«ԹՈՒՐՔԻ ՀԵՏ ՊԱՅՔԱՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՆԿԱՏԵՑԻ, ՈՐ ՆՐԱ ՁԵՌՔԸ ՎԱԽԻՑ ԴՈՂՈՒՄ ԷՐ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՐՄԱՆ ՄՐՏԵՅԱՆ
ՍպորտՀունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած Բազկամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականը։ Տարբեր տարիքային խմբերում մեր մարզիկները նվաճել են 12 մեդալ, որից 2 ոսկե, 7 արծաթե և 3 բրոնզե։
Արծաթե մեդալակիր, մեծահասակների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Մ23 տարեկանների Աշխարհի եռակի փոխչեմպիոն ԱՐՄԱՆ ՄՐՏԵՅԱՆԸ Iravunk. com -ի մարզական լրագրողի հետ զրույցում նշեց.
- Հանդես եկա 60 կգ քաշային կարգում։ Ձախ ձեռքով հաղթեցի վրացի, մոլդովացի և թուրք մարզիկներին։ Թուրքի հետ պայքարի ժամանակ նկատեցի, որ նրա ձեռքը վախից դողում էր։ Թուրքին հաղթելը ինձ համար պատվի հարց է։ Ես վնասվածք ունեի արմունկի, սակայն այդպես մասնակցում էի։ Նաև նկատեցի մրցավարների կողմից անարդար վերաբերմունք։ Վնասվածքի պատճառով ու նաև մրցավարների անարդարության, զիջեցի մյուս մոլդովացի մարզիկին ու արծաթե մեդալ նվաճեցի։ Իսկ աջ ձեռքով հաղթեցի Վրաստանի և Իսրայելի ներկայացուցիչներին։ Ասեմ, որ մեր հավաքականի անդամ Սուրեն Էվոյանը մեզ աջակցեց իր շատ օգտակար խորհուրդներով, նա այս անգամ թեև չմասնակցեց մրցաշարին, քանի որ որպես մարզիչ էր եկել, ու նրա սաները կարողացան մեդալներ նվաճել։
-Արման, բազկամարտը մեր երկրում կարող ես համարել որպես զարգացած մարզաձև։
- Իհարկե, բավականին զարգացած է մեր երկրում։ Բայց, ցավոք, մեր մարզաձևը չի ստանում որևէ պետական աջակցություն, մեզ միայն ՀԱՕԿ -ն է աջակցում։ Լավ կլիներ, որ ԿԳՄՍ -ն ևս աջակցեր։ Պատճառը այն է, որ ոչ օլիմպիական մարզաձև է բազկամարտը, հենց դրա համար էլ չեն աջակցում։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

