երբ դեռ կառուցվում էր եկեղեցին, շինարարներից մեկը մոտեցավ ինձ ու ասաց․ «Գիտե՞ք, ամերիկյան դեսպանատան դիվանագետները, որը գտնվում է մոտակայքում, եկել էին ու հարցնում էին՝ դուք այստեղ ի՞նչ եք փորձում թաքցնել, ինչ-որ հսկողության սարքեր ե՞ք տեղադրում մեզ հետեւելու համար, ինչի՞ համար է սա կառուցվում»։ Ահա այսպիսի բացարձակ անհեթեթություն։ Չէ՞ որ կարելի է պարզապես ներս մտնել ու տեսնել՝ սովորական եկեղեցի է, որտեղ կատարվում են աստվածապաշտության արարողություններ:
Հետո հայտնվեցին տարօրինակ բլոգերներ, որոնք շրջում էին եւ ասում, թե եկեղեցին չի գործում, իբր դա ինչ-որ դիտարկման կենտրոն է եւ այլն, եւ այլն։ Դե, պարզապես կողքին գտնվում է ամերիկյան դեսպանատունը, իսկ մյուս կողմում՝ չինական դեսպանատունը, ու այդ պատճառով էլ նման խոսակցություններ են առաջացել։
Մինչդեռ այնտեղ հրաշալի համայնք կա։ Իրականում հարցի պատասխանը շատ հեշտ է գտնել։ Պարզապես մարդը կարող է երկու-երեք անգամ գնալ տաճար եւ սեփական աչքերով տեսնել, թե այնտեղ իրականում ինչ է կատարվում․ ինչպես է երգում մանկական երգչախումբը, ինչպես են մարդիկ աղոթում, ինչպես է հավաքվում երիտասարդական համայնքը, ինչպես են նրանք ուխտագնացությունների գնում։ Կամ պարզապես մտնել մեր կայք եւ տեսնել, թե ինչով են զբաղվում այդ մարդիկ։ Սա տարրական բան է։ Այդ պատճառով էլ ասում եմ՝ խնդիրը բոլորովին այլ տեղում է։ Մարդիկ, որոնք տարածում են այս անհեթեթությունները, իրականում պարզապես սպասարկում են որոշակի օրակարգ։ Նրանք ունեն իրենց նարատիվը, եւ նրանց բացարձակապես չի հետաքրքրում ճշմարտությունը։
Օրինակ, իմ մասին էլ են ասում, թե Հաղթանակի տաճարում մարդկանց չեն մկրտում, մինչեւ չհարցնեն նրանց վերաբերմունքը հատուկ ռազմական գործողության նկատմամբ։ Սա լիակատար անհեթեթություն է։ Ներեցեք, բայց ես ինքս ինձ ճանաչում եմ․ կյանքումս երբեք նման հարց չեմ տվել։ Սակայն ակնհայտ է, որ մարդիկ ինչ-որ բան են «մշակում», հատկապես երբ գործում են համակարգված, միասին, նույն ուղղությամբ։ Եվ այս ամենը շատ անպատշաճ, տգեղ եւ կեղտոտ տեսք ունի։ Այդ պատճառով էլ ես անիմաստ եմ համարում նրանց հետ որեւէ բանավեճի մեջ մտնելը։ Թող դա մնա իրենց խղճին, իսկ հետո Աստված բոլորիս դատավորն է։ Եթե մենք նրանցից հաշիվ չենք պահանջում, Տերը կպահանջի: Հիշո՞ւմ եք «Բանաստեղծի մահը» ստեղծագործության տողերը․ «Եվ զուր եք հետո դիմելու զրպարտությանը, այն ձեզ կրկին չի օգնի…»: Դա Լերմոնտովն է գրել Պուշկինի մահվան մասին։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

