Ռուսաստանը պետք է փոխի Հայաստանի հանդեպ ռազմավարությունները. Արամ Սաֆարյան
ՎերլուծությունԵՊՀ Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքական մեկնաբան Արամ Սաֆարյանը, մեկնաբանելով անցած ընտրությունները եւ ինչպես դա կանդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանը, ասաց.
-Ես կարծում եմ, որ այս ընտրությունները բազմաթիվ առումներով աննախադեպ էին հայ իրականության մեջ: Եւ դեռեւս ուսումնասիրելու, հասկանալու շատ բան կա առջեւում: Ընտրություններից մեկ շաբաթ առաջ փորձագետների, սոցիոլոգների, դիտորդների շրջանում կար տպավորություն, որ իշխանական թեւը եւ ընդդիմադիր հիմնական երեք-չորս կուսակցությունները ունեն մոտավորապես հավասար էլեկտորալ պոտենցիալ: Բայց ընտրությունները ցույց տվեցին, որ դա այդպես չէ: Ռուսաստանի հետ դաշնակից հարաբերությունների կողմնակից հիմնական երեք քաղաքական ուժերը կրել են ծանր պարտություն: Եւ նրանք շատ ավելի քիչ ձայն են հավաքել, քան սպասվում էր ընտրական մարաթոնի նախօրյակին: Այս պայմաններում, կարծում եմ, որ բոլոր կողմերը ուսումնասիրում են հետագայում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների օրակարգը ձեւակերպելու հնարավորությունները: Հասկանալի է, որ Ռուսաստանը պետք է փոխի Հայաստանի հանդեպ ռազմավարությունները` ելնելով այն իրողությունից, որ մոտակա տարիներին նա գործ է ունենալու ՔՊ-ի հետ, որը հաղթել է 2026 թվականի ընտրություններում: Մենք` ԵՊՀ-ի Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնում մեր փորձագետների, մեզ հետ համագործակցող ճանաչված գիտնականների եւ մտավորականների հետ մոտակա տասը օրվա ընթացքում փորձելու ենք ամփոփել հայ-ռուսական հարաբերություններում վերջին ամիսների ընթացքում կուտակված կնճիռների ամբողջ ծավալը եւ հասկանալ` ինչպես են հաղթահարվելու այդ մարտահրավերները, եթե Հայաստանը ցանկություն հայտնի պահպանելու լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ: Կարծում եմ, սա անվերապահ ճշմարտություն է, եւ մենք հունիսի 20-ին կտեսնենք, թե ինչպես իր առաջին պաշտոնական այցերից մեկով Հայաստանի ընտրված վարչապետը կայցելի Մոսկվա եւ կսկսի նոր փուլի բանակցությունները: Ես կարծում եմ, որ մենք այս այցի նախօրեին հնարավորություն կունենանք ամբողջացնելու այն օրակարգերը, որոնք այսօր հրատապ լուծման կարիք ունեն Հայաստանում իշխանությունը պահպանած քաղաքական ուժի եւ Ռուսաստանի Դաշնության ղեկավարության միջեւ:
Զարուհի Բաբուխանյան

