Ուր կարող է հասցնել Հայաստանին հետընտրական ստատուս քվոն
ՎերլուծությունԱյսպիսով, Հայաստանը սկսում է կամաց–կամաց վերադառնալ հետընտրական փուլ: Ընդ որում, ինչպես ներքին, այնպես էլ` հետընտրական գործընթացների հետ կապված: Բայց այն, որ Նիկոլի վարչապետության այս նոր ժամանակաշրջանը նկատելիորեն տարբերվելու է նախորդից` ելնելով նոր իրողություններից, հասկանում են բոլորը:
ԲԱՔՈՒՆ ՍԿՍՈՒՄ Է ՄՌԱՅԼՎԵԼ
Թերեւս, հիմնական ինտրիգը շարունակում է մնալ ԲՀԿ–ին ԱԺ–ից դուրս թողնել–չթողնելու թեման, որը որակական ազդեցություն կարող է ունենալ ԱԺ մանդատների բաշխվածության, այն է` գործող իշխանության լծակների վրա: Եվ եթե իշխանություններին չհաջողվի այդ բացահայտ ավանտյուրան, ապա արդեն նորացված կառավարությունում Փաշինյանն ունենալու է լրջագույն խնդիրներ: Չնայած, ԲՀԿ–ին դուրս թողնելու թեման արդեն այն կարգի խոշոր աղմուկ է առաջ բերել, որ այդ ուղղությամբ իշխանությունների հետագա խաղերը խոստանում են առանց այդ էլ այս ընտրությունների կասկածելի լեգիտիմությանը եւս մեկ ծանր հարված հասցնել: Ասենք, որ եթե անգամ այդ ավանտյուրան հաջողվի, եւ իշխանությունները կարողանան դա մարսել, մեկ է, ինչպես արդեն նշելու առիթներ ունեցել ենք, դիրքային նկատելի անկում` դրանից բխող հետեւանքներով Փաշինյանն արդեն իսկ ունի:
Եվ այդ նոր իրավիճակը, որն ավելի ընդգծված է դառնալու ամենամոտ ժամանակներս, արդեն իսկ սկսել է իրեն ցույց տալ: Առաջին հերթին, այն մռայլ հայացքների տեսքով, որոնք արդեն իսկ սկսել են նկատվել Բաքվից: Իմաստը պարզ է. հայաստանյան ընտրությունների արդյունքում Փաշինյանը զրկվել է հանրաքվե կազմակերպելու եւ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու հնարավորությունից:
Իրականում, իհարկե, հարց է` Նիկոլը դրանից ուրա՞խ է, թե` տխուր: Հաշվի առնելով, որ անգամ խորհրդարանի արդեն հին տարբերակով նա ուներ սահմանադրական հանրաքվեի հնարավորություն, սակայն ամեն կերպ խուսափեց դրանից` այն կապելով ընտրությունների հետ, թե` կվերընտրվեմ, հարցը կլուծվի: Այսինքն, մինչ այդ էլ նա ակնհայտորեն խնդիր տեսնում էր, որ իրականում կկարողանա դրական արդյունքով հանրաքվե անցկացնել, հաշվի առնելով, որ հանրաքվեի պարագայում ձայների փոշիացման եւ դրանով մեծամասնություն ստանալու մեխանիզմը չի աշխատելու: Իսկ ահա հիմա նա այդ հանրաքվեից խուսափելու այլ հիմնավորում է ստանում` չունի համապատասխան քանակով ձայներ:
Սակայն այս իրավիճակը միայն Փաշինյանի` լավ կամ վատ զգալով չէ, որ սահմանափակվում է: Թե ինչ հույսեր էր նա տվել Բաքվին` հանրաքվեն հետընտրական ժամանակ տեղափոխելու ծրագրերով, ինքը կիմանա: Բայց հիմա վիճակը սա է. Նիկոլն ունի 50 տոկոսից պակաս քվե եւ սահմանադրական մեծամասնության կորուստ: Այսինքն, Բաքվում արդեն սկսում են հենց այդ իրողությունից ելնելով որպես փաստ գնահատել այն, որ իրենց այդ նախապայմանը, թե` «խաղաղության պայմանագիր» կոչվածը կկնքվի միայն ՀՀ Սահմանադրությունից կոնկրետ դրույթներ հանելով, հազիվ թե իրականանա: Ընդ որում, Փաշինյանը «գցեց» իրենց, թե` ինչ, դա հարցի մի կողմն է: Հիմնական իմաստն այն է, որ հիմա Ալիեւը կանգնում է երկընտրանքի առաջ: Կա՛մ պետք է հրաժարվի իր այդ նախապայմանից, կա՛մ գտնի այլ լուծումներ` սկսած հայաստանյան ընդդիմադիր թեւի վրա ազդելուց, վերջացրած ուժային տարբերակներով: Նաեւ հաշվի առնելով, որ այդ այլ լուծումներից յուրաքանչյուրն իր բարդությունն ունի:
