Դժվար է ակնկալել, որ ԵՄ-ն հայկական արտադրանքի համար բացառիկ պայմաններ կստեղծի. Տնտեսագետ
ՀանդիպումՌուսաստանի սանկցիաներից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ որոնում են այլընտրանքային շուկաներ, ընթանում են բանակցություններ, և առաջին խմբաքանակներն արդեն արտահանվել են։ Քարոզարշավի վերջին օրերին էլ Փաշինյանն ասել է, թե վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակներն ուղարկվել են նոր շուկաներ, հատկապես ԵՄ անդամ կամ ԵՄ ձգտող երկրներ։ Վստահեցնելով, որ ճգնաժամ չի լինի, և երկրների անունները կհրապարակվեն ապրանքների տեղ հասնելուց հետո։ Մինչ օրս որեւէ երկրի անուն դեռ չի հրապարակվել, իսկ ռուսական սանկցիաները օր-օրի ընդլայնվում են։ Ավելին, ՌԴ-այլ երկրներից ավելացրել է , օրինակ, ձկան ներմուծումը՝ Հայաստանից մատակարարումները փոխարինելու համար:
Այս իրավիճակում ի՞նչ սպասել ԵՄ-ից, արդյ՞ոք այն կարող է այլընտրանքային շուկա դառնալ հայ տնտեսվարողների համար, հարցին տնտեսագետ Հրանտ Միքաելյանը բացասական պատասխան տվեց.
- Եվրամիության շուկան բավականին փակ է։ Նույնիսկ այն երկրները, որոնք ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրեր ունեն, օրինակ՝ Ուկրաինան, Վրաստանը, մուտք են ստացել սահմանափակ ծավալներով։ Արդեն ունենք Վրաստանի փորձը։ Վրաստանը այդպես էլ նոր շուկա չգտավ։ 7 տարի Սաակաշվիլին Պուտինի հետ տնտեսան պատերազմի մեջ է ներգրավված եղել։ Նրանք ոչ նոր շուկա գտան, ոչ էլ մարդկանց փոխհատուցեցին։ Ուղղակի Վրաստանի գյուղացին հսկայական կորուստներ ու զրկանքներ է կրել Սաակաշվիլիի արկածախնդիր քաղաքականության պատճառով, նույնն էլ այստեղ է լինելու:
Տնտեսագետի պնդմամբ.
- Նույնիսկ քաղաքական աջակցության պայմաններում դժվար է ակնկալել, որ ԵՄ-ն հայկական արտադրանքի համար բացառիկ պայմաններ կստեղծի։ Եթե նույնիսկ որոշակի գնումներ լինեն, դրանք չեն կարող ամբողջությամբ փոխարինել այն ծավալներին, որոնք այսօր ուղղվում են ԵԱՏՄ շուկա։ Մարդկանց կարող է թվալ՝ որպեսզի աջակցեն Փաշինյանին և հասնեն իրենց քաղաքական նպատակներին, ԵՄ-ն բացառություն կանի։ Սակայն չի անի։ Օրինակ, Ուկրաինային, որն իրենց համար նույնիսկ պատերազմ է վարում, էլի բացառություն չեն արել։ Կարող է՝ շատ փոքր քանակությամբ։ Օրինակ, եթե մարդկանց պետք է վաճառել 10 տոննա, ԵՄ-ն կարող է 500 տոննա գնի։
Այս իրավիճակում գյուղատնտեսական ոլորտը կարող է ամենաշատը տուժել, եթե արտահանման խնդիրները շարունակվեն, իսկ դրա հետևանքները կզգան նաև այդ ոլորտում աշխատող հազարավոր ընտանիքներ։

