Պետք չէ վախենալ մեր պատմությունից. կայացավ Ռայմոնդ Հարություն Գեւորգյանի հիմնարար աշխատության շնորհանդեսը

Տեսանյութեր

Երեւանում կայացավ ֆրանսահայ անվանի պատմաբան եւ ցեղասպանագետ ՌԱՅՄՈՆԴ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ «Ցեղասպանության ավարտը. Մուստաֆա Քեմալը եւ փրկված հայերի ու հույների ոչնչացումը (1918–1922)» հիմնարար աշխատության ռուսերեն հրատարակության շնորհանդեսը։

Միջոցառումը կազմակերպվել էր գործարար եւ բարերար Արթուր Սողոմոնյանի, Նարեկացի ինստիտուտի, «ԱՆԻՎ» հայագիտական հետազոտությունների զարգացման հիմնադրամի եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ։

Շնորհանդեսը համախմբել էր պատմաբանների, ցեղասպանագետների, գիտական եւ մշակութային շրջանակների ներկայացուցիչների, ուսանողների, հասարակական գործիչների եւ թեմայով հետաքրքրված բազմաթիվ քաղաքացիների։ Հանդիպումն անցավ ոչ միայն գրքի ներկայացման, այլեւ բովանդակալից գիտական քննարկումների մթնոլորտում՝ վերածվելով պատմական ճշմարտության, ցեղասպանագիտության եւ տարածաշրջանային պատմության վերաբերյալ կարեւոր մտքերի փոխանակման հարթակի։

ԵՌԱԳՐՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՏՈՐԸ

Ռայմոնդ Հարություն Գեւորգյանի նոր աշխատությունը հեղինակն ինքն է բնորոշում որպես շուրջ երեք տասնամյակ ձեւավորված գիտական եռագրության վերջին հատոր։ Եթե նախորդ աշխատություններում նա անդրադարձել էր Հայոց ցեղասպանության նախապատմությանը, գաղափարախոսական եւ քաղաքական նախադրյալներին, ապա այս գրքում կենտրոնանում է ցեղասպանական գործընթացի վերջին փուլերի վրա՝ ուսումնասիրելով 1918-1922 թվականներին տեղի ունեցած իրադարձությունները։

Հեղինակի համոզմամբ՝ Օսմանյան կայսրության պարտությունից հետո հայերի եւ հույների նկատմամբ իրականացվող բռնությունները ոչ թե ավարտվեցին, այլ շարունակվեցին նոր ձեւերով՝ արդեն քեմալական շարժման շրջանակներում։ Գեւորգյանը փաստում է, որ Մուստաֆա Քեմալի ղեկավարած շարժումը բազմաթիվ առումներով հանդիսացավ երիտթուրքական քաղաքականության օրգանական շարունակությունը։

Գիրքը բաղկացած է հինգ խոշոր բաժիններից, որոնք անդրադառնում են «Միություն եւ առաջադիմություն» կոմիտեից դեպի քեմալական վարչակարգ անցման գործընթացին, հետցեղասպանական Թուրքիայում հայկական հաստատությունների գործունեությանը, վերապրածների վերադարձին եւ նրանց հետագա ճակատագրին, մեծ տերությունների քաղաքականությանը, ինչպես նաեւ երիտթուրքական հանցագործների պատասխանատվության խնդրին։

ՆՈՐ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐՆԵՐ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Աշխատության կարեւորագույն առանձնահատկություններից մեկն այն է, որ այն հիմնված է բացառիկ լայնածավալ աղբյուրագիտական բազայի վրա։ Հեղինակն օգտագործել է Երեւանի, Երուսաղեմի, Փարիզի, Լոնդոնի, Վիեննայի եւ այլ քաղաքների արխիվներում պահպանվող փաստաթղթեր, որոնց զգալի մասը մինչ այժմ գիտական շրջանառության մեջ չէր եղել։

Հատկապես կարեւոր նշանակություն ունեն Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի արխիվում պահվող 1919-1920 թվականների օսմանյան ռազմական դատարանների արձանագրությունների վավերացված պատճենները, որոնք առաջին անգամ այսպիսի ծավալով օգտագործվել են հետազոտության մեջ։