Գումարած այս ամենին, քանի դեռ չկա «խաղաղության պայմանագիր» կոչվածը, Ալիեւը նաեւ իր մեկ այլ նախապայմանի հետ կապված է նույն կարգի երկընտրանքի բախվում: Այն է. նա Հայաստանի հետ սահմանները բացելը կապել է հենց այդ պայմանագրի հետ, եւ եթե այն չկա, ապա պետք է նոր լուծումներ մտածի նաեւ իր երազանքների «Զանգեզուրի միջանցքի» կամ, գեղեցիկ փաթեթավորմամբ` «Թրամփի ուղու» հետ կապված: Հաշվի առնելով, որ այս հարցում ժամանակն ամենեւին էլ չի սպասում: Այսինքն, Իրանը շարունակում է կտրուկ դեմ հանդես գալ այդ ծրագրին: Մինչդեռ եթե իրանա–ամերիկյան պատերազմն ավարտվի այն հավանական սցենարով, որը Թեհրանն առաջ է մղում, եւ որը կտրուկ կմեծացնի Իրանի քաղաքական կշիռը, ապա «Թրամփի ուղու» փաստացի իրականացման հարցն էլ է մնում իրանական «կարմիր գծերից» կախված: Ընդ որում, նման իրավիճակում, եթե Իրանին հաջողվի իր աշխարհաքաղաքական կշիռը տեղափոխել «էլիտար լիգա», Թուրքիան ի զորու կլինի՞ իր «վճռական խոսքն ասել»:
Կարճ ասած, ստանում ենք նման իրողություն: Փաշինյանը ձգեց հանրաքվեն, դրանով հիմա խնդիրներ ունի անգամ այն անցկացնելու, էլ չասած` դրական արդյունքի մասով: Ու հիմա Ալիեւն ու Էրդողանը, ասենք նաեւ Թրամփը, գումարած` այդ միջանցքի հաշվին էներգետիկ հարցեր լուծելու ծրագրեր ունեցող Եվրոպան պետք է «գլուխ կոտրեն», թե հիմա ինչ են անելու: Եվ այն, որ այս ամբողջ թեւից Փաշինյանին ուղղված տհաճ հարցեր են լինելու, դա ամենաքիչն է:
ՄՈՍԿՎԱՆ ՈՒՆԻ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՉ ԼԵԳԻՏԻՄ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԼԾԱԿԸ
Մյուս կողմից, նման է, որ Ռուսաստանը եւս սկսում է առնվազն ի գիտություն ընդունել հայաստանյան ընտրությունների ներկա արդյունքները` մտածելով այս նոր իրավիճակում «ինչ անելու» մասին: Մոսկվայից դեռ պաշտոնական գնահատական կամ շնորհավորանք չկա: Դա նշանակում է, որ ռուսները դեռ «պաուզայի» վիճակում են` սպասելով վերջնական արդյունքներին: Նախ, ինչ լուծում է տրվելու ԲՀԿ–ի թեմային, եւ հավանականությունը մեծ է, որ եթե Նիկոլը գնա այդ ավանտյուրան մինչեւ վերջ առաջ մղելու տարբերակին, ապա Մոսկվան կարող է նաեւ հայաստանյան ընտրությունները ոչ լեգիտիմ ճանաչել: Ընդ որում, նման գործնականում անթաքույց ակնարկներ ՌԴ ԱԳՆ–ից արդեն գալիս են: Այդ թվում` պաշտոնական ներկայացուցիչ Զախարովայի հայտարարությունների տեսքով, թե` Հայաստանում խորհրդարանական ընտրությունները « ուղեկցվեցին իշխանությունների կողմից ընդդիմության վրա աննախադեպ ճնշմամբ» եւ Արեւմուտքի աննախադեպ միջամտությամբ:
Իսկ թե ինչ կնշանակի, եթե Մոսկվան ոչ լեգիտիմ որակի հայաստանյան ընտրությունները եւ դրա արդյունքում ստեղծված իշխանություններին, կարելի է կռահել: Ոչ լեգիտիմ իշխանությունների հետ ամենաքիչը չեն խոսում, ու դա, երեւի, Նիկոլն էլ է հասկանում, թեկուզեւ ելնելով Զելենսկուն Մոսկվայի կողմից ոչ լեգիտիմ ճանաչելու օրինակից: Իսկ եթե Մոսկվան դադարի Փաշինյանին ընդունել որպես լեգիտիմ ղեկավար, ապա մեծ հարց է, որ նա, ինչպես հայտարարում էր, ընտրություններից հետո կգնա Մոսկվա եւ բոլոր հարցերի շուրջ պայմանավորվածություններ ձեռք կբերի:
Իհարկե, Նիկոլը նման իրավիճակում կարող է նաեւ իր հերթին հրաժարվել Մոսկվայի հետ ամեն մի շփումից. Բելառուսի օրինակը գալիս է հուշելու, որ նա նաեւ նման բաների է ունակ: Միայն թե այդ դեպքում Հայաստանը միանգամից բախվելու է այն քանակի եւ մասշտաբի խնդիրների, որ դրա ֆոնին ելակ–ծաղիկի արգելքի պատմությունը մանկական խաղ կթվա: Կարո՞ղ է Փաշինյանն այդ բեռի տակից դուրս գալ իր «Արեւմուտքը մեզ կօգնի» բանաձեւով. քիչ իրատեսական է:
Չնայած, կարելի է ենթադրել, որ այս բոլոր հարցերով ներքին «բազարներն» այս օրերին ակտիվորեն ընթանում են: Ընդ որում, որոշ ելակետային փաստեր ակնարկում են դրական ընթացքի մասին: Նախ, Հայաստան վերադարձավ ՌԴ դեսպանը, ում, հիշեցնենք, «կոնսուլտացիաների համար» կանչել էին Մոսկվա: Հաջորդը. ռուսական քարոզչական դաշտում հայաստանյան թեման սկսել է նկատելիորեն թուլանալ: Թերեւս բացառությամբ ծայրահեղ ազգայնական թեւից, որը պահանջում է Հայաստանի հետ կապերը լիովին խզել: Բայց եթե դեսպանը վերադարձել է Հայաստան, նշանակում է, որ Մոսկվան, ազգայնական թեւից եկող նման ծայրահեղ պահանջները «կախելով» Փաշինյանի գլխին, այնուամենայնիվ, դեռ դրական դինամիկայի սպասելիքներ ունի:
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Խոշոր հաշվով Նիկոլը Մոսկվայում ասելիք ունի: Թե` Հայաստանը ԵԱՏՄ–ից, անգամ` ՀԱՊԿ–ից դուրս չի եկել, ԵՄ գնալն ընդամենը հռետորաբանություն է, քանի որ մեծ հարց է, թե երբեւէ տեղ կհասնե՞նք, իսկ ընդունված օրենքն ընդամենը շատ հեռահար մատնանշում է, եւ մեծ բան չասող, քանի որ ժողովուրդն է այդ հարցը լուծելու: Վերջապես կարող է մատնանշել առեւտրաշրջանառության այն մեծ աճը, որը կա Ռուսաստանի հետ իր իշխանության գալուց հետո եւ ԵՄ–ի հետ անկումը: Եվ այդպես շարունակ: Ու Նիկոլը պատրաստ է դրանք ներկայացնել, հաշվի առնելով, որ երեկ եւս հաստատեց, որ Մոսկվայից հրավեր ունենալու դեպքում անպայման կմեկնի, նաեւ, որ այդ այցի մասով նախնական փոխըմբռնում ՌԴ նախագահի հետ եղել է:
Ամբողջ հարցն այն է, թե Մոսկվան կցանկանա՞ լսել այս հռետորաբանությունը: Հաշվի առնելով, որ դրա այլընտրանքը Հայաստանի հետ հարաբերությունների լիակատար խզումն է, ինչպես որ պահանջում է ռուսական ազգայնական թեւը:
Երկրորոդ տարբերակի դեպքում դեռ տեսանելի չէ, թե Մոսկվան ինչ է շահում: Օրինակ, իսրայելյան հետախուզության նախկին ղեկավար, ռազմաքաղաքական հեղինակավոր փորձագետ Յակով Կեդմին գնահատել է հայաստանյան ընտրությունները եւ կարծիք հայտնել հետագա զարգացումների մասին` նշելով. «Պուտինը չի փրկի Հայաստանին հիմարությունից։ Միակ բանը, որ Հայաստանը կարող է առաջարկել Արեւմուտքին, ռուսաֆոբիան է, բայց երկրի ազդեցությունն այնքան փոքր է, որ այն, հավանաբար, չի վնասի իրենից բացի որեւէ մեկին»: Միգուցե: Միայն թե ավելի շատ իսրայելյան շահերն առաջ մղող Կեդմին նաեւ չի բացատրում, թե ի՞նչ է լինելու Հայաստանի ոչնչացման դեպքում, եթե «Պուտինը չփրկի»: Իսկ դա պարզ է. այս տարածքը պարզապես դառնում է թուրք–ազերիական, այն է` թյուրքական աշխարհը վերջնականապես միանում է` ձգվելով Ռուսաստանի ողջ հարավային գծով մեկ: Ի՞նչ է դա տալու Մոսկվային. հաստատ ոչ մի լավ բան:
Կարճ ասած, եթե էմոցիաները մի կողմ ենք թողնում, Մոսկվայի համար, քանի դեռ նա ուկրաինական խնդիրը, հարավկովկասյան ներկա ստատուս–քվոն պահպանելը միակ տարբերակ է: Առավել եւս, երբ, կրկնում ենք, Փաշինյանի մոտ կան դիրքային էական սահմանափակումներ: Այսինքն, ինչ–որ արտառոց ցնցումների սպասել երեւի պետք չէ, եթե միայն Իրանի հետ կապված կտրուկ տեղաշարժեր չլինեն:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68370

