«Փաստ». Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին
Մամուլի տեսություն«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում նկատվող լարվածությունը վաղուց դուրս է եկել սոսկ դիվանագիտական հայտարարությունների տիրույթից։ Այն աստիճանաբար վերածվում է հստակ տնտեսական ճնշումների գործիքակազմի, որն ուղղակիորեն հարվածում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Այս համատեքստում հարց է առաջանում՝ ո՞րն է Մոսկվայի որդեգրած մարտավարության նպատակը, և ինչո՞ւ է թիրախավորվում հենց հանրության ամենախոցելի խավը։
Այս իրավիճակը հասկանալու համար բավական է համեմատել այն մեթոդները, որոնցով աշխարհաքաղաքական կենտրոնները փորձում են ազդեցություն հաստատել տարածաշրջանում։ Աշխարհաքաղաքական ազդեցության տարածման հարցում Արևմուտքը և Ռուսաստանը տարիներ շարունակ կիրառել են սկզբունքորեն տարբերվող մոդելներ։ Տասնամյակներ շարունակ Արևմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի և Եվրոպական միության, Հայաստանում գործել է «փափուկ ուժի» միջոցով՝ հասարակական կազմակերպությունների, կրթական ծրագրերի և մեդիա տիրույթի օգնությամբ փորձելով աստիճանաբար, երկարաժամկետ կտրվածքով ազդել հանրային կարծիքի, արժեքային համակարգի և ժողովրդավարական ինստիտուտների վրա։
Այս պատժիչ մարտավարության ամենացավոտ ու անարդար կողմն այն է, որ դրանից ամենևին չի տուժում քաղաքական էլիտան։ Հարվածը հասնում է երկրի տնտեսության ամենախոցելի հիմքին՝ գյուղատնտեսներին, մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին։ Այս մարդիկ, ովքեր վարկային մեծ պարտավորությունների տակ են, և ում տարեկան եկամուտը կախված է մի քանի շաբաթվա բերքահավաքից ու դեպի ՌԴ արտահանումից, այսօր կանգնած են ֆինանսական կործանման առաջ։ Տեղական արտադրողները տասնամյակներ շարունակ իրենց լոգիստիկան և արտադրանքի ստանդարտները հարմարեցրել են ռուսական շուկային, նրանք կենսականորեն կապված են Ռուսաստանի տնտեսության հետ և այժմ կանգնել են գոյութենական լուրջ խնդրի առաջ, ինչը հղի է սոցիալական մեծ աղետով։
Ստեղծված իրավիճակում Հայաստանի իշխանություններից պահանջվում է ծայրահեղ հեռատեսություն, պրագմատիզմ և օպերատիվություն։ Թեև արտահանման շուկաների աշխարհագրության երկարաժամկետ դիվերսիֆիկացումը դեպի Մերձավոր Արևելք, ԵՄ, Ծոցի երկրներ կամ Հնդկաստան կարևոր է, այդուամենայնիվ, այսօր հրատապ հրամայական է րոպե առաջ և արագորեն լուծել ԵԱՏՄ-ի հետ կապված բոլոր կախված հարցերը։ Ապրանքների ազատ տեղաշարժի արգելափակումը խախտում է հենց այդ կառույցի հիմնարար պայմանագիրը, ուստի Երևանը պետք է ակտիվացնի ինստիտուցիոնալ, այլ ոչ թե անձնավորված դիվանագիտությունը՝ իրավական հարթակում պաշտպանելու սեփական արտադրողների շահերը։ Դրան զուգահեռ, պետությունը պետք է հրատապ հակաճգնաժամային «անվտանգության բարձիկներ» ստեղծի տուժած խավերի համար՝ ներառելով վարկային արձակուրդներ և սուբսիդավորում, ինչպես նաև ներսում խստացնի տեխնիկական ստանդարտների լաբորատոր ստուգումները, որպեսզի քաղաքական դրդապատճառներով կիրառվող արգելքները զրկվեն որևէ իրավական պատրվակից։
Միևնույն ժամանակ, խիստ անհրաժեշտ է ուղիղ կոչ հղել Ռուսաստանի իշխանություններին՝ սեփական քաղաքական խնդիրներն ու դժգոհությունները չլուծել Հայաստանի շարքային քաղաքացիների հաշվին։ Ի վերջո, հայ ժողովուրդը պատմականորեն եղել և մնում է Ռուսաստանի և ռուսների բարեկամ ժողովուրդը։ Մեր հանրություններն օրգանապես կապված են միմյանց հետ, ինչի վառ ու անխոցելի ապացույցն է հենց Ռուսաստանի Դաշնությունում ապրող հայերի հսկայական քանակը, որն իր ծավալով գրեթե հավասար է Հայաստանի բնակչությանը։ Այս միլիոնավոր մարդկային ճակատագրերն ու տնտեսական թելերը թույլ չեն տալիս երկկողմ հարաբերությունները դիտարկել սոսկ պահի քաղաքական կոնյունկտուրայի տեսանկյունից։
Մոսկվայում պետք է հստակ գիտակցեն, որ քաղաքական տարաձայնությունները Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև անցողիկ են, իսկ ժողովուրդների դարավոր կապերը՝ մշտական։ Ուստի, Ռուսաստանը պետք է ավելի կառուցողական այլ լուծումներ գտնի իր քաղաքական տարաձայնությունները հարթելու համար, որպեսզի դրանից չտուժեն հասարակ մարդիկ, և վերջնականապես չխարխլվի այն հսկայական վստահության կապիտալը, որը դարերով ձևավորվել է երկու բարեկամ ժողովուրդների միջև։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68305