Գեւորգյանը ներկայացրեց, թե ինչպես տարիների ընթացքում ուսումնասիրել է Նուբարյան գրադարանի, Կոստանդնուպոլսի պատրիարքարանի, Հայաստանի ազգային արխիվի եւ եվրոպական մի շարք պետական արխիվների նյութերը՝ դրանք համադրելով բրիտանական, ֆրանսիական եւ օսմանյան աղբյուրների հետ։ Նրա խոսքով՝ հենց այս բազմակողմանի աղբյուրագիտական աշխատանքի շնորհիվ հնարավոր է դարձել վերականգնել ցեղասպանության վերջին փուլերի ամբողջական պատկերը։

ՄԵԿՈՒԿԵՍ ՄԻԼԻՈՆ ԶՈՀԻ ԹՎԻ ՆՈՐ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

Շնորհանդեսի ընթացքում ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձավ զոհերի թվի հարցը։ Գեւորգյանը նշեց, որ երկար տարիներ խուսափել է վերջնական թվային գնահատականներից, սակայն այժմ, հիմնվելով լայնածավալ վիճակագրական տվյալների վրա, կարող է փաստարկել, որ Հայոց ցեղասպանության զոհերի թիվը շուրջ մեկուկես միլիոն է։

Նրա խոսքով՝ այս եզրակացությունը հիմնված է գյուղ առ գյուղ, գավառ առ գավառ հավաքագրված ժողովրդագրական տվյալների վրա, որոնք հնարավորություն են տալիս ոչ միայն հաշվարկել զոհերի թիվը, այլեւ հասկանալ տարբեր տարածաշրջաններում ցեղասպանական քաղաքականության իրական ծավալները։

Հեղինակը հատուկ ընդգծեց, որ Արեւմտյան Հայաստանի մի շարք նահանգներում հայ բնակչության վերապրածների տոկոսը հասնում էր ընդամենը 5-6 տոկոսի, ինչը, նրա համոզմամբ, եւս մեկ անգամ ապացուցում է բնակչության համակարգված բնաջնջման ծրագիրը։

«Ես համոզված եմ, որ ցեղասպանական ծրագիրը չավարտվեց միայն Արեւմտյան Հայաստանում այն շարունակվեց նաեւ Արեւելյան Հայաստանում, Արցախում եւ Նախիջեւանում։ Եթե կարողանային, պիտի շարունակեին աշխատանքը նաեւ Ռուսական կայսրության հայության դեմ։ Ալեքսանդրապոլի գավառի, Բաքվի եւ Շուշիի դեպքերը ցույց են տալիս, որ ցեղասպանական ծրագիրը շատ ավելի լայն էր», - նկատում է Ռայմոնդ Հարություն Գեւորգյանը:

ՔԵՄԱԼԻԶՄԸ ՈՐՊԵՍ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Գրքի առանցքային եզրակացություններից մեկը վերաբերում է քեմալական շարժման եւ երիտթուրքական վարչակարգի միջեւ առկա շարունակականությանը։ Գեւորգյանի կարծիքով՝ չնայած քաղաքական որոշ տարբերություններին, երկու համակարգերն առաջնորդվում էին նույն ռազմավարական նպատակով՝ ոչ թուրք քրիստոնյա բնակչության վերջնական դուրսմղմամբ եւ ոչնչացմամբ։

Նա ներկայացրեց բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են երիտթուրքական ցանցերի, ֆինանսական ռեսուրսների, զինված կառույցների եւ քաղաքական կադրերի շարունակական գործունեության մասին արդեն քեմալական շարժման շրջանակներում։

Հեղինակի համոզմամբ՝ հայերի, հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված քաղաքականությունը պետք է դիտարկել որպես մեկ ընդհանուր ցեղասպանական գործընթաց, այլ ոչ թե առանձին իրադարձությունների շարք։

ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեններ Հարություն Մարությանն ու Էդիտա Գզոյանը, «ԱՆԻՎ» հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Խեչոյանը, պատմաբաններ եւ ցեղասպանագիտության ոլորտի մասնագետներ։

