Ռոնալդինյոն եկավ Հայաստան, ու ոչ ոք հարց չտվեց՝ ինչո՞ւ
ՍպորտԵրեւանի ընտրական կրքերը, քաղաքական փոխհրաձգություններն ու ամենօրյա սկանդալներն այնպես էին կլանել հանրային ուշադրությունը, որ գրեթե աննկատ եկավ ու գնաց համաշխարհային ֆուտբոլի աստղ ՌՈՆԱԼԴԻՆՅՈՆ։ Եկավ, մասնակցեց միջոցառման, լուսանկարվեց, ժպտաց, գնաց։ Ու թեման, կարելի է ասել, մնաց լուսանցքում։
Բայց հարցը միայն նրա գալը չէ։ Հետաքրքիր է՝ իսկ ինչո՞ւ հենց Ռոնալդինյոն։ Մի՞թե աշխարհում այլ հայտնի դեմքեր չկային հրավիրելու։ Թե՞ պատահականորեն ընտրությունը կանգ առավ հենց այն մարդու վրա, որը 44-օրյա պատերազմի օրերին հրապարակային աջակցություն էր հայտնում Ադրբեջանին, եւ որի խոսքերն ադրբեջանական քարոզչամեքենան ակտիվորեն օգտագործում էր սեփական նպատակների համար։
Համաձայնեք, երբ Հայաստան է հրավիրվում մի մարդ, որի անունը շատերի հիշողության մեջ կապված է նաեւ Ադրբեջանի օգտին հնչեցված հայտարարությունների հետ, գոնե տարակուսելու տեղ կա։ Բայց, ինչպես երեւում է, մեզ մոտ նման հարցեր տալն արդեն վաղուց նորաձեւ չէ։ Ավելի հեշտ է հերթական անգամ ձեւացնել, թե ոչինչ չի եղել, եւ սահմանափակվել հիացական արձագանքներով:
Ի դեպ, շատերի ուշադրությունից վրիպեց նաեւ, թե իրականում ինչու էր Ռոնալդինյոն եկել Հայաստան։ Ֆուտբոլային որեւէ ծրագրի, մանկապատանեկան ակադեմիայի կամ բարեգործական նախաձեռնության մասին խոսք չկար։ Բրազիլացի աստղը Երեւան էր ժամանել iGaming եւ affiliate marketing ոլորտներին նվիրված միջազգային համաժողովի շրջանակում՝ որպես ոլորտի խոշոր ընկերություններից մեկի գովազդային դեմք։ Եվ այստեղ արդեն առաջանում է մեկ այլ հարց՝ ինչո՞ւ էին կազմակերպիչներն ու հրավիրողները կանգ առել հենց նրա թեկնածության վրա։
Մի՞թե համաշխարհային սպորտում կամ շոու-բիզնեսում այլ հեղինակավոր անուններ չկային։ Թե՞ կրկին գործ ունենք այնպիսի «պատահականության» հետ, որը չափազանց շատ հարցեր է առաջացնում։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

