2.3 տոկոսանոց «վարչապետը». ինչպես Թաթոյանի «թեւավոր կովը» վերածվեց քաղաքական փուչիկի
ՆերքաղաքականԸնտրություններից առաջ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը փորձում էր իրեն ներկայացնել որպես Հայաստանի միակ ապագա վարչապետ։ «Միասնության թեւեր» կուսակցության առաջնորդը խոսում էր նոր քաղաքական մշակույթից, անկախությունից եւ այն մասին, որ իր թիկունքում «ոչ մի աշխարհաքաղաքական կենտրոն» չկա։ Սակայն ընտրությունների արդյունքները դաժան էին. մեծ աղմուկով մեկնարկած նախագիծը կանգ առավ ընդամենը 2.3 տոկոսի վրա։
Ավելին, այսօր արդեն հարց է առաջանում՝ արդյո՞ք այդ 2.3 տոկոսը պարզապես հերթական անհաջող քաղաքական փորձն էր, թե՞ ընդդիմադիր դաշտի համար իրական լուրջ վնաս։ Այսօր արդեն ակնհայտ է, որ Թաթոյանի առանձին մասնակցությունը փոշիացրեց հազարավոր ընդդիմադիր ձայներ, որոնք որեւէ քաղաքական արդյունքի չվերածվեցին։
Հատկանշական է, որ հենց այն մարդը, որը հայտարարում էր. «Մեզ ոչ մի աշխարհաքաղաքական կենտրոնից, ոչ մի մայրաքաղաքից չեն հովանավորում», այդպես էլ չպատասխանեց հասարակության ամենապարզ հարցին՝ որտեղի՞ց էին գալիս այն ռեսուրսները, որոնց շնորհիվ Երեւանն ու մարզերը ողողվել էին իր գովազդային վահանակներով, քարոզչական նյութերով եւ կուսակցական գրասենյակներով։ Եթե ոչ մի կենտրոն չի ֆինանսավորում, եթե ոչ մի հովանավոր չկա, եթե քաղաքական թիմը կառուցված է բացառապես գաղափարների վրա, ապա ինչպե՞ս էր հնարավոր նման ծավալի քարոզարշավ իրականացնել։ Այս հարցը մինչ օրս մնում է անպատասխան։
Առավել հետաքրքիր զարգացումները սկսվեցին ընտրությունների հենց նախաշեմին, երբ հրապարակվեցին նյութեր Ռուսաստանի հայ համայնքների առանձին ներկայացուցիչների հեռախոսային զրույցների վերաբերյալ: FIP.am-ի հրապարակած ձայնագրություններում Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչ Արսեն Աբրահամյանը խոսում էր Հայաստանի ընտրություններին աջակցելու գործընթացների մասին եւ առանձնացնում էր մի քանի քաղաքական ուժերի, որոնց, իր խոսքով, աջակցություն էր ցուցաբերվում Ռուսաստանից։ Այդ ցանկում հիշատակվում էր նաեւ «Միասնության թեւեր» կուսակցությունը եւ հենց Արսեն Աբրահամյանն էլ հավաստիացնում էր, թե Թաթոյանն իբրեւ իրեն դիրքավորել է պրոեվրոպական, բայց «իրենցական» է: Առանձնապես ուշագրավ էր նրա հետեւյալ արտահայտությունը. «Մենք աջակցում ենք, բայց դա չենք ցուցադրում, որպեսզի պահպանենք եվրոպամետության ֆոնը»:
Եթե այս խոսքերը համապատասխանում են իրականությանը, ապա ստացվում է բավականին տարօրինակ պատկեր. հրապարակային հարթակում՝ եվրոպամետության եւ անկախության մասին հայտարարություններ, իսկ կուլիսներում՝ բոլորովին այլ խոսակցություններ։
Ավելին, նույն պատմության շրջանակում Հայաստանի իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեցին Ռուսաստանի հայ համայնքի որոշ ներկայացուցիչներ, որոնցից մեկի նկատմամբ` Արշակ Գրիգորյանի, նույնիսկ քրեական հետապնդում սկսվեց։ Նա ձերբակալված է: Եվ այստեղ առաջանում է բնական հարց՝ ո՞վ է պատասխանատվություն կրում այն մարդկանց համար, որոնք տարիներ շարունակ ներգրավվել են Հայաստանի քաղաքական գործընթացներում եւ հետո մնացել միայնակ իրենց խնդիրների առաջ։ Գուցե այս հարցին եթե ոչ Արման Թաթոյանը, բարեկամ՝ Արայիկ Թաթոյա՞նը կարողանա պատասխանել, որը ղեկավարում է Մոսկվայում գրանցված «ТГГ Групп» ՍՊԸ-ն եւ «Լյուբինսկի թռչնաֆաբրիկա»-ն։
Երբ քաղաքական ամբիցիաները գերազանցում են քաղաքական հաշվարկը, վնասը կարող է շատ ավելի մեծ լինել, քան թվում է առաջին հայացքից։ Արդյունքում, Արման Թաթոյանի քաղաքական նախագիծը չդարձավ ո՛չ «երրորդ ուժ», ո՛չ իշխանության այլընտրանք, ո՛չ էլ վարչապետական հավակնությունների իրական կրող։ Մնացին միայն բարձրագոչ հայտարարությունները, միլիոնավոր դրամների արժեցող քարոզարշավը եւ 2.3 տոկոսանոց արդյունքը։
Իսկ քաղաքական պատմությունը, հավանաբար, կհիշի ոչ թե նրա վարչապետական հավակնությունները, այլ այն փաստը, որ մեծ սպասումներով ներկայացված նախագիծը վերածվեց հերթական քաղաքական փուչիկի, որը պայթեց առաջին իսկ իրական ընտրական փորձության ժամանակ։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

