Ոսկե մեդալ, Այվազովսկու ազգության շուրջ բանավեճ եւ նոր գրական կամուրջներ

Մշակութային

«ԱՅՍՕՐ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ ԿԱՐԵՎՈՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ»

Մայիսի 5-10-ը Վրաստանում անցկացված միջազգային գրական փառատոնին մասնակցել է նաեւ Հայաստանի գրողների միության մանկական բաժանմունքի վարիչ, «Ծիծեռնակ» ամսագրի խմբագիր, գրող-հրատարակիչ Անուշ Վարդանյանը։ Փառատոնի ընթացքում նա պարգեւատրվել է ոսկե մեդալով։ Այս եւ այլ հարցերի շուրջ էլ «Իրավունք»-ը զրուցել է ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ։

«ՄԵՐ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՐԲԵՄՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐ ՈՒ ԹՅՈՒՐ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐ»

Դուք մասնակցում էիք Վրաստանում անցկացվող միջազգային գրական փառատոնին, որի ընթացքում արժանացաք ոսկե մեդալի, որի համար շնորհավորում ենք: Ինչպե՞ս անցավ փառատոնը։

— Շնորհակալություն շնորհավորանքի համար: Վրաստանում անցկացվող գրական փառատոների մասին կարելի է անվերջ խոսել։ Սա արդեն երկրորդ տարին է, որ կազմակերպվում էր այդ միջոցառումը։ Նախաձեռնության հեղինակներն էին Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին եւ բանաստեղծ Բաղաթեր Արաբուլին։ Նրանք էլ ստանձնեցին կազմակերպչական ամբողջ աշխատանքը։

Փառատոնի ֆինանսավորման մի մասը հատկացրել էր պետությունը, մյուս մասը՝ Գրողների միության անդամները՝ սեփական միջոցներից։ Կազմակերպիչների վերաբերմունքը բացառիկ ջերմ էր։ Նրանք մեզ հրավիրեցին իրենց տները, ծանոթացրին իրենց մտերիմներին։ Մաղվալա Գոնաշվիլու ընկերուհին՝ բանաստեղծուհի Պատրիսիա Դելոնը, նույնպես մասնակցում էր հանդիպումներին։ Մեզ հետ էր նաեւ Բաղաթեր Արաբուլու ընկերը՝ Թբիլիսիի նախկին ոստիկանապետը, որը նույնպես ստեղծագործում է եւ բանաստեղծություններ է գրում։

Մաղվալա Գոնաշվիլու ներդրումն այս փառատոների կազմակերպման գործում իսկապես մեծ է։

Այս տարի մասնակցում էին 17 գրող՝ յոթ երկրներից։ Շատ հետաքրքիր էր շփվել տարբեր երկրների ներկայացուցիչների հետ։ Մենք փոխանակվում էինք տեղեկություններով, քննարկում, թե ինչպես են գործում գրողների միությունները տարբեր երկրներում։ Օրինակ՝ Բալթյան երկրներից ժամանած հյուրերից մեկն ասաց, որ իրենց Գրողների միությունն ունի ընդամենը երկու սենյակ, որոնք վարձակալությամբ են տրամադրվում։ Իսկ Ղազախստանից ժամանած մասնակիցը նշեց, որ իրենց Գրողների միությունը լիարժեք գործում է։

Այս զրույցներից պարզ դարձավ, որ ոչ բոլոր երկրներն են կարողացել Հայաստանի գրողների միության նման պահպանել խորհրդային տարիներից ժառանգված շենքերն ու ենթակառուցվածքները։ Երբ պատմեցինք, որ հայ գրողները տարվա որոշ օրեր հնարավորություն ունեն հանգստանալու Ծաղկաձորի եւ Սեւանի ստեղծագործական տներում, նրանք անկեղծորեն ուրախացան։

Պայմանավորվեցինք նաեւ աշնանը նրանց հրավիրել Հայաստանում ամեն տարի անցկացվող երիտասարդ գրողների փառատոնին, որին վրացի գրողները տարիներ շարունակ մասնակցում են։

Հայ-վրացական գրական կապերը շատ ամուր են եւ անկասելի։ Անկախ քաղաքական իրավիճակներից՝ մենք շարունակում ենք պահպանել բարիդրացիական եւ եղբայրական հարաբերությունները։ Պատահական չէ, որ Էդվարդ Միլիտոնյանի «Հայոսը Քարթլոսի մասին» գիրքն արժանացավ փառատոնի գլխավոր մրցանակին՝ միակ մրցանակին, որը նախատեսված էր տվյալ հավաքի շրջանակում։ Իսկ ոսկե մեդալներով պարգեւատրվեցին բոլոր 17 մասնակիցները։

Այդ մեդալները սահմանել էր Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, իսկ մեզ դրանք հանձնեց քաղաքապետի տեղակալը։

Տարբեր երկրների գրողների հետ շփվելով՝ ի՞նչ տպավորություններ ստացաք։

— Գրողների հետ շփումն անչափ հարստացնում է մարդու մտածողությունն ու պատկերացումները տարբեր երկրների մասին։ Օրինակ՝ Բալթյան երկրներից ժամանած մի ներկայացուցիչ, երբ խոսում էինք Հայաստան այցելելու հնարավորության մասին, ասաց. «Իմ երկիրը թույլ չի տա, որ ես գամ Հայաստան»։ Հարցրի՝ ինչո՞ւ։ Պատասխանեց. «Ձեր երկիրը պրոռուսական է»։ Ես ասացի. «Սիրելի՛ս, բավական է նայենք Հայաստանում անցկացված եվրոպական գագաթնաժողովներին եւ կտեսնենք, որ նախկին Խորհրդային Միության ոչ մի երկրում այդքան եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներ չեն այցելել, որքան Երեւանում»։ Նա շատ զարմացավ։ Այդ պահին եւս մեկ անգամ համոզվեցի, որ մեզ թվում է՝ մեզ ճանաչում են, սակայն իրականում շատերի պատկերացումները Հայաստանի մասին բավական մակերեսային են։ Մեր նկատմամբ երբեմն գոյություն ունեն կարծրատիպեր ու թյուր պատկերացումներ։

Նույն հանդիպման ընթացքում նույնիսկ հետաքրքիր բանավեճ ծագեց։ Մասնակիցներից մեկն ասաց. «Դուք՝ հայերդ, սիրում եք բոլորին հայ հայտարարել։ Օրինակ՝ Իվան Այվազովսկուն»։ Ես պատասխանեցի. «Ինչո՞ւ վիճենք։ Եկեք հարցնենք հանրագիտարանին կամ ChatGPT-ին»։ Եվ, ինչպես սպասելի էր, պատասխանը հստակ էր՝ Հովհաննես Այվազովսկին ռուս նկարիչ է հայկական արմատներով։ Նա հայ է իր ծագմամբ, բայց ռուս նկարիչ՝ իր ստեղծագործական գործունեությամբ։

Մեր հանդիպումներն իսկապես փոխադարձ հարստացման առիթ դարձան։ Պատահական չէ, որ հենց այնտեղ գրեցի «Իբերիա» բանաստեղծությունը, որը շուտով կթարգմանվի եւ կտպագրվի վրացական գրական թերթերից մեկում։ Ես ռուսերեն տողացի թարգմանություն արեցի այդ ստեղծագործությունից, եւ այն շատ ջերմ ընդունվեց։

Շատ հետաքրքիր էին նաեւ շփումները գերմանացի Մոյիսեի եւ Իսրայելից ժամանած բանաստեղծի հետ։ Մենք երկար զրույցներ ունեցանք գրականության, պոեզիայի դերի ու նշանակության մասին։

Քանի որ փառատոնը նվիրված էր պոեզիային, բոլորս համաձայն էինք Վոլֆգանգ Գյոթեի այն մտքի հետ, որ արվեստներից բարձրագույնը պոեզիան է։ Եվ պատահական չէ, որ Աստվածաշունչը սկսվում է «Ի սկզբանե Բանն էր» արտահայտությամբ։

«ՑԱՎԱԼԻ Է, ՉԻ ԿԱՐԵԼԻ ՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԳՐՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ»

Հետաքրքիր եւ ցավալի է, որ հարեւան երկրում գնահատում ու պարգեւատրում են հայ գրողին, մինչդեռ հայրենիքում երբեմն փորձում են զրկել անգամ շենքերից։ Ի՞նչ կասեք այս մասին։

— Ձեր հարցը շատ ցավոտ թեմա է շոշափում։ Վրաստանում մենք տեսանք գրողի նկատմամբ հարգանքն ու գնահատանքը։ Վերադարձանք Հայաստան բարձր պարգեւներով, սակայն անգամ մեկ հեռուստաընկերություն չփորձեց հարցազրույց վերցնել, հետաքրքրվել, թե ինչի ենք հասել, ինչ հաջողություններ ենք գրանցել։ Մինչդեռ մենք այդ փառատոնում ներկայացնում էինք Հայաստանը, կարելի է ասել՝ մեր երկրի մշակութային դեսպաններն էինք։ Ցավալի է, երբ այդ ամենը մնում է աննկատ։ Չի կարելի նման վերաբերմունք ցուցաբերել գրողի նկատմամբ։

