Ռուսաստանը Հայաստանի նկատմամաբ փոխադարձ քայլեր է իրականացնելու. Հայկ Այվազյան
Ներքաղաքական«Իրավունք»-ը զրուցել է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ։
— Պարոն Այվազյան, Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ զորահանդես: Ինչպե՞ս կգնահատեք:
— Անկեղծ ասած, այդ զինատեսակների պարամետրերը չգիտեմ, այսինքն՝ չեմ կարող ասել որքանով են իրենք էֆեկտիվ կիրառելի մարտական գործողությունների ժամանակ, բայց ինքնին երկրի անվտանգությունը միայն զինատեսակներից չէ կախված: Դա համալիր մի բան է, որը կախված է ե՛ւ դաշնակիցներից, ե՛ւ դաշնակիցների հետ ռազմական համագործակցությունից: Նաև այդ համագործակցման շրջանակներում իրականացվող զորավարժություններից: Եթե դաշնակիցները գերտերություններ են, ապա նաեւ այդ գերտերության հետ համագործակցության արդյունքում զսպող վայրից, որ ինքը իր մյուս դաշնակիցների նկատմամբ ագրեսիվ գործողություն չկատարի: Այսինքն՝ որքան էլ ուզում ես զինատեսակ գնի, բայց եթե այս բոլոր իմ նշած էլեմենտները չկան, այն անվտանգային համակարգ չի դառնում: Այլ բան է՝ դու զինատեսակ ես գնում, եւ այլ բան է անվտանգային համակարգ սարքելը: Դրանք տարբեր են: Դու կարող ես զինատեսակ ունենալ, սակայն անվտանգային համակարգի մաս չլինել:
Ինչու էինք մենք այսքան տարի նույն Ռուսաստանի հետ անվտանգային համակարգում: Իմաստ կար դրա մեջ, հենց այնպես չէր: Պարզ պատճառով՝ ՆԱՏՕ-ն փորձում էր հետխորհրդային տարածքը ապակայունացնել եւ, ըստ էության, Ռուսաստանի ու մյուս հանրապետությունների միջեւ ստեղծել լարվածություն, թշնամանք եւ այլն: Ու Ռուսաստանի հետ համագործակցման՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում, այդ պետությունների ջանքերը, կոլեկտիվ առումով միավորվում էին, որպեսզի ՆԱՏՕ-ի ապակայունացնող դերը նվազեցվեր: Հիմա եթե մենք չենք հանդիսանում Ռուսաստանի հետ նույն անվտանգային համակարգի մաս, նշանակում է մենք ավտոմատ ձեւով հայտնվում ենք նրանց այդ ապակայունացնող ռազմավարության մեջ: Մենք դեր ենք խաղում, երբ ապրում ենք Ռուսաստանի անվտանգային համակարգում: Մենք մեր ներդրումն ենք ունենում, որ այդ Խորհրդային տարածքում հարաբերական ձեւով, գոնե հարաբերական կայունությունը պահպանվի: Եթե մենք այնտեղ չենք, ուրեմն՝ ինքնըստինքյան հայտնվում ենք հակառակ աշխարհաքաղաքական կենտրոնի ճամբարում:
— Աստանայում կայացած ԵԱՏՄ նիստը կարո՞ղ է ճակատագրական լինել Հայաստանի համար՝ հաշվի առնելով վերջին շրջանում Ռուսաստանից հնչող կոշտ զգուշացումները:
— Ես այդպես կտրուկ ճակատագրական բառով չէի բնութագրի, սակայն հետեւանքը կլինի հետեւյալը՝ քանի որ մենք անկախ ինքնիշխան պետություն ենք, ում հետ կուզենք, ինչպես կուզենք կհամագործակցենք, ինչի հիման վրա էլ որոշումներ ենք կայացնում, որ պետք է մոտենանք Եվրամիությանը, ՆԱՏՕ-ին եւ այլն: Արդեն քանի տարի է` մեր Պաշտպանության նախարարությունը եւ Ռուսաստանի ՊՆ-ն ոչ մի տեսակ համագոծակցություն չունեն: Դա չեղավ արդեն բալանսավորած քաղաքականություն: Փոխարենը ռազմավարական գործընկերներ ենք դառնում Եվրամիության, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի հետ: Այսինքն՝ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ: Հետեւաբար, մենք` որպես ինքնիշխան պետություն, նման որոշում ենք կայացնում, Ռուսաստանն էլ ասում է՝ դա ձեր որոշումն է, եւ ես էլ իրավունք ունեմ` ինքս ձեր հանդեպ որոշում եւ դիրքորոշում ունենալու:
— Այդ որոշումների շարքո՞ւմ պետք է դիտարկել, որ արգելվել է միրգ-բանջարեղենի, ինչպես նաեւ ջերմուկի եւ հայկական կոնյակի մուտքը Ռուսաստան:
