Շիրակի համալսարանում կրքերը թեժացել են. Մամուլում ահազանգերը չեն դադարում
Շիրակի պետական համալսարանում մի քանի օր էլ կրքերը թեժացել են: Մամուլում հրապարակումներ են հայտնվել (տե՛ս https://168.am/2026/06/11/2429573.html ; https://shamshyan.com/hy/article/2026/06/13/1307308 ), որ ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը համալսարանը լցրել է իր հարազատ-բարեկամներով՝ նրանց տալով բարձր աշխատավարձ: Ընդ որում՝ համալսարանի դասախոսների և ուսումնաօժանդակ կազմի աշխատավարձը շատ ցածր է և չի բարձրացել Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին: Սակայն մեր այս հրապարակման խնդիրն այլ է, ինչը խիստ մտահոգիչ է: Պարզվում է՝ սույն թվի հունիսի 15-ին ՇՊՀ-ի գիտական խորհրդի նիստում տեղի է ունենալու համալսարանի Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի ընտրություն, որին մասնակցելու է նաև նույն ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Աիդա Գարեգինյանը: Վերջինիս ամուսինը երկար տարիներ աշխատել է ԱԱԾ-ում: Ըստ համալսարանում շրջանառվող լուրերի՝ ռեկտոր Երվանդ Սերոբյանը չափազանց շահագրռված է, որ Աիդա Գարեգինյանն ընտրվի դեկան և օրեր շարունակ, նույնիսկ ոչ աշխատանքային օրերին ու ոչ աշխատանքային ժամերին, ժողովներ է անում իր մի քանի թիմակիցների հետ՝ ինչպես ապահովի Աիդա Գարեգինյանի ընտրությունը: Հետաքրքիր է, որ մի քանի օր էլ համալսարանում է նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի արդեն նախկին տնօրեն Կարեն Պետրոսյանը, որը Երվանդ Սերոբյանի քրոջորդին է և քեռուն երևի օգնում է խորհուրդներով: Կարեն Պետրոսյանը հանրությանը հայտնի է որպես «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» հակաեկեղեցական շարժման համակարգող: Բացառված չէ, որ քեռին քրոջորդուն նշանակի ՇՊՀ-ի տնտեսագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար՝ ազատելով գործող պաշտոնակատարին:
Ինչևէ, մեզ հասած լուրերը բոլորովին այլ տիրույթում են: Ըստ համալսարանից մեզ հասած տեղեկությունների՝ Երվանդ Սերոբյանը՝ Աիդա Գարեգինյանի ընտրությունն ապահովելու համար վերջինիցս օրեր առաջ ստացել է «նվիրատվություն»: Խոսքը վերաբերում է երկու մեծ բեռնատարներով շինանյութին: Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին խիստ բարգավաճած Երվանդ Սերոբյանը Գյումրու Շառլ Ազնավուրի անվան հրապարակի հարևանությամբ երկու որդիների համար կառուցում է 2 շքեղ առանձնատներ: Ահա այս 2 առանձնատների շինարարությանն է երկու մեծ բեռնատար շինանյութով «օգնության» հասել Աիդա Գարեգինյանը:
Եթե այս լուրերը համապատասխանում են իրականությանը, ապա կարելի է պատկերացնել Աիդա Գարեգինյանի՝ դեկան չընտրվելու հետևանքը Երվանդ Սերոբյանի համար:

