Պանիկովսկուն արդեն «ծեծում են»
ՎերլուծությունՆիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում շարունակում է խոզ քերթել ու ուտել, ախորժակն էլ գնալով մեծանում է: Իսկ համբերության բաժակը լցված հանրության ցասումն այլեւս հնարվոր չէ թաքցնել: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ քաղաքացիներից Մարիամ Վարդանյանը չկարողացավ մոտենալ Նիկոլ Փաշինյանին, վերջինիս տարեդարձի առթիվ նվեր ուներ: Ասում էր տղան զոհված է, թոռն էլ անհետ կորած… Իր հետ սեւ սիրտ էր բերել։
«Այ, էս է իմ սիրտը։ Նիկոլի սրտիկները ձեւական են, ոչ մեկի չի սիրում։ Ոչ մեկի մասին չի մտածում, միայն իր աթոռն է ուզում։ Չի վայելելու, երկնային պատասխան է տալու, ստանալու է իր պատիժը։ Այս շոուն, որ կազմակերպել է, իմ նման սգավորները սիրտ չունեն դրա։ Նարնջագույն սրտիկները բերում է․ իմ երեխեքը երկու-երկու գնացին։ Իմ երեխեքին տարավ, հասցրեց Ջեբրայիլ, էդ Ջեբրայիլը բա որ Ադրբեջան էր, ինչի՞ տարավ կոտորեց, իմ տունը քանդեց… Գետինը մտնես դու, քո ապագայով», - ասում էր սգավոր կինը:
Համանման «մաղթանքները» Փաշինյանի տարեդարձի առթիվ բազմաթիվ էին Հայաստանից եւ սփյուռքից: Իսկ հատուկ «նվերներ» ուղղեցին թե՛ Ռուսաստանից, թե՛ Արեւմուտքից:
Հայաստանը հունիսի 2-ից պետք է դադարեցնի Ռուսաստան արտահանման համար նախատեսված կենդանի ձկան եւ ձկնամթերքի հավաստագրումը: Այս մասին հաղորդել է «Ռոսսելխոզնադզորը»: Հիշեցնենք, որ սրան արդեն իսկ նախորդել էր լոլիկի եւ ծաղիկի արտահանման վերաբերյալ ծագած խնդիրները:
Իսկ գերմանական մամուլը պատռում է Երեւանի ռեժիմի դիմակը: Գերմանիայի մայրաքաղաքի գլխավոր պարբերականում՝ «Berliner Zeitung»-ում, հրապարակված նյութը ցույց է տալիս գերմանական հանրությանը, որ Հայաստանում այլախոհության համար մարդկանց կալանավորում են, կեղծ մեղադրանքներով պիտակավորում և զրկում ազատությունից: Այս հոդվածի գլխավոր ուղերձը մեկն է. Փաշինյանի իշխանությունը սեփական աթոռը պահելու համար երկիրը տանում է դեպի կապիտուլյացիա եւ ինքնաոչնչացում։ Մինչ արեւմտյան որոշ առաջնորդներ, կուրացած հակառուսական քաղաքականությամբ, աչք են փակում Երեւանում տիրող բռնապետության եւ հոգեւորականների կալանավորումների վրա, Հայաստանը քայլ առ քայլ զրկվում է իր սուվերեն տարածքներից: Կարելի է ասել, որ «Berliner Zeitung»-ի այս հրապարակումը կոտրում է Արեւմուտքի լռությունը։
Այո՛, մեօրյա Պանիկովսկուն «ծեծում են» Հյուսիսից մինչեւ Արեւմուտք, հայաստանյան հեռավոր գյուղերից մինչեւ երեւանյան վարչական շրջաններ:
ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՐԿՆՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ՆԱՐԱՏԻՎՆԵՐԸ
Նախորդ շաբաթվա նախընտրական քարոզարշավի գլխավոր դերում էլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր: Նա նախ հարցազրույց տվեց Հանրային հեռուստատեսությանը, ապա հանրահավաք իրականացրեց Ազատության հրապարակում: Եվ ի՞նչ էր առաջարկում նա ժողովրդին, որ իր իշխանության գալով` Հայաստանը վարելու է «եւ-եւ»-ի արտաքին քաղաքականություն, կարծես Ֆրանսիայի նախագահը Ժակ Շիրակն է, ռուս-ֆրանսիական հարաբերություններն ավելի քան ջերմ, Հայաստանն էլ մնացել է 2000-ականների սկզբում: Ո՛չ տեղյակ է Արեւմուտք-Ռուսաստան լարվածության մասին, ո՛չ ուկրաինական պատերազմի, ո՛չ էլ գիտի, որ աշխարհն այսքան բեւեռացված մեկ էլ եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:
«Ես երբեք չեմ ասել, որ Հայաստանը պետք է դառնա Միութենական պետության անդամ», - Հանրայինի եթերում հպարտորեն ասում է Քոչարյանը, բայց չի ասում, թե այդ դեպքում ինքն ինչո՞վ է տարբերվում Փաշինյան Նիկոլից: Չէ որ, լավ, թե վատ Փաշինյանն էլ է իրականացնում «եւ-եւ»-ի քաղաքականություն. Մեկ շոյում է Եվրոպայի ականջները, մեկ պարծենում, թե ընկերական հարաբերություններ ունի Վ. Պուտինի հետ: Փաստորեն, այս ամբողջ կռիվը զուտ աթոռակռի՞վ է:
«Հայաստանի քաղաքական դաշտում ներկայումս ականատես ենք լինում բացառապես արեւմտամետ ուժերի ներքին պայքարի։ Քանի որ ես չեմ տեսնում որեւէ պրոռուսական ուժ, որը մասնակցում է այս ընտրություններին, ապա ինձ համար որեւէ կողմի աջակցելը դառնում է բացարձակ անիմաստ, քանի որ դրանք բոլորը սպասարկում են միեւնույն արեւմտյան օրակարգը։ Համոզված եմ, որ տվյալ ընտրությունների միջոցով Հայաստանում որեւէ արմատական կամ դրական փոփոխություն տեղի չի ունենալու։ Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանի պետականության եւ ապագայի միակ կենսունակ հեռանկարը Ռուսաստանի Դաշնության հետ միութենական պետություն ձևավորելն է։ Մինչ այդ ճանապարհը եւ դրա իրագործումը, միակ քաղաքական գործիչը, ում ես անվերապահորեն աջակցել եմ եւ շարունակելու եմ աջակցել, ՌԴ գերագույն գլխավոր հրամանատար, նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինն է», - ահա այսպիսի դիրքորոշում է հայտնում քաղակտիվիստ Արթուր Ղազարյանը, որը ժամանակին սատարում էր հենց Քոչարյանին։
ԻՆՉ ՄԵՍԻՋ Է ՀՂՈՒՄ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՆԻԿՈԼԻՆ
Իսկ Ազատության հրապարակի հանրահավաքի ժամանակ մինչ բոլորը փորձում էին հասկանալ, թե քոչարյանական հարթակում ի՞նչ գործ ունի, ո՞ր արժանիքների համար է ելույթ ունենում Նիկոլ Փաշինյանի իբրեւ նախկին զուգընկերուհի Աննա Հակոբյանի «Էրատո» ջոկատից Արսինե Մինասյանը, «Հայաստան» դաշինիքի պատգամավորի թեկնածու ու հիմա էլ գործող պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտարարեց. «Արցախը վերադարձնել չենք կարող, բայց այն մարդիկ, ովքեր այս ավերածությունը բերել են, իսկապես պետք է պատասխան տան»:
Եվ ի՞նչ է ստացվում. եթե չենք կարող հետ բերել, ուրեմն՝ չէինք էլ կարող պահել, եւ եթե չէինք կարող պահել, ուրեմն՝ Նիկոլը ճի՞շտ է, թե՞ զուտ քոչարյանականներն են կամաց-կամաց ստանձնում նրա փաստաբանի առաքելությունը:
Միգուցե այս ամենը բոլորովին պատական չէ՞, եւ Քոչարյանը մեսի՞ջ է հղում Փաշինյանին, որ պարտրաստ է եւս 5 տարի իր մոտ լինել, ինչպես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կասեր, «Աստծո պարգեւ» ընդդիմություն: Այս վարկածն իրավունք ունի գոյություն ունենալ, մանավանդ այն ֆոնին, երբ Ռոբերտ Քոչարյանը Հանրային հեռուստատեսության եթերն օգտագործում է ոչ թե ի ցույց դնելով օրվա իշխանության իրական պատկերը, այլ ուղղակի եւ անուղղակի կերպով ցեխ շպրտելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիների վրա: Ըստ էության, Քոչարյանը, որը տարբեր սոցիոլոգիական հարցումներով անգամ ձայներ փոշիացնողների շարքում է, բացահայտ կերպով փորձում է Սերժ Սարգսյանի հաշվին ձայներ հայթայթել: Մյուս կողմից էլ ուղերձ է հղում Նիկոլին, որ իր ձայները լրացնի, որպեսզի կարողանան մտնել խորհրդարան:
Ընտրության շեմին, իրոք, քաղաքացին կանգնած է ծանր կացության մեջ, մի կողմից երկիրը կործանման տանող Փաշինյանն է, մյուս կողմից ընդդիմության միասնությունը ինչպես 2021-ին, այնպես էլ հիմա խախտած ու այսքան տարի Նիկոլ պահած, անգամ իմպիչմենթ չարած Քոչարյանը: Եվ եթե գործարար Սամվել Կարապետյանն էլ այս օրերին չշտապի հստակեցնել` ո՞րն է իր արտաքին վեկտորը, ո՞րն է Արցախի հարցում իր տեսլականը, ինչո՞վ է իր թիմը տարբերվելու ՔՊ-ից, ապա անձամբ է պատասխան տալու սերունդների կորսված ապագայի համար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