Էդիտա Գզոյանը բարձր գնահատեց Գեւորգյանի ներդրումը ոչ միայն ցեղասպանագիտության զարգացման, այլեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի միջազգային հեղինակության ամրապնդման գործում։ Նա նաեւ տեղեկացրեց, որ մոտ ապագայում նախատեսվում է գրքի հայերեն հրատարակությունը, իսկ արդեն 2026 թվականին Լոնդոնի հեղինակավոր I.B. Tauris հրատարակչությունը լույս կընծայի աշխատության անգլերեն տարբերակը։

Արմեն Խեչոյանը նշեց, որ ռուսերեն հրատարակության վրա աշխատանքները տեւել են շուրջ երեք տարի։ Նրա խոսքով՝ գրքի պատրաստման գործընթացում ներգրավված են եղել մի շարք մասնագետներ, գիտական եւ գրական խմբագիրներ, իսկ արդյունքը դարձել է բարձրորակ ակադեմիական հրատարակություն։

«Մենք մեր նախագծերի ցանկում ամենակարեւորն ենք համարում երկու թեմա՝ Արցախն ու Հայոց ցեղասպանությունը, որին արդեն նվիրել ենք մի քանի հրատարակություններ, եւ շարքը շարունակական է լինելու: Դեռ բավական հրատարակելու գործեր ունենք։ Կան գրքեր, որոնք ընդլայնում են մեր հորիզոնները եւ փոխում մեր պատկերացումները սեփական պատմության մասին։ Ռայմոնդ Հարություն Գեւորգյանի գիրքը հենց այդպիսի աշխատություններից է: Ուզում եմ բոլորին կոչ անել` չվախենալ այս թեմայից, չէ՞ որ այն մեր պատմությունն է, մեր մի մասն է: Միայն իմանալով եւ ճանաչելով մեր պատմությունը՝ մենք ուժեղ ենք դառնում եւ դրա վրա հիմվելով կարող ենք գնալ առաջ»,– ընդգծեց Խեչոյանը։

ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՆ ԵՎ ԱՊԱԳԱՆ

Ռայմոնդ Գեւորգյանը միջոցառման ընթացքում անդրադարձավ նաեւ ցեղասպանագիտության զարգացման ժամանակակից միտումներին։ Նրա խոսքով՝ վերջին տասնամյակներում միջազգային ակադեմիական հանրությունում էական փոփոխություններ են տեղի ունեցել, եւ եթե նախկինում ցեղասպանագիտությունը հաճախ ենթարկվում էր թուրքագիտական շրջանակների ճնշմանը, ապա այսօր բազմաթիվ երիտասարդ հետազոտողներ արդեն նոր մոտեցումներով են ուսումնասիրում այդ թեմաները։

Պատմաբանը շեշտեց, որ ցեղասպանության ժխտման դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը բարձրորակ գիտական աշխատանքն է, նոր փաստաթղթերի հայտնաբերումը եւ պատմական ճշմարտության անաչառ ուսումնասիրությունը։

Նա նաեւ կարեւորեց հայ, հույն եւ ասորի ժողովուրդների նկատմամբ իրականացված քաղաքականության համատեղ ուսումնասիրությունը՝ կոչ անելով դուրս գալ միայն հայկական շրջանակներից եւ ցեղասպանական գործընթացը դիտարկել ավելի լայն տարածաշրջանային ու համեմատական համատեքստում։

Շնորհանդեսի ավարտին մասնակիցները միակարծիք էին, որ նման աշխատությունները կարեւոր դեր են խաղում ոչ միայն գիտության զարգացման, այլեւ պատմական հիշողության պահպանման գործում։

Միջոցառումն ընդգծեց, որ պատմական փաստերի ուսումնասիրությունը շարունակում է մնալ արդիական եւ անհրաժեշտ ոչ միայն անցյալի ճշմարտությունը վերականգնելու, այլեւ նոր սերունդներին պատմական գիտակցություն փոխանցելու տեսանկյունից։

Ռայմոնդ Հարություն Գեւորգյանի «Ցեղասպանության ավարտը. Մուստաֆա Քեմալը եւ փրկված հայերի ու հույների ոչնչացումը (1918–1922)» աշխատության ռուսերեն հրատարակությունը եւս մեկ կարեւոր քայլ է այդ ուղղությամբ՝ ընթերցողին ներկայացնելով Հայոց ցեղասպանության վերջին փուլերի մասին նոր փաստեր, նոր վերլուծություններ եւ նոր գիտական եզրահանգումներ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում