Խոսքը որևէ կուսակցության շահի մասին չէ.«ԴՕԿ» կուսակցությունը ՍԴ-ում կվիճարկի ընտրությունների արդյունքները
Ներքաղաքական«Իրավունքի» տեղեկություններով ԴՕԿ կուսակցությունը որոշում ունի դիմել Սահմանադրական դատարան վիճարկելու հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Ին՞չ հիմքերով են դիմելու, որն՞ է լինելու պահանջը եւ ի վերջո ի՞նչ ակնկալիք ունեն ՍԴ-ից, հաշվի առնելով 2021-ի ՍԴ-ի մերժումը նույն խնդրով դիմելու արդյունքում։
Նկատենք, որ ՍԴ դիմելու որոշում ունի նաեւ «Հայաստան դաշինքը», ըստ այդմ՝ հնարավո՞ր է ԴՕԿ եւ «Հայաստան դաշիքը» միասին դիմում ներկայացնեն ՍԴ։ Այս եւ այլ ուշագրավ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի իրավապաշտպան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ, ով նախ նկատեց.
- Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքի հետ միասնական դիմում ներկայացնելուն, ապա այս պահի դրությամբ նման առաջարկ չենք ստացել, իսկ ԴՕԿ կուսակցությունը ևս նման առաջարկ չի ներկայացրել։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր իրավական պաշտպանության մարտավարությունը և ինքն է պատասխանատու իր ներկայացրած փաստերի ու պահանջների համար։
Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարան դիմելուն, ապա ԴՕԿ կուսակցությունը չի առաջնորդվում քաղաքական հայտարարություններով, այլ առաջնորդվում է իրավունքի գերակայության սկզբունքով և ներկայացնելու է այնպիսի փաստական և իրավական հիմքեր, որոնք, մեր գնահատմամբ, լրջագույն կասկածի տակ են դնում ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը։
Խոսքը վերաբերում է վարչական ռեսուրսի համակարգված կիրառմանը, ընտրողների նկատմամբ ճնշումների, ընտրակաշառքի վերաբերյալ զանգվածային տեղեկությունների, հարուցված բազմաթիվ քրեական վարույթների, ընտրական գործընթացի ընթացքում արձանագրված խախտումների, ընտրողների ազատ կամարտահայտության սահմանափակման, ինչպես նաև ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահությունը խաթարող այլ հանգամանքների ամբողջությանը։
Հայտնի իրավապաշտպանը ընդգծում է.
- Սահմանադրական իրավունքի տեսության և միջազգային իրավական չափանիշների համաձայն՝ ընտրությունների արդյունքները գնահատելիս քննության առարկա պետք է դառնան ոչ միայն առանձին խախտումները, այլ դրանց ամբողջական ազդեցությունը ընտրական գործընթացի վրա։ Երբ խախտումները կրում են զանգվածային, համակարգային և կազմակերպված բնույթ, հարցն այլևս չի վերաբերում մեկ կամ մի քանի տեղամասերի արդյունքներին։ Այդ դեպքում քննարկման առարկա է դառնում ամբողջ ընտրական գործընթացի համապատասխանությունը Սահմանադրությանը և ժողովրդավարական ընտրությունների սկզբունքներին։
Մեր համոզմամբ՝ Սահմանադրական դատարանի խնդիրը միայն թվեր հաշվելը չէ։ Սահմանադրական դատարանի առաքելությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացու ազատ կամարտահայտության պաշտպանությունն է։ Եթե ընտրողի կամքը ձևավորվել է վարչական ճնշման, վախի, նյութական շահագրգռման կամ այլ ապօրինի միջամտությունների պայմաններում, ապա վտանգվում է ոչ միայն ընտրության արդյունքը, այլև ժողովրդավարական պետության սահմանադրական հիմքը։
2021 թվականի որոշման վերաբերյալ հաճախ են հարցադրում անում։ Մեր պատասխանը պարզ է․ Սահմանադրական դատարանը գնահատում է ոչ թե նախորդ ընտրությունները, այլ տվյալ ընտրությունների փաստական հանգամանքները։ Յուրաքանչյուր ընտրություն ունի իր ապացույցները, իր իրավական գնահատման առարկան և իր սահմանադրական պատասխանատվությունը։ Հետևաբար, նախորդ որոշումը չի կարող կանխորոշել ներկա գործի ելքը և չի կարող սահմանափակել քաղաքական ուժերի՝ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը։
Մենք Սահմանադրական դատարանից որևէ քաղաքական ակնկալիք չունենք։ Մենք ակնկալում ենք միայն մեկ բան՝ իրավական, անկախ և անաչառ քննություն։ Եթե դատարանը գտնի, որ արձանագրված խախտումները չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա, թող այդ մասին հիմնավորված որոշում կայացնի։ Սակայն եթե պարզվի, որ խախտումները եղել են այնպիսի ծավալի և բնույթի, որ ազդել են ընտրողի ազատ կամարտահայտության և ընտրությունների արդյունքների վրա, ապա դատարանը պարտավոր է կայացնել Սահմանադրությունից և օրենքից բխող որոշում՝ անկախ քաղաքական հետևանքներից։
Ի վերջո, խոսքը որևէ կուսակցության շահի մասին չէ։ Խոսքը Հայաստանի Հանրապետության քաղաքացու քվեի արժեքի, ընտրական իրավունքի պաշտպանության և պետական իշխանության լեգիտիմության մասին է։

