Գնահատականը պետք է տա հասարակությունը, չենք տեսնում հանրային շատ բուռն ընդվզում. Հակոբ Բադալյան
ՆերքաղաքականԸնտրություններից հետո քաղաքական կրքերը դեռ չեն մարել։ Մինչ մի հատվածը փորձում է հասկանալ ստացված արդյունքների պատճառները, մյուսները քննարկում են ընդդիմության հետագա անելիքներն ու ներքաղաքական հնարավոր զարգացումները։ Ի՞նչ տրամադրություններ են նկատվում հանրության շրջանում, ինչ մարտահրավերների առաջ է կանգնած ընդդիմությունը եւ ինչ գործոններ կարող են ազդել քաղաքական գործընթացների վրա. այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է քաղաքական մեկնաբան ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ։
— Ինչպե՞ս կգնահատեք խորհրդարանական ընտրությունները, որքանո՞վ է ընտրությունների արդյունքները լեգիտիմ, արդար, ինչպիսի՞ խախտումներ նկատեցիք։
— Լեգիտիմության գնահատականը պետք է տա հասարակությունը: Այդ իմաստով հանրային արձագանքն է, որ թույլ կտա ասել, թե որքանով էր ընտրությունը լեգիտիմ եւ որքանով այն չէր համապատասխանում հասարակական տրամադրություններին կամ պատկերացումներին։ Այսինքն՝ մեծ հաշվով ցանկացած ընտրության լեգիտիմություն որոշում է հասարակությունը՝ իր տրամադրությամբ եւ արձագանքով, եւ դա, թերեւս կերեւա նաեւ ժամանակի ընթացքում։ Համենայնդեպս, մենք տեսնում ենք, որ ընտրությունից կարճ ժամանակ անց հանրային արձագանքը բավականին հակասական է: Իհարկե, կա ընտրության արդյունքով եւ ընթացքով դժգոհ, շատ նկատելի, շոշափելի հասարակական շերտ, բայց նաեւ մենք չենք տեսնում հանրային շատ բուռն ընդվզում՝ տրամադրությունների իմաստով։
— Պարոն Բադալյան, այս արդյունքը սպասելի՞ էր Ձեր համար՝ որպես քաղաքական վերլուծաբանի։
— Այս ընտրական պրոցեսը, երեւի թե, ամենաանկանխատեսելին էր վերջին ութ տարվա ընտրական պրոցեսների շղթայում: Այս տեսանկյունից սպասելի էր այնքանով, որքանով կարող էր լինել հնարավոր արդյունքներից մեկը, բայց միանգամայն կարող էր լինել նաեւ այլ արդյունք։
— Հասարակության այդ Ձեր ասած որոշ զանգվածը պահանջում է, որպեսզի մանդատները չվերցնեն այն երկու կամ երեք քաղաքական ուժերը, որոնք հաղթահարեցին անցողիկ շեմը եւ, ըստ էության, ներկայացնելու են խորհրդարանական ընդդիմությունը: Դուք դա ինչպե՞ս կմեկնաբանեք։
— Կարծում եմ, դա արհեստական հարցադրում է, որ իմ գնահատմամբ արդեն ներընդդիմադիր դաշտում, պայքարի նոր ցիկլի մոտիվներով բերվել է։ Եվ այդ արհեստական հարցադրումն, ըստ իս, կարող է ընդդիմությանը շեղել շատ ավելի լուրջ հարցերից, որոնք պետք է քննարկել հիմա։ Շատ ավելի լուրջ անելիքներ կան եւ շատ ավելի երկարաժամկետ մշակումների անհրաժեշտություն կա։ Պետք է չտրվել էմոցիաներին, պետք չէ քաղաքականությունը դիտարկել զուտ որպես իրավիճակային երեւույթ: Քաղաքականությունը երկարաժամկետ հաշվարկների եւ գնահատականների, այսպես ասեմ, ռազմավարական համբերատարության հատկանիշ պահանջող երեւույթ է: Պետք չէ ընկճվել որեւէ անհաջողությունից, բայց պետք է նաեւ չտրվել էմոցիաների։
— Մենք առնվազն անցած հինգ տարիների ընթացքում տեսանք, որ խորհրդարանական ամենամեծ ընդդիմությունը, կարծես, ոչինչ որոշող չէր, իշխանության դեմ արդյունավետ պայքար չկարողացավ գեներացնել եւ կհիշվի ընդամենը մի քանի վեճերով՝ շշեր իրար վրա նետելով եւ այլն: Նույնը սպասե՞նք այս ընթացքում։
— Դա կախված է նրանից, թե՝ կոնկրետ այս ցիկլի ժամանակ ընդդիմադիր ուժերն ինչ աշխատանքային մեթոդաբանություն կորդեգրեն: Պարտադիր չէ, որ միայն այդ տարբերակն է, եթե նրանք մտնեն խորհրդարան աշխատանքի։ Այսինքն՝ խորհրդարանում աշխատանքի հնարավորությունը կարող է օգտագործել ընդդիմությունը որպես միջոց եւ օգտագործել շատ ավելի արդյունավետ, քան, օրինակ, Ձեր նշած ժամանակաշրջանն ու դրվագները։ Եվ այս տեսանկյունից ամեն ինչ կախված է հենց ընդդիմության աշխատանքի կարողությունից, եւ դա էլ իր հերթին հենց ռազմավարական հաշվարկների կարողությունից։
— Հնարավոր համարո՞ւմ եք հուժկու գործողություններ նոր ձեւավորվելիք խորհրդարանում։
— Կարծում եմ, դա արդեն կախված կլինի ոչ միայն ներքին աշխատանքից, այլ նաեւ արտաքին իրավիճակից, որովհետեւ, իմ գնահատմամբ, Հայաստանի ներքաղաքական կյանքի հանդեպ չափազանց բարձր է արտաքին միջավայրի ազդեցությունը, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքների բերումով: Հետեւապես, իրավիճակի կտրուկ փոփոխությունները դրանք անխուսափելիորեն ենթադրելու են նաեւ արտաքին բաղադրիչի ազդեցություն։ Ըստ այդմ, միայն ներսում հազիվ թե լինի էական կտրուկ փոփոխություն, եթե այդպիսի նախադրյալ չլինի դրսում։
— Դրսում ասելով՝ ի՞նչ նկատի ունեք:
— Արտաքին միջավայրում: Ես ուզում եմ հստակեցնել՝ ոչ թե խոսքս այն մասին է, որ մինչեւ դրսից կտրուկ փոփոխության պատվեր չլինի, այլ նկատի ունեմ՝ մինչեւ դրսից չլինեն պատճառահետեւանքային հանգամանքներ, որոնք կազդեն ներսում տրամադրությունների վրա ու, բնականաբար, կառաջացնեն արդեն նոր իրավիճակ, որից էլ կառաջանա ընդդիմության արձագանքը։ Այլ կերպ ասած՝ ընդդիմության աշխատանք, բայց նաեւ միեւնույն ժամանակ, արտաքին միջավայրի իրավիճակ եւ ազդեցություն. սրանք են պայմանավորում Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքական գործընթացները։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

