Ընտրական ֆիասկո

Վերլուծություն

2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները հերթական անգամ ցույց տվեցին մի իրողություն, որի մասին ընդդիմադիր դաշտում երկար ժամանակ խուսափում էին բարձրաձայն խոսել: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը շարունակում է կորցնել իր ընտրազանգվածը: Եթե 2021 թվականի արտահերթ ընտրություններում դաշինքը հավաքել էր շուրջ 269 հազար ձայն եւ ստացել էր ընտրողների ավելի քան 21 տոկոս աջակցությունը, ապա 2026 թվականին այն ստացել է ընդամենը մոտ 145 հազար ձայն կամ գրեթե 10 տոկոս:

Սա նշանակում է, որ հինգ տարվա ընթացքում դաշինքը կորցրել է ավելի քան 124 հազար ընտրող։ Թվերի լեզվով ասած՝ 2021 թվականին Քոչարյանի օգտին քվեարկած քաղաքացիներից գրեթե յուրաքանչյուր երկրորդը 2026-ին այլեւս չի ընտրել «Հայաստան» դաշինքին:

Քաղաքական առումով սա պարզապես ընտրական անհաջողություն չէ։ Դա ընդդիմադիր ռազմավարության ճգնաժամի ցուցիչ է: 2021 թվականին Քոչարյանի շուրջ համախմբված էր պատերազմից հետո ձեւավորված բողոքի ալիքը։ Այդ ընտրություններում ընդդիմության հիմնական ուղերձը Նիկոլ Փաշինյանի հեռացումն էր: Սակայն հաջորդ հինգ տարիների ընթացքում այդ օրակարգը չվերածվեց նոր քաղաքական առաջարկի, եւ բողոքական ընտրազանգվածի զգալի հատվածը սկսեց փնտրել այլ կենտրոններ:

2026 թվականի ընտրություններում ընդդիմադիր դաշտում արդեն հայտնվեց նոր ուժային կենտրոն՝ «Ուժեղ Հայաստանը»՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, որը կարողացավ հավաքել ավելի քան 23 տոկոս աջակցություն եւ դառնալ գլխավոր ընդդիմադիր բեւեռը։ Այս հանգամանքը փաստացի վկայում է, որ հակաիշխանական ընտրողը չանհետացավ, այլ պարզապես տեղափոխվեց այլ քաղաքական հարթակ: Իսկ Կարապետյանին այդ ընտրազանգվածին առաջնորդելը դեպի իշխանափոխություն դժվար թե հաջողվի` հաշվի առնելով, որ արդեն իսկ բացահայտվեց, որ հնչեցված ինքնավստահ հայտարարությունների տակ չկար քաղաքական հաշվարկ:

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԻ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ

Եթե 2021 թվականին Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, որ կրելու են, Սամվել Կարապետյանն էլ ինքնավստահ էր, որ հաղթելու են: Հատկանշական է նաեւ, որ դեռ ընտրություններից ամիսներ առաջ Քոչարյանի թիմը հայտարարում էր, թե իրենց վարկանիշը նույնիսկ ավելի բարձր է, քան 2021 թվականին։ Սակայն ընտրությունների արդյունքները ցույց տվեցին հակառակը։ Ընդդիմության ներսում տեղի ունեցավ ընտրազանգվածի վերաբաշխում, եւ նախկին երկրորդ նախագահի շուրջ ձեւավորված բեւեռը կորցրեց գլխավոր ընդդիմադիր ուժի կարգավիճակը: Ավելի կոնկրետ Սամվել Կարապետյանն իրոք հաղթեց, բայց ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Ռոբերտ Քոչարյանին:

Այսպիսով, եթե 2021 թվականին «Հայաստան» դաշինքը համարվում էր իշխանության հիմնական մրցակիցը, ապա 2026 թվականից հետո քաղաքական իրականությունը փոխվել է։ Քոչարյանի քաղաքական թիմի առջեւ այժմ կանգնած է ոչ թե իշխանության, այլ նույնիսկ ընդդիմադիր դաշտում առաջնորդի դիրքերը վերականգնելու խնդիրը կամ, ուղղակի, ընդունելու, որ 8 տարի անընդհատ սխալվելուց հետո արժե քաղաքական թայմաութ վերցնել:

