Նիկոլն ինքն էլ դեռ չգիտի, թե դեպի ուր է գնալու
ՎերլուծությունՀայաստանի եւ Ռուսաստանի միջեւ սրացումները շարունակվում են գրեթե նույն դինամիկայով: Ընդ որում, հայաստանյան իշխանական շրջանակներն արդեն չեն էլ կարողանում դա ցույց չտալ: Այսինքն, եթե այս սրացումների նախնական փուլում, երբ դեռ միայն ՌԴ ծաղիկների ներմուծումն էր արգելվել, Նիկոլի մակարդակով փորձում էին հանրությանը համոզել, թե բան էլ չկա, միայն որոշ տեխնիկական խնդիրներ են, կլուծվեն, գազի գինն էլ պայմանագրով երաշխավորված է, ապա հիմա փորձում են անցնել այլ մարտավարության, թե` խնդիրները կան, բայց մտածելու բան չունենք, կլուծվեն:
ՊՈՊՈՒԼԻԶՄԻ ՀԵՂԵՂ
Այս վերջին մոտեցումն էր նկատելի Նիկոլի մոտ, երբ փորձում էր քարոզել, թե ուզում են գազը թանկացնեն, թող թանկացնեն, մենք «միլիարդներ եւ տրիլիոններ» ենք աշխատելու, թանկացումն էլ վրաներս չի երեւա: Հիմա էլ մեկ այլ քարոզի է անցել, թե էլեկտրաէներգիայի մասով էլ մտածելու բան չունենք: Նիկոլը փորձում է համոզել, թե. «Մեծամորի ԱԷԿ-ի հզորությունը կազմում է 400 ՄՎտ։ 2018 թվականից ի վեր մենք ստեղծել ենք արեւային էլեկտրակայաններ՝ ընդհանուր մոտ 1200 ՄՎտ հզորությամբ»: Այն է` ատոմակայանից եռակի շատ հոսանք արեւի հաշվին ենք ստանում: Միայն թե «անհասկանալիորեն» պնդում է, թե այս տարվա հունվա–մայիս ամիսներին (վերջին ցուցանիշը) Հայաստանում արտադրվել է 3 237.7 մլն.կՎտ.ժ էլեկտրաէներգիա: 2018թ. նույն ամիսներին այդ թիվը 2 667.3 մլն. էր: Ոչ մի արտառոց ավելացում չկա. նման աճ պետք է լիներ, եթե անգամ Հայաստանում կառավարություն չլիներ: Բացի այդ, ատոմակայանը ապահովում է Հայաստանի պահանջարկի մոտ 40 տոկոսը: Եթե այդ թիվը քառապատկվեր (400–1200), ապա հիմա Հայաստանը պետք է լիներ տարածաշրջանային նշանակության արտահանող. նման բան չկա: Կարճ ասած, գործ ունենք սովորական մանիպուլյացիայի հետ:
Ու միայն էլեկտրականությամբ չէ, որ մանիպուլյացիան սահմանափակվում է: Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն էլ համոզում է, թե ի՞նչ վատ բան կա, որ հայաստանյան լոլիկը Ռուսաստան չի գնալու: Փոխարենը, միլիոնավոր մարդիկ հնարավորություն կունենան հարմար գներով լոլիկ գնել, ջերմոցների սեփականատերերը կկարողանան իրացնել իրենց ապրանքը. «Բոլորի համար լավ լուծումներ կգտնվեն»: Ու շատ պարզ հարց կա. եթե կային նման լուծումների հնարավորություն, բա ութ տարի ինչո՞վ էիք զբաղված, գտնեիք լուծումներ, որ հա՛մ լոլիկ արտադրողները չմնային ռուսական շուկայի հույսին, հա՛մ էլ Հայաստանի ներսում ցածր գներ պահպանվեին, որ մարդկանց համար հասարակ լոլիկը չդառնար «սեւ իկրա»: Միայն թե անգամ նման «հանճարեղ» մտքերից հետո խնդրի աբսուրդը չի վերանում: Այն է. սույն Պապոյանը երեւի դարձավ աշխարհում միակ էկոնոմիկայի նախարարը, ով արտահանման զրոյացման տակ փորձում է բոլորի համար փայլուն հնարավորություններ տեսնել: Մնում է, որ դադարեցնեն ամեն ինչի արտահանումը, եւ ողջ երկիրը «կուշտ ու ուրախ» կապրի: Չնայած, երեւի մնացորդային մտածողությամբ հասկանալով, թե ինչ է խոսում, ավելացնում է. «Կմշակենք եվրոպական երկրներ արտադրանքի արտահանման աջակցության նախագիծ»: Ինչպես ասում են` կողմնորոշվեք. հիմա մեզ արտահանում պե՞տք է, թե՞ պետք չէ: Կամ. բա ինչո՞ւ մինչեւ հիմա չէիք մտածում «եվրոպական երկրներ արտահանման» մասին, որ հիմա եք այդ մասին խոսում: Տարբերակ կար, ու չի՞ արվել. եթե սա է, ապա Պապոյանն իր այդ մտքերով միայն խոստովանում է, որ խայտառակության աստիճանի վատ նախարար է եղել:
Իրականում պատկերը հասկանալի է. իրենց իսկ ձեռքով ստեղծել են մի վիճակ, որի կործանարար հետեւանքներն անգամ տարրական գիտելիքներ ունեցողներն են պարզ գիտակցում: Բայց պետք է գոնե մի շաբաթ էլ ձգել, որ այս իրողություններն էլ ավելի չպայթեցնեն Նիկոլի նախընտրական վիճակը: Ու այլ տարբերակ չկա, քան «միլիարդներից եւ տրիլիոններից» խոսելն ու Հայաստանի գյուղմթերքների արտահանման սպասվող պայթյունը դրական երանգներով ներկայացնելը:
ՈՐ ԻՄԱՆԱ` ԻՆՉ Է ԱՍԵԼՈՒ, ԿԱՍԻ
Իրականում, իհարկե, խնդիրը նույնիսկ այն չէ, թե Ռուսաստանը հայաստանյան ինչ–որ ապրանքներ ինչ–որ պահի արգելել է ներմուծել: Ամեն բան շատ ավելի խորքային է: Այսինքն, գալիք շաբաթ ընտրություններ կլինեն, Նիկոլին եթե չհաջողվի վերարտադրվել, այս բոլոր թեմաներն արդեն այլ երանգավորում եւ այլ հասցեատերեր կունենան: Այլ բան, որ եթե Նիկոլը վերարտադրվի, գլոբալ իմաստով այս ամենն ո՞ւր է տանելու:
Նիկոլի փոխարեն ԵԱՏՄ գագաթաժողովին մասնակցած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կրեմլյան լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում փաստացի պահպանում է այն «պաուզան», որը մինչ այդ Նիկոլն էր առաջ տանում: Այսինքն, որ այս պահին Հայաստանի համար ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց պարզապես չկա: «Երբ գործը հասնի նրան, որ այդ հարցը դրվի կտրուկ, այդ ժամանակ այս կլինի կոնկրետություն... Հիմա մենք պարզապես նման սցենար չենք դիտարկում... Մեզ մոտ Եվրասիական տնտեսական միության հետ կապերը խզելու հարց չի դրվում»:
Նույն թեզը նորից առաջ տարավ Նիկոլը` նաեւ պատասխանելով ԵԱՏՄ կամ ԵՄ հարցով հնարավորինս շուտ հանրաքվե անելու հայտնի առաջարկին: Ըստ Նիկոլի, «հանրաքվեի անցկացումն անտրամաբանական է», քանի դեռ` «Հայաստանը պաշտոնապես չի դիմել Եվրոպական միությանն անդամակցելու համար կամ չափազանց մոտ չէ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալուն»: Իսկ ավելի վաղ նա նաեւ այն միտքն էր առաջ տարել, թե ընտրությունները կավարտվեն, կգնա Մոսկվա եւ կփորձի Ռուսաստանի հետ «հակասություններին» լուծումներ գտնել:
Իմաստը մոտավորապես հասկանալի է. Նիկոլին, իհարկե, եթե կարողանա վերարտադրվել, պարզապես դեռ էլի ժամանակ շահել է պետք աշխարհաքաղաքական վերջնական կողմնորոշման համար: Իսկ ավելի պարզ, նա չէ, որ պետք է կողմնորոշվի: Աշխարհում ընթանում են գլոբալ վերաձեւավորման գործընթացներ, եւ այս պահին դեռ հարցականներ կան, թե գլոբալ ուժերից որ մեկը մասնավորապես մեր տարածաշրջանում գերիշխող դիրքերի կհասնի: Ընդ որում, կարելի է ուժերի հնարավորություններին մոտավոր հավանականություն տալ: Բայց անկանխատեսելիության մակարդակը շատ մեծ է, եւ մեծ է նաեւ սխալվելու հավանականությունը: Ամենապարզ օրինակը. կան մոտավոր հաշվարկներ, թե դեպի ուր է գնում Իրան–ԱՄՆ հակամարտությունը: Բայց վերջնական, «պեչատված» ասել, որ հենց ամենահավանական թվացող տարբերակն է լինելու վերջնականը, իհարկե, սխալ կլիներ: Նույնը կարելի է ասել ուկրաինական հակամարտության մասին, եւ, խոշոր հաշվով, այն վերջնական հարաբերությունների, որոնք ձեւավորվում են Ռուսաստան – Չինաստան – ԱՄՆ – Եվրոպա տիրույթում, գումարած նաեւ այլ խոշոր ուժերին, այդ թվում` Իրանին:
Ու Նիկոլի հիշատակված պատասխանն էլ, ըստ էության, այս կարգի է. «Ախր պարոն պալկովնիկ, որ իմանամ, թե ինչ եք ուզում որ ասեմ՝ կասեմ, բայց որ չեմ իմանում, թե ինչ եք ուզում, որ ասեմ՝ ի՞նչ ասեմ...»: Ու վիճակն էլ բարդանում է նրանով, որ պատասխան պահանջողներն ամենեւին էլ միայն ռեուսները չեն. պահանջներ գալիս են ամերիկացիներից, եվրոպացիներից, բրիտանացիներից, պետք է նաեւ Ալիեւին սիրաշահել, Էրդողանի հետ գոնե որոշակի բալանս պահել: Ընդ որում, մեծ խաղի սրացմանը զուգահեռ, այդ պահանջները համեմվում են նաեւ տեսանելի եւ քիչ տեսանելի տարաբնույթ ճնշումներով, սիրաշահումներով` «բլիթի եւ մտրակի» տեսքով եւ այլն, որոնց ցուցադրական օրինակներից մեկը, իհարկե, Մոսկվայի այս վերջին գործողություններն են:
ՀՆԱՐԱՎՈՐ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ
Մյուս կողմից էլ ասել, որ Մոսկվայում պարզապես չեն պատկերացնում, որ այս պահին Նիկոլը վերջնական որոշում չի կարող կայացնել, միամտություն կլիներ: Ամեն դեպքում, ԵԱՏՄ–ի վերջին գագաթաժողովում եւ Հայաստանին ուղղված մյուս չորս նախագահների հայտնի հայտարարության հիմքում թեեւ հենց Հայաստանի ապագայի հարցն էր, բայց նաեւ ժամանակի տրամադրումով: Այսինքն, անկախ այս ընտրությունների արդյունքներից, թեմային կանդրադառնան վեց ամսից` դեկտեմբերի գագաթաժողովում: Բայց նաեւ ֆիքսելով, որ ճնշումները պահպանվում են. Հայաստանում ՌԴ դեսպանին խորհրդակցությունների համար Մոսկվա կանչելը այդ իմաստով շատ լուրջ մեսիջ էր:
Մոսկվայում, իհարկե, նաեւ հասկանում են, որ այս բոլոր ճնշումների արդյունքում Նիկոլը, եթե կարողանա վերարտադրվել, ապա հազիվ թե նախկին դիրքերը պահպանի: Այսինքն, որ կկարողանա վերարտադրվել, պահպանելով խորհրդարանում այն բացարձակ իշխանությունը, որը նրան հնարավորություն էր տալիս միանձնյա, առանց որեւէ բան հաշվի առնելու իշխել երկրում: Այսինքն, ողջ խնդիրն իրականում հենց այստեղ է: Եթե Նիկոլը կարողանա պահպանել նույն մակարդակի իշխանությունը, ապա հաջորդ քայլը կարող է դառնալ հանրաքվեով Սահմանադրությունը փոխելը, որից հետո ինչ–որ բան նրա հետ պայմանավորվելը Մոսկվայի համար դառնալու է շատ ավելի դժվար: Այսինքն, շատ իրատեսական է դառնում, որ նման իրավիճակում Հայաստանը Մոսկվայի համար կհայտնվի նույն վիճակում, ինչ հիմա Վրաստանն ու Ադրբեջանն են:
Այլ տարբերակ, եթե Նիկոլը վերարտադրվի նվազագույնով` 50 տոկոսից մի փոքր ավելի ձայներով, այն էլ` «փոշիացման» հաշվին: Սա արդեն նրան դնելու է բավական խոցելի վիճակում: Դա նրան կտրուկ քայլերի հնարավորություն չի տալու, որը, թերեւս, նաեւ Մոսկվայի համար է ընդունելի տարբերակ այս պահի համար: Այսինքն, պահպանել գոնե հայաստանյան ուղղությամբ հարաբերականորեն կայուն վիճակ, քանի դեռ ուկրաինական, ասենք նաեւ իրանական ուղղությամբ չկան վերջնական լուծումներ: Այդ լուծումներից հետո, անկախ նրանից, թե դրանք ինչպիսին են լինելու, արդեն ի հայտ կգա նոր իրավիճակ: Այ, հենց այդ ժամանակ է, որ ոչ միայն հայաստանյան, այլ` հարավկովկասյան ուղղությամբ լուծումներ ի հայտ կգան, այդ թվում` ԵԱՏՄ, թե ԵՄ հարցի հետ կապված: Թերեւս, ԵԱՏՄ ղեկավարների հայտարարության վեց ամիսը հենց դրանով էլ պայմանավորված էր:
Տե՛ս նաեւ https://t.me/iravunk/67802