Ինչ վերաբերում է Գրողների միության շենքերի խնդրին, ապա դա չափազանց ցավոտ հարց է։ Միության ավելի քան 500 անդամներն այն ընկալում են որպես անձնական վիրավորանք։ Այդ շենքերը նրանց համար պարզապես կառույցներ չեն, այլ գրողների տունը։

Ի՞նչ տեղ ունի պոեզիան այսօրվա արագընթաց աշխարհում։

— Պոեզիան չի կորցրել իր նշանակությունը եւ շարունակում է զբաղեցնել իր արժանի տեղը։ Եվրոպական բազմաթիվ երկրներում բանաստեղծները համագործակցում են, մասնակցում միջազգային հանդիպումների, հրավիրում միմյանց, փոխանակում փորձ ու գաղափարներ։ Հայ բանաստեղծներն այսօր եւս տպագրվում են տարբեր լեզուներով։ Վերջերս, օրինակ, հայ հեղինակների ստեղծագործություններ հրատարակվել են գերմաներեն։ Համոզված եմ՝ պոեզիայի գաղափարական եւ հոգեւոր արժեքը երբեք չի վերանա։

Ինչպե՞ս եք վերաբերվում այն կարծիքին, որ գրականությունը պետք է լինի «մաքուր արվեստ» եւ չխառնվի քաղաքականությանը։

— Ես կարծում եմ, որ այսօր դիլետանտությունը բռնել է աշխարհը։ Դիլետանտիզմը փորձանք է։ Ես երբեք ինձ իրավունք չեմ վերապահի խոսել քաղաքականությունից որպես քաղաքագետ։ Կարող եմ խոսել որպես քաղաքացի, դա լրիվ ուրիշ է: Բայց քաղաքագետը, երբ բարձրագույն կրթություն է ստանում, իմանում է, թե ինչ է նշանակում մարգինալ հասարակություն, ինչ են նշանակում տարբեր քաղաքական տերմիններ, եւ հետո կարծիքներ է հայտնում. դա շատ կարեւոր է։ Եվ ես կարծում եմ, որ գրողը պիտի զբաղվի իր գործով եւ ոչ թե քաղաքականությամբ։

«ԱՐՑԱԽՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՄՈՏ ՄԵԿ ՏԱՐԻ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՉԵՄ ԳՐԵԼ»

Ստեղծագործելիս ի՞նչն է Ձեզ ոգեշնչում այս օրերին։

— «Ոգեշնչում» բառը ես չեմ ասի։ Արցախյան ողբերգությունից հետո մոտ մեկ տարի ընդհանրապես չեմ գրել։ Շատ դժվարությամբ կարողացա դուրս գալ այդ ներքին անշարժությունից։ Այժմ կրկին ստեղծագործում եմ եւ Աստծուն շնորհակալ եմ դրա համար։ Գրողը շատ զգայուն մարդ է։ Նա չի կարող անտարբեր մնալ իր ապրումների ու ցավի հանդեպ։

Ի՞նչն է Ձեզ լավատեսություն ներշնչում, եւ ի՞նչն է ամենից շատ վշտացնում ներկայիս Հայաստանում։

— Կարծում եմ՝ մենք այսօր կանգնած ենք կարեւոր ընտրության առաջ՝ թե՛ կոնկրետ քաղաքական իրադարձությունների, թե՛ ընդհանրապես մեր պետության ապագայի տեսանկյունից։ Դա ինձ հիշեցնում է հեքիաթների հերոսին, որը կանգնած է երեք ճանապարհների խաչմերուկում եւ պետք է ընտրի իր ուղին։ Մի ճանապարհը հեշտ է, մյուսը՝ դժվար, պայքարով ու փորձություններով լի, բայց հենց այդ ճանապարհն է հաճախ տանում դեպի փրկություն։ Այսօր մենք նույնպես կանգնած ենք տարբեր ուղիների ընտրության առջեւ։

Այս պահին ի՞նչ ստեղծագործական գործընթացի մեջ եք։

— Այս պահին ինձ համար բուռն ստեղծագործական օրեր են: Այս շաբաթ «Գրական թերթը» իմ պոետական նոր շարքը կտպագրի: Ես հրատարակության եմ պատրաստում իմ առաջին դետեկտիվ վիպակը՝ «Հովազ մականունով հետախույզը»: Օրերս լույս կտեսնի հայերեն եւ ֆրանսերեն երկլեզու պոետական ժողովածուս՝ «Անանուն գիշերներ» վերնագրով, որը ֆրանսերեն թարգմանել է Աբովյանի անվան հայկական վարժարանի տնօրեն, բանաստեղծ Կարեն Խուրշուդյանը: Ի դեպ, վերնագիրն էլ հենց դրել է Կարեն Խուրշուդյանը:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում