Ինձ համար կարեւոր էր, որ Հայաստանի մասին երգում հնչի հայկական ձայն. ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

2026 թվականի մայիսի 28-ին՝ Հայաստանի Հանրապետության օրը, ռուս հայտնի երգիչ, կոմպոզիտոր եւ պրոդյուսեր ՄԱՔՍԻՄ ՖԱԴԵԵՎԸ թողարկեց «Армения» («Հայաստան») հուզիչ երգն ու տեսահոլովակը, որը ձայնագրվել էր Հայաստանի վաստակավոր արտիստ Արման Հովհաննիսյանի հետ զուգերգով: Կոմպոզիցիան արդեն իսկ կենդանի արձագանք է առաջացրել ունկնդիրների մոտ: Հատուկ մեր «Իրավունքի»  համար տված իր բացառիկ հարցազրույցում Մաքսիմ Ֆադեեւը պատմեց, թե ինչպես է ծնվել այս աշխատանքը, ինչ է նշանակում իր համար հայկական մշակույթը, եւ ինչու է որոշել անդրադառնալ միասնության թեմային:

«ՈՒՆԵՄ ՆԵՐՔԻՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ` ԵՐԳԵՐ ԳՐԵԼ 15 ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

— Դուք «Армения» («Հայաստան») երգն անվանել եք «նվիրում մեծ երկրին եւ մեծ ժողովրդին»։ Պատմեք, թե ինչպե՞ս ծնվեց երգի գաղափարը, եւ ի՞նչն է անձամբ Ձեզ ոգեշնչում Հայաստանում, հայ ժողովրդի մեջ։

— Այս երգի գաղափարը երեկ չի ծնվել։ Ես վաղուց ունեմ ներքին ցանկություն` երգեր գրել 15 հանրապետությունների մասին, որոնց հետ կապված են իմ կյանքը, մանկությունը, հիշողությունները։ Ես մարդ եմ, որը մեծացել է Խորհրդային Միությունում, եւ ինձ համար այդ ժողովուրդները միշտ հարազատ են եղել։

Հայաստանն ինձ համար պատահական թեմա չէր։ Անձամբ ես հայկական արմատներ չունեմ, բայց դրանք ունի իմ կինը, ուստի՝ այս մշակույթի հետ մարդկային, ընտանեկան կապն ինձ մոտ վաղուց գոյություն ուներ։ Հայաստանը շատ ուժեղ բնավորություն ունեցող երկիր է։ Սա ժողովուրդ է, որը շատ փորձություններ է հաղթահարել, բայց պահպանել է իր արժանապատվությունը, հավատը, մշակույթն ու ձայնը։ Հայ ժողովրդի մեջ ինձ ոգեշնչում է հենց դա՝ ներքին ուժը, սեփական արմատների, ընտանիքի եւ հայրենիքի նկատմամբ հարգանքը։

— Ինչպե՞ս էր ընթանում Ձեր համատեղ աշխատանքը Արման Հովհաննիսյանի հետ, եւ ի՞նչ նշանակություն ունի Ձեզ համար նրա մասնակցությունն այս նախագծին։

— Ինձ համար կարեւոր էր, որ Հայաստանի մասին երգում հնչեր հայկական ձայնը։ Ոչ թե պարզապես հրավիրված արտիստի, այլ մարդու, որի համար այս հողը հայրենիք է։ Արմանը շատ ճշգրիտ զգաց այս երգը։ Մեզ մոտ ստացվեց իրական համընկնում՝ ինտոնացիայի, վերաբերմունքի եւ թեմայի նկատմամբ հարգանքի առումով։ Նրա մասնակցությունն ինձ համար շատ կարեւոր է, որովհետեւ առանց նրա այս երգն այլ կլիներ։ Նա երգին տվեց կենդանի հայկական ճշմարտություն։

«ԵՍ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐ ՉՈՒՆԵՄ, ԲԱՅՑ ԻՄ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԱՅԴ ԿԱՊԸ ԿԱ՝ ԿՆՈՋՍ ՇՆՈՐՀԻՎ»

— Մի փոքր պատմեք տեսահոլովակի ստեղծման գործընթացի մասին։

 — Գործընթացը հեշտ չէր․ մենք շփվել ենք 4 ռեժիսորի հետ, նախքան Արենին ընտրելը։ Հենց նրա սցենարն էր լավագույնը։

Տեսահոլովակը նկարահանել ենք երեք օր Հայաստանում՝ Սեւանա լճում եւ շատ այլ գեղեցիկ ու պատմական նշանակություն ունեցող վայրերում։ Սեւանում շատ ցուրտ էր․ Արմանը ստիպված էր կանգնել լճի հատակին ամրացված հարթակի վրա։ Նկարահանումներից հետո նրա տաբատի վրա բառացիորեն սառույց էր գոյացել։ Բարեբախտաբար, նա չհիվանդացավ։

Մենք Արմանի հետ ցանկանում էինք, որ հանդիսատեսը տեսնի ոչ թե բեմադրված, այլ իրական Հայաստանը։ Այդ պատճառով տեսանյութում կան ոչ միայն գեղեցիկ կադրեր, այլեւ տրամադրություն ու հոգեվիճակ։ Այս երգի համար դա ամենակարեւորն էր։

— Դուք հայկական արմատներ չունեք, սակայն այս երգը շատ հայերի համար դարձավ «իրենցը»: Ի՞նչ է Ձեզ համար նշանակում, երբ ուրիշ ժողովուրդ Ձեր արածն ընդունում է` որպես իրեն ուղղված նվիրում։

— Անձամբ ես հայկական արմատներ չունեմ, բայց իմ ընտանիքում այդ կապը կա՝ կնոջս հայկական արմատների շնորհիվ։ Ես չեմ փորձել խոսել հայերի անունից։ Ես խոսել եմ իմ անունից՝ որպես մարդ, որը ցանկացել է արտահայտել իր հարգանքը, սերն ու երախտագիտությունը Հայաստանի եւ նրա ժողովրդի հանդեպ։

Եվ եթե հայերն այս երգն ընդունել են որպես իրենցը, եթե գրում են, որ այն արձագանք է գտնում իրենց սրտերում, ապա դա ինձ համար ամենաբարձր գնահատականն է։ Դա նշանակում է, որ երգն իսկական է։

«ԱՅՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԿԱՊՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ՔԱՆԴԵԼ»

— Եղե՞լ են արդյոք հայերից ստացված անձնական հանդիպումներ կամ նամակներ, որոնք Ձեզ հուզել են։

 — Երգի եւ տեսահոլովակի թողարկումից հետո ես տեսա հսկայական քանակությամբ մեկնաբանություններ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերից։ Գրում են մարդիկ Հայաստանից, Ռուսաստանից, Եվրոպայից, Ամերիկայից՝ նրանք, ում կյանքը իսկապես սփռել է աշխարհով մեկ, բայց ովքեր շարունակում են իրենց մեջ կրել Հայաստանը։

Ինձ հատկապես հուզում է, երբ մարդիկ գրում են, որ երգն ուղարկել են իրենց ծնողներին, ընկերներին, հարազատներին։ Դա նշանակում է, որ երգը դարձել է ոչ թե պարզապես թողարկում, այլ մարդկանց համար ինչ-որ անձնական ու կարեւոր բան։

Ինձ նաեւ շատ հաճելի է կարդալ ռուս մարդկանց խոսքերը, որոնք գրում են Ռուսաստանի եւ Հայաստանի բարեկամության մասին, այն մասին, որ այս երգը հիշեցրել է նրանց մեր ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող կապի մասին։ Հենց նման արձագանքների համար էլ արժե երաժշտություն ստեղծել։

— Ի՞նչ կասեք ռուս-հայկական բարեկամության մասին։

— Ես վստահ եմ, որ այն, ինչ կառուցել են մեր պապերն ու նախապապերը՝ այն հարաբերությունները, որոնք կապում են Ռուսաստանն ու Հայաստանը, ոչ ոք չի կարող քանդել՝ ո՛չ ներսից, ո՛չ դրսից։

Մենք տեսնում ենք, թե ինչպես է արտաքին ճնշում գործադրվում նախկին Խորհրդային Միության հանրապետությունների նկատմամբ։ Իսկ ես հիշում եմ, թե ինչպես դեռ երեկ բոլորս միասին սովորում էինք նույն դասարանում։ Եվ ես չեմ կարող դա հասկանալ...

Ես յուրաքանչյուր հանրապետության կնվիրեմ մի երգ՝ ի հիշատակ մեր բարեկամության, որը եղել է, կա եւ կլինի։ Ես կասեմ պարզապես․ բարեկամությունը մարդիկ են։ Ընտանիքներ։ Հիշողություն։ Երաժշտություն։  Ընդհանուր պատմություն, կրոն։ Դա այն հարգանքն է, որը փոխանցվում է սերնդեսերունդ։

Ռուսներին եւ հայերին շատ բան է կապում։ Մենք միասին անցել ենք ծանր ժամանակների միջով, այդ թվում՝ Հայրենական մեծ պատերազմը։ Մեր մշակույթները միշտ առնչվել են միմյանց, մեր արտիստները երգել են նույն բեմերում, մեր ժողովուրդները կողք կողքի ապրել են, ընկերացել, ընտանիքներ կազմել, օգնել միմյանց։

Ես քաղաքական գործիչ չեմ, ես երաժիշտ եմ։ Բայց ես հստակ գիտեմ, որ երաժշտությունը կարող է մարդկանց հիշեցնել ամենակարեւորի մասին։ Այն մասին, որ մեզ միավորում է շատ ավելի մեծ բան, քան երբեմն թվում է։ Եվ եթե «Армения» («Հայաստան») երգը դարձել է այդ կապի մասին եւս մեկ հիշեցում, նշանակում է՝ այն իզուր չի ստեղծվել։ Եվ ամենակարեւորը՝ մենք ձեզ հետ ունենք մեկ Աստված, մեկ Խաչ։

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում