Աշնանը պետք է սպասել խոշոր լուծումների
ՎերլուծությունԶարգացումները, որոնք վերջին ժամանակներս տեղի են ունենում Ուկրաինայի շուրջ, թերեւս երկու ուղղվածության են: Այն, ինչ ի ցույց է դրվում հրապարակային դաշտում, եւ այն իրականը, որը տեղի է ունենում «գետնի վրա» (Տե՛ս նաեւ https://iravunk.com/?p=341783&l=am):
Քարոզչական դաշտում ուկրաինական ուժերի վիճակը վատ չէ: Այսինքն, աճող հարվածներ են հասցնում Ռուսաստանի խորքերին, բանը հասել է ազատագրված տարածքներով Ռուսաստանի հիմնական հատվածից դեպի Ղրիմ տանող ցամաքային մայրուղուն մշտական հարվածներին եւ այլն: Այսինքն, շարունակաբար ի ցույց են դրվում այնպիսի երեւույթներ, որոնք կարող են Ռուսաստանում հանրային մեծ անհանգստություն առաջացնել: Դա են ֆիքսում նաեւ մի շարք հեղինակավոր, այդ թվում` ազգայնական ուղղվածության փորձագիտական աղբյուրները` հանգելով եզրակացության, որ նպատակը ներռուսաստանյան խորը անհանդուրժողականություն, հնարավորության դեպքում` իշխանափոխություն հրահրելն է:
Նման է, որ նման ծրագրեր եվրագլոբալիստական շրջանակներում կան, ավելին, սկսել են բացահայտ խոսել, որ սպասվում է ամառվա կեսերին–վերջերին Ռուսաստանում լարվածության կտրուկ աճ: Թե ուր կտանի այս ամենը, դեռ կտեսնենք:
Մյուս կողմից, «գետնի վրա» իրավիճակը մի փոքր այլ է: Ճիշտ է, մի կողմից այն փաստարկները, որոնք առաջ են մղվում քարոզչական դաշտում, իրենց տակ որոշակի ռեալ հիմքեր ունեն: Այդ թվում, որ ուկրաինական կողմի մոտ էապես մեծացել են հեռահար անօդաչուների ծավալները, այդ թվում` Եվրոպայում արտադրվող, որ դրանք սկսել են ավելի մեծ ծավալներով հարվածել Ռուսաստանի խորքերին եւ այլն: Մյուս կողմից, այդ ամենը թերեւս որոշակի վնասներ Ռուսաստանին հասցնում է, բայց ամենեւին էլ ոչ այն մասշտաբներով, որը փորձում են հրամցնել: Օրինակ. ոչ Ղրիմ տանող մայրուղու վրա տրանսպորտի խոցումներ եղել են, դա փաստ է: Սակայն միանգամայն արժանահավատ աղբյուրները հաստատում են, որ խոսքը տասնյակ դեպքերի մասին է, որը պատերազմի պայմաններում միշտ էլ կլինի: Այն դեպքում, երբ դա ներկայացվում է հարյուրավոր խոցումների տեսքով: Եվ նույն պատկերն է նաեւ Ռուսաստանի խորքային հատվածներին հասցվող հարվածների մասով:
Ինչ վերաբերում է Եվրոպայի կտրուկ ակտիվացմանը, ապա օրերս բավականին մեծ աղմուկ առաջացրեց Ռումինիայի` ՆԱՏՕ–ի եւ ԵՄ անդամ պետության տարածքին «անհայտ« ծագման անօդաչուի հարվածի պատմությունը: Շատ արագ մեղադրեցին ռուսներին, Մոսկվան Պուտինի մակարդակով արձագանքեց, թե` բա ուր են ապացույցները: Ու այս ողջ աղմուկի ֆոնին` Ուկրաինային բառացիորեն ցնցած հայտարարություն հնչեցրեց Ռումինիայի նախագահը` պահանջելով Ռուսաստանից, որ հարվածի միայն Ուկրաինային` չսպառնալով իր երկրին: Կարճ ասած` «թքած ուկրաինացիների վրա», միայն թե մեզ չհարվածեք: Ու այս պատմությանը զուգահեռ սկսեցին մարել նաեւ մերձբալթյան երկրների երկնքով Ռուսաստանին ուկրաինական անօդաչուների անարգել հարվածների մասին խոսակցությունները: Այսինքն, Ռումինիայում, մերձբալթյան եւ այլ երկրներում հանգում են այն մտքին, որ անհրաժեշտության դեպքում հենց իրենք են թիրախավորվելու լավագույն դեպքում «անհայտ անօդաչուների» կողմից, եւ այն, որ ՆԱՏՕ–ի անդամներ են, բան չի փոխի. ՆԱՏՕ–ից կարող են ստանալ ընդամենը «բարոյական աջակցություն»:
Եվրոպայում նկատվող այս տրանսֆորմացիան բավականին դիպուկ բացատրեց Տուսկը` կոչ անելով ՆԱՏՕ-ին` շատ լուրջ ընդունել Մեդվեդեւի խոսքերը, որ եվրոպացիները այլեւս չեն կարողանա «հանգիստ քնել»: Եվ այս ֆոնին պատահական չէր, որ Լեհաստանի նախագահը առաջարկեց Զելենսկուն զրկել բարձրագույն պետական պարգեւից՝ «Սպիտակ արծվի» շքանշանից: Գումարած, Լեհաստանում սկսել են ամենավերին մակարդակներով խոսել Ուկրաինայի հետ սահմանային վերահսկողությունը խստացնելու, զենքի տարանցումը դադարեցնելու մասին: Վերջապես, ինչպես արտահայտվեց իշխանական պատգամավորներից մեկը. «Ամենակարեւորը՝ մենք պետք է դադարեցնենք միջամտել այս պատերազմին։ Սա մեր պատերազմը չէ»։
Իսկ ահա բուն ռազմաճակատներում, որոշակի «պարապուրդից» եւ ամերիկացիների խոստումների կատարմանը սպասելուց հետո, ռուսական ուժերի մոտ նորից սկսեց նկատվել գործողությունների կտրուկ ակտիվացում: Կոնկրետ դետալներին անդրադառնալու առիթներ դեռ կունենանք, սակայն հիմա ընդամենը ֆիքսենք, որ պատկերը սա է: Հատկապես վերջին ժամանակներս սկսել են գրեթե ողջ ճակատային գծով մեկ նկատվել ռուսական ուժերի կողմից իրականացվող չափազանց վտանգավոր ճեղքումներ, որոնք ուկրաինական կողմին բարդ վիճակում են դնում: Այն է` ստիպված են արդեն մշտական դարձող ռեժիմով եղած ուժերն այս մի հատվածից մյուսը նետել` հատկապես վտանգավոր դարձող ուղղությունները կարկատելու համար: Արդյունքում, այս մի ուղղությունն է դառնում հատկապես վտանգավոր, եւ այդպես շարունակ: Այսինքն, որ ուկրաինական կողմն ունի ռեզերվների ծայրահեղ պակաս եւ այլեւս դժվարանում է դրանք փոխարինել անօդաչուներով, դառնում է կոնկրետ իրողություն: Էլ չասած, որ արդեն ամենօրյա ռեժիմով է Զելենսկին սկսել խոսել ռուսական հերթական մասշտաբային օդային հարձակման մասին, որոնք կուղղվեն որոշումների կայացման կենտրոններին եւ մինչ այս անձեռնմխելի համարվող կոնկրետ օբյեկտների` ատոմակայանների տրանսֆորմատորային կայաններ, Դնեպրի կամուրջներ եւ այլն:
Այս ընդհանրական իրավիճակից նման տպավորություն է առաջանում: Սպասելիքները, որ այս ամառային–աշնանային կոմպանիայի ժամանակ ուկրաինական կողմը կարող է էապես կորցնել իր բանակի մարտունակությունը, դառնում է առավել քան հավանական: Թերեւս, հենց այդ հանգամանքը հաշվի առնելով էլ, գլոբալիստական թեւը հիմնական հաշվարկը դրել է Ռուսաստանում ներքին խժդժություններ առաջացնելու ռազմավարության վրա: Բայց եթե չհաջողվի, ապա Կիեւը, թերեւս, արդեն ստիպված է լինելու գնալ պատերազմը դադարեցնելու ճանապարհով, հաշվի առնելով նաեւ, որ այդ ուղղությամբ Վաշինգտոնից եւս ազդակների պակաս չկա:
Մի խոսքով, շատ նման է, որ այս աշնանը պետք է սպասել խոշոր լուծումների, ընդ որում` նաեւ հայաստանյան ուղղությամբ:
Տե՛ս նաեւ https://t.me/iravunk/67803

