Արևմուտքի նպատակը ազատ և արդար ընտրությունները չեն, այլ` արդյունքը Փաշինյանի օգտին . Ալեքսանդր Անանիև
ՄիջազգայինՀայաստանի ներքաղաքական գործընթացներում արևմուտքի դերի, TRIPP տրանսպորտային նախագծի իրագործելիության, ինչպես նաև այն ռիսկերի ու հնարավորությունների մասին, որոնք Հայաստանի համար ներկայացնում է Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ հետագա մերձեցումը զրուցեցինք Ռուսաստանի ԱԳՆ նախկին ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևի հետ.
— Պրն. Անանև, վերջերս Հայաստանում տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, ինչպես նաեւ կայացավ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը։ Ինչպե՞ս եք գնահատում Արևմուտքի այս աճող ակտիվությունը Հայաստանում ընտրություններից առաջ։
- Գաղտնիք չէ, որ սրանք զուտ նախընտրական գործողություններ են։ Հատկապես Մարկո Ռուբիոյի հետ կապված։ Նրա այցն այնքան անպարկեշտ կարճ էր, որ նա օդանավակայանում ստորագրեց որոշ փաստաթղթեր, որոնք անհետաձգելի չէին, քանի որ դրանք շրջանակային համաձայնագրեր էին, որոնք դեռևս պարտավորեցնող չեն։
Գագաթնաժողովը նախատեսված էր ավելի վաղ, բայց այն ժամանակ արդեն հայտնի էր ընտրությունների ամսաթիվը՝ հունիսի 7-ը, ուստի անցկացման ժամկետները միտումնավոր էին ընտրված, որպեսզի այն ազդեթյուն ունենա հանրային ընկալման վրա։
Դա նաև զուտ նախընտրական բնույթ էր կրում։ Եվ դա, ընդհանուր առմամբ, իմ կարծիքը կամ իրավիճակը սրելու փորձ չէ։ Որպեսզի սա չթվա ռուսական քարոզչություն, կարող եմ պարզապես մեջբերել արևմտյան աղբյուրներ, որոնք թշնամաբար են տրամադրված Ռուսաստանի նկատմամբ։ Օրինակ՝ «Foreign Policy» ամսագիրը հրապարակել է մի հոդված, որում պնդվում է, որ Արևմուտքը չի աջակցում ժողովրդավարական գործընթացներին, այլ` կոնկրետ, հարմար թեկնածուներին, ինչպիսին է Նիկոլ Փաշինյանը Հայաստանում` այդպիսով վարկաբեկելով իրենք իրենց։
Նման միջամտությունը երկրի ներքին գործերին միշտ դատապարտվել է Եվրամիության կողմից: Քենեթ Ռոթը մեղադրում է Փաշինյանին ոչ միայն իր վարչական լիազորությունները չարաշահելու, այլև` ժողովրդավարության հիմքերը խաթարելու մեջ: Նա թվարկում է ընդդիմության վրա ճնշումները, քննադատորեն տրամադրված լրագրողների կալանավորումը և Հայ Առաքելական եկեղեցու գործերին միջամտությունը:
Այլ կերպ ասած՝ նա թվարկել է ամբողջ ցանկը: Ամերիկյան ամսագիրը նրա միջոցով նշում է Արևմուտքի, մասնավորապես Եվրամիության, ցինիկ և կարճատես քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, որտեղ ԵՄ-ն առաջնահերթ հետաքրքրված է Ռուսաստանի հանդեպ հակազդեցությամբ, նույնիսկ ժողովրդավարական սկզբունքների հաշվին:
Ռոտի խոսքով՝ Արևմուտքը փորձում է անտեսել Փաշինյանի հարձակումները հայկական ժողովրդավարության վրա: Նրա նպատակը ազատ և արդար ընտրությունները չեն, այլ ընտրությունների արդյունքը հօգուտ Փաշինյանի:
Այլ կերպ ասած՝ Արևմուտքը ակնկալում է հստակ արդյունք։ Նրա ժողովրդավարական օրակարգը սկսում է ընկալվել որպես աշխարհաքաղաքական պայքարի գործիք։ Կարծում եմ՝ այս բոլոր իրադարձությունների ընկալումը աշխատում է Փաշինյանի օգտին։
-Ռուբիոյի այցի ընթացքում բարձրացվեց նաև TRIPP-ի թեման. ստորագրվեց նախագծի շրջանակներում ռազմավարական գործընկերության վերաբերյալ շրջանակային համաձայնագիր: Որքանո՞վ եք իրատեսական համարում դրա իրականացումը՝ հաշվի առնելով Իրանի դիրքորոշումն ու շահերը։
— Ես կասկածամիտ եմ այս TRIPP-ի մոտալուտ բացման հարցում: Ավելին` մենք խոսում ենք միայն 43 կիլոմետրանոց հատվածի մասին, որը կապում է Ադրբեջանը և Նախիջևանը։
Փաշինյանը նկատի ունի ավելի ընդարձակ ցանց, որը, ըստ էության, կանցնի ամբողջ Հայաստանով և կմիանա Թուրքիային Գյումրու մոտով: Սակայն այս հատվածը Արևմուտքը չի դիտարկում։
Ավելին` այս 43 կիլոմետրանոց հատվածը պետք է ֆինանսավորվի անկախ ներդրողների կողմից: Եվ արդյո՞ք ներդրողները ցանկանում են նման ռիսկի դիմել, խիստ կասկածելի է: Այստեղ նույնպես արժի հիշատակել արևմտյան փորձագետներին, որպեսզի կրկին չասեն, որ Ռուսաստանը սրում է իրավիճակը:
Ինչպես Ուկրաինային էին ժամանակին զգուշացնում. Սերգեյ Գլազևը զգուշացրել էր, որ եվրոպական ինտեգրացիան մեծ խնդիրներ կբերի Ուկրաինային, և նա նշել էր այդ խնդիրները։ Այն ժամանակ նրան անվանում էին «ապոկալիպսիսի ձիավոր»։ Որպեսզի չդառնամ նրանցից մեկը, ավելի լավ է մեջբերեմ արևմտյան մամուլը։
Հայաստանի տարանցիկ ներուժի վերաբերյալ «Կարնեգի» ամսագիրը՝ բարձր հեղինակություն վայելող հրատարակությունը, նշում է, որ նախագծի թույլ կողմերի թվում են փակ ֆինանսական մոդելի բացակայությունը, հարևանների՝ Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի կողմից նախագծի հանդեպ թշնամական վերաբերմունքը, հաստատված մասնավոր ներդրումային բազայի սահմանափակ մատչելիությունը և երթուղու հետ կապված հիմնական քաղաքական և իրավական հարցերի չլուծված բնույթը։
Ավելին` Հայաստանով անցնող երթուղու 40 կիլոմետրանոց հատվածում ներդրումների ներգրավումը խոչընդոտվում է զգալի ռիսկերով, այդ թվում՝ Իրանին մոտ լինելը և Թեհրանի կողմից երրորդ երկրների ենթակառուցվածքներին հարձակվելու ցուցադրված պատրաստակամությունը։
Հարավային Կովկասով տարանցիկ տրանսպորտային միջանցքը քաղաքականապես և ռազմական առումով խոցելի է։ Իրանը կարող է ցանկացած պահի արձագանքել, եթե որոշի, որ այս միջանցքն օգտագործվում է հյուսիսից իրեն շրջապատելու համար։
Այն արդեն իսկ ցույց է տվել իր կարողությունները Միացյալ Նահանգների հետ հակամարտության ժամանակ, երբ տուժել են Իրանի ամենամոտ հարևան արաբ երկրները։
Ես չեմ կարծում, որ որպես ներդրող, ներդրում կանեի նման ռիսկային նախագծում։
-Ռուսաստանը ամենաբարձր մակարդակով մտահոգություն է հայտնել Հայաստանի քաղաքական կուրսի վերաբերյալ և զգուշացրել հնարավոր հետևանքների մասին: Կարծում եք՝ հնարավո՞ր է հայ-ռուսական հարաբերությունների բարելավում, եթե ներկայիս կառավարությունը վերընտրվի, թե՞ ճգնաժամը կխորանա։
-Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ եթե Հայաստանը շարունակի եվրաինտեգրման կուրսը, կխզի գազի պայմանագիրը: Փաշինյանն էլ ասել է, որ դա չի վախեցնի Հայաստանին։
Նախ` կդադարեցվի մատչելի էներգետիկայի հասանելիությունը։
Ռուս փորձագետները հաշվարկել են Ռուսաստանի համար Հայաստանին արտոնյալ պայմաններ տրամադրելու արժեքը: Այն գնահատվում է տարեկան 1,5 միլիարդ դոլար: Օրինակ՝ Միացյալ Նահանգները սուբսիդավորում է Իսրայելին մոտավորապես 3 միլիարդ դոլարով: Մենք սուբսիդավորում ենք Հայաստանը 1,5 միլիարդ դոլարով։
Եվ եթե եվրոպական ինտեգրման հետագա ընթացքում մեր դաշնակիցը անցնի մեր հակառակորդների կողմը, քանի որ Եվրոպան բացահայտորեն Ռուսաստանին թշնամի է հայտարարում, ապա ինչո՞ւ պետք է մենք ամեն տարի սուբսիդավորենք մի պետություն, որը մեր հակառակորդների ճամբարն է անցնում։
Եվրոպան ներկայումս անկման մեջ է։ Այն ծաղկում էր էժան ռուսական գազի և Չինաստանից եկող էժան ապրանքների շնորհիվ։ Այժմ այդ ամենը փոխվել է։ Հետևաբար` Հայաստանը չպետք է հույսը դնի Եվրոպայից փոխհատուցում ստանալու վրա։
— Գազի գների հնարավոր բարձրացման մասին Ռուսաստանի զգուշացումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը շատ փող կունենա եւ դա խնդիր չի առաջացնի։ Ի՞նչն է, ձեր կարծիքով, նման հայտարարությունների հիմքը։
— Ռուբիոյի այցելության ժամանակ ստորագրվեցին երեք շրջանակային համաձայնագրեր։ Դրանցից մեկը վերաբերում էր հազվագյուտ մետաղներին։
Նախ, ես կշարունակեմ TRIPP-ի և Նիկոլ Փաշինյանի կողմից հայ ժողովրդին խոստացված տրիլիոնների թեման։ Սա արդեն հիշեցնում է Քաչ Նազարին և Օստապ Բենդերին: Վերջինս ասել էր, որ Նոր Վասյուկին կդառնա տիեզերքի կենտրոնը, և բոլոր ֆինանսական հոսքերը կհոսեն այնտեղ։
Նա ասում է, որ Հայաստանը այնքան փող կունենա, որ գազի համար վճարելը չնչին գումար կլինի։ Բայց նույնիսկ Գերմանիայի համար դա այդպես չէ։ Գերմանիայի համար գազի գների բարձրացումը դարձավ հարված տնտեսությանը։
Այս պահին բազմաթիվ գործարաններ են փակվում, աշխատողներին կրճատում են, իսկ բիզնեսները տեղափոխվում են այլ երկրներ, հիմնականում՝ Միացյալ Նահանգներ, ինչի համար Թրամփը շատ ուրախ է ։
Եվ եթե սա լուրջ հարված է Գերմանիայի նման տնտեսությանը, ապա այն անխուսափելիորեն ավելի մեծ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, անկախ նրանից, թե որքան է երկիրը վաստակում իր 43 կիլոմետրանոց տարանցիկ երթուղուց։
Ինչ վերաբերում է հազվագյուտ մետաղներին, համաձայնագիրը շրջանակային բնույթ է կրում, և դրա բովանդակությունը դեռևս լիովին անհայտ է։ Սակայն այն, հավանաբար, կառուցված կլինի նույն մոդելով, ինչ անցյալ տարի Ուկրաինայի հետ կնքված համաձայնագիրը՝ այսպես կոչված ընդերքի մասին համաձայնագիրը։
Սա նշանակում է, որ հազվագյուտ մետաղների և այլ հանքանյութերի ամբողջ մշակումը պետք է համակարգվի Միացյալ Նահանգների հետ։ Եվ Միացյալ Նահանգները պետք է ներգրավված լինի նախագծում։
Սա չի նշանակում, որ ամեն ինչ իրենք կզարգացնեն։ Նրանք փաստացիորեն իրենց վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի այն հատվածը, որը դեռեւս մնում է Ուկրաինայի վերահսկողության տակ, և հիմա ոչ ոք չի կարող այնտեղ հանքային ռեսուրսներ զարգացնել առանց իրենց իմացության։
Կմշակվեն դրանք իրականում, թե ոչ` մեծ հարց է։
Արևմտյան հրատարակություններն իրենք են հարցնում. եթե նրանք չեն կարողանում ԱՄՆ-ում կամ Ավստրալիայում նմանատիպ հանքավայրեր մշակելու համար անհրաժեշտ գումար գտնել, որտեղի՞ց դա կգտնվի Ուկրաինայի համար։
Նույնը կարելի է ասել նաև Հայաստանի մասին։
Եթե ամեն ինչ այդքան պարզ լիներ, ընկերությունները վաղուց կգործեին Հայաստանում։ Ո՞վ է արգելել այդ հանքավայրերի մշակումը։ Բայց դա պահանջում է մեծ ներդրումներ և բարենպաստ տնտեսական միջավայր, որը գոյություն չի ունեցել և դեռևս չկա։
Այնուամենայնիվ, նման ռեսուրսների վրա վերահսկողություն հաստատելը լիովին հնարավոր է։ Եվ հիմա, ըստ էության, ոչ ոք չի կարողանա իրականացնել նման նախագծեր առանց ԱՄՆ-ի հաստատման։
Հետևաբար` խոստումները, որ Հայաստանը մեծ գումարներ կունենա, նման են ևս մեկ Օստապ Բենդերի ոճով պատմության։
-Ինչպե՞ս եք գնահատում ներկայիս ընտրարշավը և Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։ Արդյո՞ք ընդդիմությունն այսօր ունի հաղթանակի իրական հնարավորություն։
-Իմ կարծիքով, ընդդիմությունը ոչ միայն հնարավորություն ունի, այլև ուղղակի պարտավորություն՝ հաղթելու։ Այստեղ մենք պետք է դիմենք ժողովրդի պատմական և քաղաքական հիշողությանը։
Քանի՞ անգամ կարող ենք նույն փոցխի վրա ոտք դնել։ Նմանատիպ բան տեղի է ունեցել մոտ հարյուր տարի առաջ։ Եվրոպա գնալը հանգեցնում է նրան, որ Հայաստանը մենակ է մնում իր մուսուլման հարևանների հետ։ Եվ բոլորը գիտեն, թե ինչով է դա ավարտվում։
Ահա թե ինչու է ներկայիս կառավարությունը փորձում խուսափել ցեղասպանության հիշողությունից։
Այս կառավարության ներկայացուցիչները, իհարկե, իրենց ճամպրուկները հավաքել են, և անհրաժեշտության դեպքում անմիջապես կտեղափոխվեն այստեղից։ Բայց ժողովուրդը կմնա նույն հարևանների հետ, ովքեր առանձնապես բարիդրացիական չեն հայ ժողովրդի նկատմամբ։
Հետևաբար` պատմական հիշողությունը պետք է մեզ հուշի, որ այս գործընթացը դադարեցնելու միակ միջոցը` գնալն ու քվեարկելն է։
Եվ ոչ թե ձայները ցրել փոքր կուսակցությունների միջև, այլ քվեարկել նրանց օգտին, ովքեր ներկայումս առաջատար դիրքերում են։
Նրանք, ովքեր չեն մասնակցի քվեարկությանը, ցույց կտան իրենց անտարբերությունը ժողովրդի ճակատագրի նկատմամբ։ Ամեն ինչ կախված է մարդու պատմական հիշողությունից՝ արդյոք նա ունի այն, թե` ոչ։
Մենք նմանատիպ իրավիճակ ունեցանք 1990-ականներին, բայց 2000-ականներին ամեն ինչ փոխվեց։ Այս միտումը հնարավոր է շրջել և ապահովել երկրի զարգացումը, այլ ոչ թե դառնա ուրիշի փաստացի կցորդը։
—Պրն Անանև, այսօր Հարավային Կովկասում տեղի ունեցող ո՞ր գործընթացներն եք համարում ամենահրատապն ու նշանակալիցը։
— Ամեն ինչ կախված է քվեարկության արդյունքից։ Դրանից կորոշվի՝ կարո՞ղ ենք խոսել արարման, թե՞ ` ընդհակառակը` ոչնչացման գործընթացների մասին։
Ես արդեն նշեցի, որ մի ժամանակ Ռուսաստանը առաջարկել էր համագործակցել Եվրոպայի հետ՝ երկու մաքսային գոտիների՝ եվրոպական և եվրասիական համակեցության հարցը քննարկելու համար։ Սակայն Եվրամիությունը կտրականապես մերժեց։
Եվ հիմա նման այլընտրանք չկա։
Տեսականորեն հնարավոր կլիներ համագործակցել երկու կողմերի հետ, բայց այսօր իրավիճակը զարգանում է «կամ-կամ» սկզբունքով։
Կամ դուք շարժվում եք դեպի եվրաինտեգրացիա, և այդ դեպքում ոչ միայն գազն է թանկանում։
Սա նաև նշանակում է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կարող է մտցվել վիզային ռեժիմ։ Կարծում եմ՝ ավիահաղորդակցությունը զգալիորեն կկրճատվի։
Հետևաբար` կնվազեն աշխատանքային միգրացիայի հնարավորությունները, որոնց միջոցով այսօր շատ հայեր են վաստակում իրենց ապրուստը։
Ներկայիս սոցիալական նպաստները նույնպես կվերանան։ Ներկայումս հայկական անձնագրեր ունեցող քաղաքացիները կարող են հեշտությամբ բժշկական օգնություն ստանալ և սովորել Ռուսաստանում։
Այս ամենը կարող է վերանալ։
Հետևաբար` անհրաժեշտ է դիմել պատմական հիշողությանը։
Հարցազրույցը վարեց Զարուհի Բաբուխանյանը։

