48 տոկոս են ներկայացնում, բայց վստահ եմ՝ ժողովրդի 30 տոկոսն է իրեն ընտրել. Նարի Հարությունյան
ՆերքաղաքականԱՄՆ-ում բնակվող հեղինակ-կատարող ՆԱՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ «Իրավունք»-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին՝ կիսվելով իր դիտարկումներով գործող իշխանությունների, սփյուռքահայության վերաբերմունքի եւ հանրային տրամադրությունների վերաբերյալ։ Երգչուհին խոսել է նաեւ ստեղծագործական առաջիկա ծրագրերից եւ հայտնել, թե երբ է նախատեսում այցելել Հայաստան։
— Ինչպես տեսանք, կրկին վերընտրվեց ներկա իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Ի՞նչ կասեք այս մասին: Եվ առհասարակ՝ սփյուռքի մեր հայության շրջանում ի՞նչ տրամադրություններ են առկա:
— Այստեղ կան մարդիկ, ովքեր իրեն սատարում են, բայց ես կարող եմ միայն իմ մասին խոսել: Իմ շրջապատում, իմ ծանոթների մեջ, ուղղակի, մարդիկ, որոնք գալիս են մեր ռեստորան, մեծամասնությունը վաղուց է, ինչ չի հավատում եւ չի սատարում ներկայիս իշխանությանը: Մի բան էր ինձ մի քիչ ուրախացնում, որ առաջվա մեծ զանգվածը չէ, որ իրեն ընտրել է: Ավելին, կարծում եմ, ավելի քիչ մարդ է ընտրել, քան այսօրվա տոկոսներն են ցույց տալիս: Այդ ձայները շատ ավելի ուռճացրած թվեր են, որը կարծում եմ՝ բոլոր երկրներում էլ այդպես են անում։ Եթե այսօր 48 տոկոսն են ներկայացնում, ես վստահ եմ՝ ժողովրդի 30 տոկոսն է իրեն ընտրել։
Կարծում եմ, որ մարդկանց աչքերն օրեցօր բացվում են: Բայց ես մի շատ կարեւոր բան եմ ուզում ասել։ Տեսեք, շատ անգամ շահարկվում է որդեկորույս մայրերի փաստը։ Գիտեք, ես չեմ հավատում, որ իրեն մոտեցող որդեկորույս մայրերն իրական են: Չեմ հավատում, որ հնարավոր է նման բան, որ որդեկորույս մայրը մոտենա իրեն ու նման բաներ ասի: Ինձ երբեմն թվում է, որ դա բեմադրություն է, որպեսզի մարդկանց աչքից որդեկորույս մայրերին գցեն, որովհետեւ այսօր իրենք այնքան խոցելի են, եւ նրանց հանդեպ հարգանքն այնքան մեծ է, որ դա էլ են փորձում աղավաղել: Անընդհատ ինչ-որ մեկին թիրախավորում են՝ ինչ-որ սիրված կերպարի, կլինի երգիչ, թե դերասան:
Անկեղծ եմ ասում, ես իմ լեզուն կարճ եմ պահում ու գիտե՞ք ինչ առումով՝ ես հասկանում եմ, որ Հայաստանում ապրող մարդը մղկտում է, իսկ ես դրսում եմ ապրում: Դրա համար հաճախ չեմ խոսում։
— Նարի, ստեղծագործական ի՞նչ փուլում եք: Հանդիսատեսը սպասի՞ նոր երգի, տեսահոլովակի:
— Ես ամեն տարի գրեթե նոր տեսահոլովակ, նոր երգ եմ թողարկում, ուղղակի, կարծում եմ՝ մարդկանց մեջ ավելի շատ տպավորվել են մի քանի երգ: Այնպես չէ, որ շատ-շատ եմ աշխատում, չէ՛, սուտ կասեմ, որ ասեմ ես իմ երգարվեստի մեջ շատ ակտիվ եմ, այդպես չէ: Տարվա մեջ մեկ երգ, մեկ տեսահոլովակ եմ թողարկում ու վերջ: Հիմա երկու նոր զուգերգ ունեմ, որը մեկը երգել եմ մի տղայի հետ, որը փայլուն հանդես եկավ Ամերիկայի Միացյալ Նահանգներում անցկացվող «The Voice» նախագծում եւ ժյուրիի անդամներն ուղղակի ցնցված էին։ Շատ տաղանդավոր տղա է Տեո Ռամդելը եւ իրեն անգամ Սնուփ Դոգը առաջարկություն է արել, որպեսզի նրա պրոդյուսերը լինի։ Եվ մյուս զուգերգն էլ մոսկվաբնակ Արթուր Ամիրյանի հետ է: Հանրությանը հայտնի երգիչ է, ում երգերը եւս շատ են սիրում:
— Զուգերգերը տեսահոլովակ ունենալո՞ւ են։
— Այո, Տեոյի հետ պլանավորում ենք տեսահոլովակ։ Արթուրի հետ էլ պետք է լինի տեսահոլովակ, ուղղակի, ռեժիսորը այսօրվա թրենդի մեջ է մնացել ու որոշել է արհեստական բանականության օգնությամբ տեսահոլովակ նկարել: Ըստ պլանավորման, ես չեմ լինելու տեսահոլովակի մեջ, Արթուրը՝ եւս:
— Հայաստան ե՞րբ եք գալու։
— Աստված առաջ, նախատեսում եմ Հայաստան գալ կա՛մ տարվա վերջ, կա՛մ մյուս տարի։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