— Այո, բայց դա ես չեմ համարում պատժամիջոց, դա փոխադարձ քայլ է: Այսինքն՝ դաշնակցային հարաբերությունները հիմնվում են փոխադարձ համագործակցության հիման վրա, եւ եթե չկա փոխադարձություն, ապա հակառակ կողմն էլ իր իրավունքն ունի` նմանատիպ պատասխան տալու: Այն արտոնությունները, որոնք ունեինք, հենց այնպես չէր տրվել: Անվտանգություն, տնտեսական արտոնություններ տրվել են նրա համար, որ Ռուսաստանը ունենա շնորհիվ մեզ՝ ռազմավարական խորություն: Այսինքն՝ ապահովվի իր հարավային սահմանների նկատմամբ սպառնալիքների նվազեցումը: Եթե Հայաստանը հրաժարվում է համագործակցության շրջանակներում ապահովել Ռուսաստանի համար այդ ռազմավարական խորությունը, ուրեմն՝ էլ ինչի՞ մասին խոսենք: Ստացվում է, որ այդ համագործակցությունը կորցնում է իր իմաստը: Ռուսաստանը Հայաստանի նկատմամաբ փոխադարձ քայլեր է իրականացնելու:
— Առաջիկայում, ըստ իշխանության, սպասվում է Հայաստան–Թուրքիա, Հայաստան–Ադրբեջան, ապա եւ Նախիջեւանով Հայաստան–Իրան երկաթուղու բացումը։ Ի՞նչ սպասել այս ամենից:
— Նախ պետք է հասկանանք, թե ինչի համար են այդ ճանապարհները բացվում: Եթե դրանք բացվում են ու Ռուսաստանի մասնակցությունը այնտեղ չկա, այսինքն՝ ՌԴ-ի հետ համագործակցման շրջանակներում չէ բացվում, նշանակում է այդ ճանապարհները դառնում են ՆԱՏՕ-ի ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքների մաս եւ օգտագործվելու են իր կողմից, իր ռազմական ենթակառուցվածքները մեր տարածքով ու Հարավային Կովկասի տարածքով Մերձավոր Արեւելքից դեպի Միջին Ասիա տեղափոխելու եւ հակառակ ուղղությամբ: Դա արվում է Ռուսաստանի դեմ Հարավային ճակատը ամբողջացնելու համար: Նշանակում է` մենք դառնում ենք Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի պատերազմի մաս եւ էլեմենտ:
Օրինակ, ինչի՞ համար է Ռուսաստանը կառավարում մեր երկաթուղիները: Իմաստ կա չէ, որ Ռուսաստանն է ու Եվրոպական միությունը չէ կառավարում: Որպեսզի դա չդառնա ՆԱՏՕ-ի ռազմաենթակառուցվածքի մաս: Ոչ մեկն այդ երկաթուղու մեջ ներդրում չի անելու: Եթե Ռուսաստանը չլինի, ՆԱՏՕ-ի կողմից այն կօգտագործվի ռազմական տեխնիկա եւ այլ ռազմական բնույթի բեռներ տեղափոխելու համար: Դա Հայաստանին կվնասի, քանի որ մենք մտնում ենք այդ ռազմավարության մեջ՝ Ռուսաստանի դեմ պատերազմի:
Նախ այն, որ այդտեղ մեզ ուղղակի կօգտագործեն, եւ մենք դրա փոխարեն ոչ մի օգուտ չենք ստանալու, բացի վնասից: Բացի այդ տարածաշրջանային պետությունները եւս, օրինակ Իրանը, կարող է դիտարկել, որպես իրեն սպառնալիք եւ համապատասխան կեցվածք ընդունել: Հատկապես, որ նա հիմա հակամարտության մեջ է ԱՄՆ-ի հետ: Այսինքն, մենք գտնվելով այս տարածաշրջանում, այստեղ բերում եւ ՆԱՏՕ-ի դիրքերն ենք ուժեղացնում, որը, բնականաբար, սպառնալիք է դիտվելու եւ Ռուսաստանի ու Իրանի համար:
Չինաստանի համար էլ կարող է այսպես ընկալել, որովհետեւ մեծ հաշվով նա էլ է այդ գծի մեջ, ու նա էլ է պայքարում, որ իր ինքնիշխանության մակարդակը բարձրացնի: Նույնն էլ Հնդկաստանը. այն տասնյակ տարիներով եղել է գաղութ: Հնդիկները լավ գիտեն` գաղութն ինչ բան է՝ կոտորվել եւ թալանվել են միլիոններով: Հնդկաստանն էլ իրեն Ռուսաստանի մեջ է տեսնում՝ իրենց ազատագրման եւ ապագայում կրկին գաղութ չլինելու շանսը: Այսինք՝ նաեւ Չինաստանն ու Հնդկաստանն իրենց ապագան տեսնում են Ռուսաստանի մեջ: Իրենք, իհարկե, չեն հրաժարվում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ տնտեսական հարաբերություններ կառուցելուց, եւ պետք էլ չէ: Նորմալ է տնտեսական հարաբերություններ կառուցելը, բայց ոչ իրենց անվտանգության եւ ժողովրդի բարեկեցության հաշվին:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

