Ինչու էր «Զվարթնոցում» ձերբակալված Միխայիլ Վերբիցկին ժամանել Երեւան
ԻրավականԸստ շրջանառվող տեղեկությունների, «Զվարթնոց» օդանավակայանում հունիսի 13-ին ձերբակալված աշխարհահռչակ ռուս մաթեմատիկոս, հրապարակախոս եւ մշակութաբան-բլոգեր ՄԻԽԱՅԻԼ ՎԵՐԲԻՑԿԻՆ ժամանել էր Հայաստան ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովին օգնելու, որ հաշվեն ընտրությունների արդյունքները, այլ որպեսզի հանդիպեր դասընկերներին՝ 40 տարի անց:
Համադասարանցիները 40 տարի անց որոշել էին կրկին հավաքվել ամբողջ դասարանով եւ այդ նշանակալից հանդիպման համար ընտրել էին արեւոտ Երեւանը։ Վերբիցկին ժամանել էր Ռիո դե Ժանեյրոյից, որտեղ ապրում եւ դասավանդում է 2017 թվականից՝ որպես մաքուր եւ կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի պրոֆեսոր։
Նա եղել է 2014 թվականին Սեուլում կայացած Մաթեմատիկոսների միջազգային կոնգրեսի հրավիրյալ դասախոս։ 2015–2016 թվականներին դասավանդել է Բելգիայի Բրյուսելի Ազատ համալսարանում։ 2017 թվականից Մաքուր եւ կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի պրոֆեսոր է (Ռիո դե Ժանեյրո)։
2024 թվականի նոյեմբերին մաթեմատիկոսի նկատմամբ, որը հրապարակայնորեն դատապարտել էր Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայում եւ կոչ էր արել հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին, հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչության կոչերի մեղադրանքով։ 2025 թվականի հունվարին Ռուսաստանի ֆինանսական մոնիթորինգի դաշնային ծառայությունը (Ռոսֆինմոնիտորինգ) Վերբիցկուն ներառել է ահաբեկիչների եւ ծայրահեղականների ցուցակում։
Այս գործը շատ ավելի լուրջ է, քան բանակից եւ պատերազմից խուսափած անձանց դեպքերը։ Եվ, ամենայն հավանականությամբ, հայաստանյան իրավապահները մաթեմատիկոսին կհանձնեն Ռուսաստանի Դաշնությանը: Բայց ինչի՞ դիմաց, թերեւս սա ամենագլխավորն է: Ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածության ֆոնին Հայաստանը փորձելու է Վերբիցկուն հանձնել Ռուսաստանին, Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվող ՀՀ որոշ հայտնի քաղաքացիների հետ փոխանակելու սկզբունքով: Որքանով է սա իրատեսական, ցույց կտա ժամանակը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

