Ընդդիմությունը համարժեք չի գնահատում, ով է մյուս կողմում կանգնած. Հայկ Այվազյան
Ներքաղաքական«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ, մեկնաբանելով Հայաստանում անցած խորհրդարանական ընտրությունները, մասնավորապես նշել է.
-Ընտրություններն, ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ ուղղակի կեղծվել են: Աննախադեպ ձեւի օգտագործվել է հսկայական ադմինիստրատիվ ռեսուրս: Էլ չեմ ասում` հետապնդումներ, ճնշումներ եւ այլն: Դրա մասին կան բազմաթիվ փաստեր, հրապարակումներ: Դա սպասելի էր, որովհետւ նժարի վրա մեծ խաղ է գնում եւ մեծ խաղադրույքներ են դրված: Եւ բնականաբար դա լինելու էր: Բայց լավը այն է, որ ժողովուրդը մեծ մասնակցություն եւ ակտիվություն ցույց տվեց: Ու դա ռեսուրս է , որ ընդդիմությունը պետք է բաց չթողնի ձեռքից: Այսինքն` հանրապետությունում կա քաղաքական պայքարի պատրաստ հարյուրհազարավոր բանակ, որը ընդդիմությունը պետք է օգտագործի: Չեմ կարծում, որ այդ մարդիկ սպասում են, որ այսօրվա ընդդիմությունը գնա, նստի ԱԺ-ում եւ եւս վեց տարի լեզվակռվի մեջ մտնի իշխանության ներկայացուցիչների հետ:
Պատասխանելով հարցին` արդյո՞ք վերաընտրված իշխանությունները կշարունակեն դեպի Եվրոպա ինտեգրվելու կուրսը եւ ինչպե՞ս կզարգանան հայ-ռուսական հարաբերությունները, նա ասաց.
-Դեպի արեւմուտք կուրսը` Եվրոպա-ՆԱՏՕ միանշանակ կխորանա, Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ աստիճանաբար կամ ոչ աստիճանաբար տարբեր ոլորտներում կսկսեն թուլանալ: Օրինակ` երկար ժամանակ է Հայաստանի ՊՆ-ի եւ Ռուսաստանի ՊՆ-ի միջեւ ոչ մի համագործակցություն չկա` զրո: Դա նշանակում է, որ մյուս բոլոր ոլորտներում նույնպես այդպես է լինելու` սկսած տնտեսականից, վերջացրած` հումանիտար կապերով: Եվրոպայի հետ կապը այդ բոլոր ոլորտներում կուժեղանա, Ռուսաստանի հետ` կտրուկ կթուլանա, ինչը ինքնըստինքյան աստիճանաբար կբերի հարաբերությունների փաստացի խզմանը:
Կարծում եմ, որ ընդդիմությունը համարժեք չի գնահատում իրավիճակը այն առումով, որ իրենց թվում է, որ պետք է պայքարեն Փաշինյանի կամ ՔՊ-ի դեմ: Իրականում` մյուս կողմում ԱՄՆ-ն է եւ Եվրամիությունը: Նրանք են այս իշխանության հովանավորը եւ նրանք են ողջունոմ, ուղորդում եւ տանում այն ճանապարհով, որով գնում ենք: Բայց եթե հարցնենք ընդդիմությանը, նրանք կասեն, որ կողմ են բալանսավորված քաղաքականությանը: Երեւի ուզում են համոզեն արեւմուտքին, որ իրենք ավելի լավ իշխանություն կլինեն, քան գործողը: Արեւմուտքն էլ ասում է` ես չեմ ուզում ձեզ, որպես այդպիսին: Մեր համար լավը Փաշինյանն է: Այսինքն` եթե դու համարժեք չես գնահատում, ով է մյուս կողմում կանգնած, ուրեմն` քո գործիքները եւ քայլերը համարժեք չեն լինելու: Մտածելու ես, որ պայքարում ես Փաշինյանի դեմ, բայց այնտեղ գերտերություններն են` ԱՄՆ եւ Եվրամիություն:
Զարուհի Բաբուխանյան

