Ուժեղները ելան դուխովների դեմ, եւ երկու կողմն էլ պարտվեցին
ՎերլուծությունԽորհրդարանական ընտրությունները, ըստ էության, փակեցին ոչ միայն հերթական քաղաքական ցիկլը, այլեւ քանդեցին մի շարք քաղաքական առասպելներ։ Հունիսի 7-ից առաջ հասարակությանը ներկայացվում էր մի պատկեր, որի համաձայն ընդդիմությունը ոչ թե պարզապես մասնակցելու էր ընտրություններին, այլ պատրաստվում էր հաղթել, «կրել», վերցնել իշխանությունը եւ վերջ տալ Նիկոլ Փաշինյանի քաղաքական շրջանին։ Մյուս կողմից իշխանությունն էլ համոզված էր, որ հերթական անգամ վերահաստատելու է իր բացարձակ գերիշխանությունը եւ ընդդիմությանը թողնելու է քաղաքական լուսանցքում։ Արդյունքում ստացվեց բոլորովին այլ պատկեր։
Փաստացի իշխանությունը չկարողացավ վերականգնել այն քաղաքական մենաշնորհը, որը տարիներ շարունակ ներկայացնում էր որպես ժողովրդի անվերապահ վստահության արդյունք։ Սակայն նույնքան փաստ է նաեւ այն, որ ընդդիմությունը չկարողացավ իրականացնել այն, ինչ ամիսներ շարունակ խոստանում էր սեփական ընտրողին՝ իշխանափոխություն։
Ստացվեց յուրահատուկ քաղաքական կոմբինացիա՝ ուժեղները ելան դուխովների դեմ, եւ երկու կողմն էլ պարտվեցին։ Միայն թե այս անգամ ոչ թե Տղմուտ գետի ափին, այլ ընտրատեղամասերում։
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԽՆԴԻՐԸ՝ ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ
Հետընտրական առաջին օրերին ընդդիմության ներկայացուցիչների հայտարարություններն ավելի շատ հարցեր առաջացրին, քան պատասխաններ տվեցին։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համարի՝ Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանի հայտարարությունը, թե իրենք վերցնելու են մանդատները, գնալու են Ազգային ժողով եւ թույլ չեն տալու, որ իշխանությունը նշանակի իր ուզած դատավորներին կամ դատախազներին, ըստ էության, բացահայտեց այն, ինչ ընդդիմությունը քարոզարշավի ընթացքում փորձում էր չասել։
Եթե ի վերջո նպատակը խորհրդարան մտնելն էր, ինչո՞ւ այդ մասին բաց տեքստով չէր ասվում ընտրողներին։ Ինչո՞ւ քաղաքացիներին ներկայացվում էր իշխանափոխության օրակարգ, եթե իրականում քննարկվում էր նաեւ «պլան Բ»-ն՝ խորհրդարանական ընդդիմություն աշխատելու տարբերակը։ Սա հենց այն հարցն է, որի պատասխանը մինչ օրս ընդդիմությունը չի տվել։ Քաղաքացին իրավունք ունի իմանալու՝ իր ձայնը տվել է իշխանափոխության ծրագրի՞ն, թե՞ հերթական խորհրդարանական ընդդիմության ձեւավորմանը։
ՈՐՏԵ՞Ղ ԿՈՐԱՎ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ
Եթե ընդդիմությունը համոզված է, որ ընտրություններն անազատ եւ անարդար են եղել, ապա բնական էր ակնկալել, որ ընտրություններից անմիջապես հետո ամբողջ քաղաքական ռեսուրսը կուղղվեր խախտումների բացահայտմանը, փաստերի հավաքագրմանը եւ հասարակությանը ներկայացնելուն։
Սակայն այդ օրակարգը գրեթե անմիջապես փոխարինվեց մեկ այլ թեմայով՝ «Մանդատ վերցնե՞լ, թե՞ չվերցնել»։ Սա ինքնին արդեն ցուցիչ է, որ ընդդիմությունը չի կարողացել հետընտրական պայքարի հստակ ռազմավարություն ձեւավորել։ Եթե մանդատներից հրաժարվելու տարբերակ գոյություն ուներ, ինչո՞ւ դրա մասին ընտրողներին չէին զգուշացնում նախապես։ Եթե այդ տարբերակը գոյություն չուներ, ինչո՞ւ այսօր այն ներկայացվում է որպես քաղաքական քննարկման առանցքային թեմա։ Այս հարցերի բացակայությունն է, որ հասարակության զգալի հատվածի մոտ առաջացրել է հիասթափություն։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՐԱԴՈՔՍԸ
Հետընտրական գործընթացների ամենահետաքրքիր հակասություններից մեկը վերաբերում է Սահմանադրական դատարանին։ «Հայաստան» դաշինքը հայտարարում է, որ պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները ՍԴ-ում։ Միեւնույն ժամանակ, նույն քաղաքական ուժերը տարիներ շարունակ պնդել են, որ գործող Սահմանադրական դատարանը ձեւավորվել է իշխանության քաղաքական միջամտությամբ եւ անկախ չէ։ Այստեղ առաջանում են մի քանի սկզբունքային հարցեր։
Առաջին. եթե վստահում եք Սահմանադրական դատարանին այնքան, որ այնտեղ եք տեղափոխում քաղաքական պայքարի առանցքային փուլը, ապա պատրա՞ստ եք ընդունել նաեւ դրա որոշումը։
Երկրորդ. եթե վստահություն չունեք այդ դատարանի նկատմամբ, ապա ինչո՞ւ եք ձեր ընտրողին հույս տալիս, որ հենց այդ կառույցը կարող է վերականգնել արդարությունը։
Երրորդ. եթե ՍԴ-ն որոշի պահպանել ընտրությունների արդյունքները, ընդունելո՞ւ եք այդ որոշումը, թե՞ այն կճանաչեք միայն այն դեպքում, եթե համապատասխանի ձեր քաղաքական սպասումներին։
Սրանք իրավականից ոչ պակաս քաղաքական հարցեր են։
ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍՏԱՑԱՎ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Իսկ իշխանությունը, որը քարոզարշավի ընթացքում բախվեց բավականին լուրջ դիմադրության, այժմ ստացել է քաղաքական շունչ քաշելու հնարավորություն։
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Գյումրիի քաղաքային իշխանության շուրջ ստեղծված խնդիրների վերաբերյալ ցույց են տալիս, որ իշխանությունը պատրաստվում է արագ անցնել ներքաղաքական նոր օրակարգի ձեւավորմանը։
Եթե ընդդիմությունը շարունակի զբաղվել մանդատների շուրջ ներքին քննարկումներով, իշխանությունն արդեն մի քանի ամիս անց կսկսի ներկայացնել նոր ծրագրեր, նոր նախաձեռնություններ եւ հասարակությանը համոզել, որ քաղաքական ճգնաժամ գոյություն չունի։ Հենց սա է ընդդիմության ամենամեծ վտանգը։ Ժամանակը կրկին աշխատում է Նիկոլ Փաշինյանի օգտին։
Վերջին օրերին ակտիվացել են նաեւ տարբեր «վերլուծաբաններ», որոնք համոզում են, թե ընդդիմությունը պարտադիր պետք է վերցնի մանդատները եւ խորհրդարանում շարունակի պայքարը։ Բայց այստեղ նույնպես կա կարեւոր հարց։ Ո՞ւմ է ձեռնտու խորհրդարանական ընդդիմության շարունակական գոյությունը։
ԻՆՉՈ՞Ւ ԿՐԿԻՆ ՉՀԱՋՈՂՎԵՑ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Ամենակարեւոր հարցը, սակայն, մնում է անպատասխան։ Ինչո՞ւ ընդդիմությունը հերթական անգամ չկարողացավ վերածել հասարակական դժգոհությունը քաղաքական հաղթանակի։ Պատճառները բազմաթիվ են՝ չափազանցված սպասումներ, անհիմն հաղթական հռետորաբանություն, ռեսուրսների սխալ բաշխում, քաղաքական ռազմավարության բացակայություն։ Եվ ամենակարեւորը՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական տեխնոլոգիաների թերագնահատում։
Տարիներ շարունակ ընդդիմության ներսում գերիշխող համոզմունք կար, թե հասարակական դժգոհությունը ինքնաբերաբար վերածվելու է իշխանափոխության։ Այս ընտրությունները հերթական անգամ ապացուցեցին, որ դա այդպես չէ։ Դժգոհությունը դեռեւս հաղթանակ չէ։ Բողոքը դեռեւս իշխանափոխություն չէ։ Եվ Նիկոլ Փաշինյանի դեմ լինելը դեռեւս բավարար պայման չէ նրան հաղթելու համար։
Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԱՌԱՋԻԿԱ ՄԵԿ ԱՄՍՈՒՄ
Քաղաքական օրացույցը նույնպես ընդդիմության օգտին չէ։ Ամառը քաղաքականապես ամենապասիվ շրջաններից է։ Օգոստոսին մասշտաբային գործընթացներ գեներացնելը չափազանց դժվար է։ Սա նշանակում է, որ եթե ընդդիմությունը պատրաստվում է հետընտրական լուրջ պայքարի, ապա դրա համար փաստացի ունի ընդամենը մի քանի շաբաթ։
Հակառակ դեպքում քաղաքական կյանքը կտեղափոխվի աշուն, իսկ մինչ այդ իշխանությունը կհասցնի լավ տեղավորվել իշխանական աթոռներին ու ամրանալ։ Եվ այդ ժամանակ արդեն հասարակությունը ոչ թե կհետեւի հետընտրական պայքարին, այլ հերթական անգամ Ազգային ժողովի դահլիճում պատգամավորների միջեւ սկանդալներին, փոխադարձ վիրավորանքներին ու «թռչող շշերին»։
Իսկ դա այն չէ, ինչի համար ընդդիմադիր ընտրողը գնացել էր ընտրատեղամաս։ Նա գնացել էր իշխանափոխության համար։ Հիմա հենց այդ ընտրողն է սպասում ամենակարեւոր պատասխանին՝ արդյո՞ք իր ձայնը ծառայելու է իրական պայքարին, թե հերթական քաղաքական կոմբինացիային։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

