Բավակա՛ն է հանդես գաք քաղաքականապես անգրագետ հայտարարություններով. Կարապետյան
Ներքաղաքական«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները հայտարարում են, թե իրենց նկատմամբ արհեստական ճնշում է ստեղծվում և փորձ է արվում սադրել, որպեսզի իրենք գնան փողոցային պայքարի։
Նախ՝ այդ ճնշումը արհեստական չէ։ Այն լիովին բնական և բարոյական է։ Քաղաքականության մեջ կա հստակ տրամաբանություն․ եթե հայտարարում եք, որ ընտրությունները ոչ լեգիտիմ են, բայց միաժամանակ գնում և վերցնում եք մանդատը, ապա փաստացի դուք լեգիտիմացնում եք նույն այդ իշխանությանը։
Իսկ իշխանությունների մասով՝ պատկերը ճիշտ հակառակն է․ նրանք ամեն ինչ անում են, որպեսզի դուք գնաք Ազգային ժողով և ձեր ներկայությամբ լեգիտիմացնեք իրենց իշխանությունը։
Ինչ վերաբերում է փողոցային պայքարին՝ այն պարտադիր չի ենթադրում բռնություն։ Եթե դուք ի վիճակի չեք պայքարել, բավական է հանդես գաք քաղաքականապես անգրագետ հայտարարություններով։ Դուք եք պարզապես ուզում մանիպուլացնել ժողովրդին։ Դուք եք գտնվում էյֆորիայի մեջ և չկարողանալով հստակ բացատրել, թե ինչու եք վերցնում մանդատը, այն վերածել եք ինքնանպատակի։ Փոխանակ ազնիվ ներկայացնեք ձեր որոշումների իրական պատճառները, փորձում եք խուսափել պատասխանատվությունից։
Մենք, ընդհակառակը, փորձում ենք ձեզ բերել առողջ քաղաքական դաշտ, վերադարձնել իրականության մեջ, որպեսզի ձեր քայլերը լինեն հաշվարկված, պատասխանատու և հողի վրա կանգնած, ոչ թե զգացմունքային ու հակասական։ Եվ երբ ասում եք՝ «մենք կորոշենք վերցնել մանդատը, թե՝ ոչ», դուք փաստացի վերածվում եք շարքային ձայն փախցնողի, ով ոգևորեց ժողովրդին, ստացավ ձայներ, բայց հետո հաշվի չնստեց այդ նույն ժողովրդի հետ և գնաց իշխանության մոտ ընդդիմություն աշխատելու», - գրել է քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ։