ԻՆՉՈՒ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՎԱԿՆՈՂ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԻ  «ՄԵՐ ՁԵՎՈՎԸ» ՉԱՇԽԱՏԵՑ

«Ժամանակը չէ 20 մասի բաժանել ընդդիմությանը, համագումարի հրավիրեք բոլոր ընդդիմադիրներին, միասնական ճակատ ստեղծեք, համահայկական շարժում, հոգեւոր ալիք՝ մեր երկիրը փրկելու համար», - դեռ ընտրություններից առաջ այսպիսի կոչով էր հանդես եկել Սահմանադրական իրավունք միություն կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը՝ զգուշացնելով, որ մասնատված ընդդիմությունը չի կարող հասնել իշխանափոխության։

Սակայն ընտրություններին մասնակցող ուժերի վարքագծից այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ նրանք մրցում էին ոչ թե հանրությանը համախմբելու եւ իշխանափոխության իրական ծրագիր ներկայացնելու, այլ ընդդիմադիր դաշտի ներսում գերիշխանություն հաստատելու համար։ Քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի ծրագրերի միջեւ սկզբունքային տարբերություններ գրեթե չէին նշմարվում։ Արտաքին քաղաքականության, անվտանգության, տնտեսական զարգացման եւ անգամ Արցախի հարցի վերաբերյալ ներկայացվող մոտեցումները հաճախ այնքան նման էին, որ ընտրողը դժվարությամբ էր հասկանում, թե ինչով են դրանք տարբերվում միմյանցից։

Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը եւ Ռոբերտ Քոչարյանի թիմը հիմնականում պայքարում էին նույն ընտրազանգվածի համար՝ փորձելով հանդես գալ որպես գործող իշխանության գլխավոր այլընտրանք։ Սակայն այդ պայքարը վերածվեց ոչ թե իշխանության դեմ մրցակցության, այլ ընդդիմության ներսում ազդեցության համար պայքարի։ Արդյունքում հակաիշխանական ընտրազանգվածը բաժանվեց, իսկ ընդդիմության ներկայացրած օրակարգը չկարողացավ ձեւավորել այն համախմբող գաղափարը, որը կարող էր լայն հասարակական աջակցություն ապահովել։

Միաժամանակ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին նաեւ մեկ այլ կարեւոր հանգամանք. հանրության զգալի հատվածը, դժգոհ լինելով գործող իշխանությունից, պատրաստ չէ ավտոմատ կերպով աջակցել նախկին քաղաքական եւ տնտեսական համակարգերի հետ ասոցացվող ուժերին։ Ընտրողը փաստացի մերժեց ոչ միայն իշխանությանը, այլ նաեւ այն քաղաքական մշակույթը, որը հասարակության մի մասի ընկալմամբ կապված է օլիգարխիկ եւ կիսաֆեոդալական կառավարման մոդելների հետ։

Այս համատեքստում ընդդիմության անհաջողության քաղաքական պատասխանատվությունը դժվար է շրջանցել։ Եթե Սամվել Կարապետյանը հանդես էր գալիս որպես իշխանափոխության գլխավոր հավակնորդ, հայտարարում էր հաղթանակի մասին եւ իր շուրջ էր կենտրոնացրել ընդդիմադիր ընտրազանգվածի զգալի մասը, ապա ընտրությունների արդյունքներից հետո հենց նա է կրում հիմնական քաղաքական պատասխանատվությունը չիրականացված սպասումների համար։ Ի վերջո, իշխանափոխության խոստումը դարձավ ընդդիմության գլխավոր կարգախոսը, սակայն այդ նպատակը չապահովվեց ոչ միասնական ռազմավարությամբ, ոչ հստակ ծրագրով, ոչ էլ ընտրողին համոզող քաղաքական հաշվարկով։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում