Բա ասում էինք չէ՞. ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքՀիշո՞ւմ եք չէ աշխարհահռչակ իրավաբան, մարդու իրավուքների միջազգային պաշտպան ՌՈԲԵՐՏ ԱՄՍՏԵՐԴԱՄԻՆ, որն անձամբ եկել էր Հայաստան, որպեսզի միանա գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմին: Նա ասուլիսներ էր տալիս, սրտացավություն ցուցաբերում, բայց ոչ ոք չէր խորացել, թե ինչով է նա հայտնի: Վերջերս համացանցում է հայտնվել նրա հին հարցազրույցներից մեկը, որտեղ Ռոբերտ Ամստերդամը պատմում է, թե ինչպես է փաստաբանական աշխատանք տարել Թուրքիայի կառավարության համար։ Փաստենք, որ Կարապետյանները, դեռ իշխանության չեկած, խայտառակ կադրային քաղաքականություն են վարում՝ մեկ ի հեճուկս Իրանի՝ իսրայելցի ռազմական գործիչ են բերում մեր գլխին, որ խորհուրդներ տա, մեկ թուրքի պաշտպանն է գալիս Երեւան, էհ հետո՞…
Նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչական ռեսուրսի անթաքույց կիրառման բազմաթիվ ցցուն դրվագներ կան: Բայց, այն, ինչ տեղի ունեցավ Ստեփանավանում, որքան զարմանալի է, նույնքան էլ զավեշտ է: Պարզվում է՝ Ստեփանավանի համայնքապետարանը ծառայում է որպես հացի փուռ, կամ՝ զուտ համայնքապետարանի աշխատակիցն է «փուռը» տալիս վերադասին: Ստեփանավանում Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ լրագրողը մոտեցել է համայնքապետարանի Կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, սոցիալական աջակցության բաժնի պետ ԳԱՅԱՆԵ ՂԱԼԱՉՅԱՆԻՆ եւ հետաքրքրվել, թե որտե՞ղ է աշխատում: Սկզբում տիկինը փորձում է արդարանալ, թե ընդմիջման ժամին է իջել՝ քարոզարշավին մասնակցելու: Հետո ավելի անհաջող սուտ է խոսում, թե բա. «Ես մասնավոր հաստատությունում եմ աշխատում՝ հացի, թխվածքի արտադրությունում»: Ստեփանավանի այս դեպքը մեկ անգամ եւս ապացուցեց, որ նախընտրական շրջանում «հրաշքներ» լինում են։ Պաշտոնյաները մի ակնթարթում վերածվում են մասնավոր հատվածի աշխատակիցների, իսկ համայնքապետարանները՝ կարծես բազմապրոֆիլ ձեռնարկությունների։ Միայն թե այս «հացի պատմության» մեջ ամենադժվար մարսվողը, թերեւս, հենց ներկայացված «բացատրությունն է»:
Առաջին հայացքից չունի բացատրություն նաեւ այն, ինչ անում է «ՄԱՏՐՅՈՇԿԻ ՋԱՆ» ժողովրդական շիկ ոճում երգող քավր-բենդը: Հայաստանյան իշխանությունը բոլոր ուղղություններով փչացնում է Ռուսաստանի հետ հարաբերությունները, Երեւան է բերում Ուկրաինայի նախագահ Զելենսկիին, որ այստեղից հակառուսական հայտարարություններ անի, ՌԴ-ն էլ իր հերթին արձագանքում է այս ամենին՝ խնդիրներ ստեղծելով արտահանումների հետ կապված: Ստեղծված իրավիճակում ընտրություններին մասնակցող այն քաղաքական ուժերը, որոնք իրենց անցած ուղով, թվում էր, թե հանդես պետք է գան հայ-ռուսական հարաբերությունների պաշտպանության օգտին, մի բան էլ փորձում են իրենց հարցազրույցներում ու հրապարակային խոսքում դիստանցավորվել Ռուսաստանից: Այսինքն՝ քաղաքական մակարդակում հայ-ռուսական երկխոսության գերլարումը հասել է պիկին: Իսկ ի՞նչ է անում այդ ժամանակ երեւանյան փողոցներում անուն ձեռք բերած բենդը, երգում է հենց Հանրապետության հրապարակում եւ Հյուսիսային պողոտայում. «Матушка-земля, белая березонька, для меня – святая Русь, для других – занозонька»: Եվ հայ ժողովուրդը հիացած ունկնդրում է նրանց: Բա ասում էինք չէ՞, որ հակառուսական տրամադրությունները Հայաստանում ընդամենը մի քանի նիկոլականների ու արեւմտյան դեսպանատներից սնվող վարձու գործիչների ուղեղներում է, եւ այդ ամենը չի արտացոլում հանրային կարծիքը:
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

