Սերն ու միությունը կդարձնեն հայաստանն ավելի լավ երկիր երեխաների համար. Մարթեն Յորգանց
ՄշակութայինՀունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ զրուցեցինք ֆրանսահայ երգիչ եւ երգահան ՄԱՐԹԵՆ ՅՈՐԳԱՆՑԻ հետ, որի ձայնը սերունդների մանկությունն է հիշեցնում։ Նրա «Ճկույթիկ»-ը, «Այ բեն գիմ»-ը, «Հայերեն կերգենք»-ը եւ բազմաթիվ այլ երգեր ծնվել են երեխաների հանդեպ անսահման սիրուց եւ դարձել սերունդների հիշողության անբաժան մասը։
— Պարոն Յորգանց, այսօր պատերազմների ձայները հաճախ փորձում են երեխայի ծիծաղը լացով խլացնել։ Հավատո՞ւմ եք, որ մի օր բարությունն ու մարդկային գութը կհաղթեն աշխարհում տիրող չարությանը։
— Դա առաջին հերթին ծնողների պարտականությունն է՝ երեխաներին ճիշտ դաստիարակելը եւ բացատրելը, որ աշխարհում կա ե՛ւ պատերազմ, ե՛ւ խաղաղություն։ Ամեն ինչ կա։ Երեխան դեռ փոքր տարիքից պետք է սովորի, իմանա, զգա։
Երբ երեխան ապրում է երջանիկ ընտանիքում, ինքն արդեն հասկանում է, որ երջանկությունն ուրիշ բան է, տխրությունը՝ ուրիշ։ Այդ զգացողությունները Աստծո կողմից տրված պարգեւներ են։
Ես շատ եմ հետեւում երեխաներին՝ թե՛ Ֆեյսբուքում, թե՛ այլ սոցիալական ցանցերում։ Շատ եմ մտածում նրանց մասին եւ հաճախ ասում եմ՝ երանի նորից երեխա լինեի ու այդ ամենը կրկին զգայի։
Այսօր աշխարհի վիճակը շատ դժվար է, բայց դա երեխաների գործը չէ։ Սակայն երեխան պետք է զգա, որ աշխարհում դժվարություններ էլ կան։ Վստահ եմ՝ իրենք էլ են դա զգում եւ այդպես էլ ապրում։
— Երեխաների համար շարունակո՞ւմ եք երգեր գրել։
— Այո՛։ Այս տարի «Այ բեն գիմ»-ը անիմացիոն տարբերակով ներկայացրի երեխաներին։ Դա շատ կարեւոր ուսուցողական աշխատանք է։ Այն պետք է երեխաներին սովորեցնի մեր իսկական այբուբենը։ Շատ կարեւոր է, որ երեխաները ճիշտ սովորեն «Այ բեն գիմ»-ը, եւ ծնողներն էլ օգնեն նրանց այդ հարցում։
— Սփյուռքում երեխաների հայեցի դաստիարակությունն ի՞նչ մակարդակի վրա է։
— Ավելի քան տասը տարի է՝ ապրում եմ Կանադայի Մոնրեալ քաղաքում։ Այստեղ երեխաները մեծանում են այնպես, ինչպես Ֆրանսիայի հայ երեխաները։
Կանադայում երեխաները խոսում են ե՛ւ անգլերեն, ե՛ւ ֆրանսերեն, ե՛ւ հայերեն։ Տանը ծնողները երեխաների հետ հայերեն են խոսում, դպրոցում՝ ֆրանսերեն կամ անգլերեն։
Նրանք հայկական իրական դաստիարակություն են ստանում հայկական դպրոցներում՝ Սուրբ Հակոբում, Ալեք Մանուկյանում եւ այլ կրթօջախներում։ Բացի դրանից, եկեղեցիներում եւս հայերեն դասեր են անցկացվում։ Ծնողները մեծ սիրով երեխաներին տանում ու գրանցում են, իսկ երեխաներն ուրախությամբ շարունակում են սովորել։
Այսինքն՝ այստեղի երեխաները շատ հարուստ մտածողությամբ են մեծանում։ Միաժամանակ սովորում են երեք լեզու, եւ դա շատ կարեւոր է։
— Ձեր ամենատպավորիչ հունիսի 1-ը ո՞րն է եղել։
— Երկու-երեք տարի առաջ Երեւանում՝ «Երազ» այգում, մեծ համերգ ունեցա։ Շատ երեխաներ էին եկել իրենց ծնողների հետ։ Այդ օրը հրաշալի մթնոլորտ էր, բոլորս միասին ուրախ ժամանակ անցկացրինք։
— Երբ երեխաները Ձեզ փողոցում ճանաչում են, ինչպիսի՞ն է լինում Ձեր շփումը նրանց հետ։
— Որտեղ էլ լինեմ, երեխաները միշտ մեծ հաճույք են պատճառում ինձ։ Նրանց հետ կխոսեմ, կծիծաղեմ, եւ իրենք էլ մեծ մարդու պես ինձ կպատասխանեն։ Դրա համար շատ երջանիկ եմ։
Հայաստանը մեզ համար շատ առանձնահատուկ երկիր է։ Ուրիշ երկրներում նման ջերմություն չկա։ Հայաստանում երեխաներն ավելի ուրախ են, ավելի աշխույժ եւ շատ լավ են սովորում։ Ես կոչ եմ անում Հայաստանի ժողովրդին՝ մի՛ թողեք երկիրը, մի՛ գնացեք ուրիշ տեղ։ Մեզ համար ամենալավ տեղը Հայաստանն է։
— Շատ տարիներ են անցել այն օրից, երբ ստեղծեցիք Ձեր հայտնի մանկական երգերը։ Ինչո՞վ են տարբերվում այն տարիների երեխաներն այսօրվա սերնդից։
— Այդ երգերը շատ կարեւոր են թե՛ ինձ, թե՛ երեխաների համար։ Ամեն նոր ծնված երեխայի մտքում պետք է լինեն «Ճկույթիկ»-ը, «Այ բեն գիմ»-ը, «Հայերեն կերգենք»-ը եւ մյուս երգերը։ Դրանք ստեղծվեցին «Արմենիա» հյուրանոցի չորրորդ հարկում գտնվող իմ սենյակում։ Հետո այդ երգերը երգեցի նաեւ Համալիրում։ Այդ երգերը գրելով՝ ես էլ իմ տեղն ունեմ Հայոց պատմության մեջ եւ դրա համար շատ երջանիկ եմ։
1988 թվականը շատ դժվար ժամանակ էր, բայց իմ համերգները մարդկանց ուրախություն էին տալիս։ Այն տարիներին երեխաները ծնողների հետ շատ ծանր օրեր էին ապրում։ Շատ բան չունեին։ Ես երեխաների կողքին էի եւ գիտեի, թե որքան շատ կարիքներ ունեին նրանք։ Այսօր երեխաներն ամեն ինչ ունեն։ Նրանց խոսելու ձեւը, մտածողությունը, խելացիությունը լրիվ փոխվել են։ Այսօրվա երեխաներն ավելի խելացի են, ավելի գիտակից։ Նրանք արդեն մտածում են նաեւ իրենց երկիրը պաշտպանելու մասին։
Այս փոփոխությունները ծնողների շնորհիվ են։ Այսօր ծնողները երեխաներին ավելի լավ կրթություն են տալիս, եւ դրա արդյունքում երեխաներն ավելի զարգացած են մեծանում։ Հայաստանը շատ է փոխվել։ Այն սքանչելի երկիր է, եւ մենք պետք է կարողանանք գնահատել նրա արժեքը։ Մենք՝ սփյուռքում ապրողներս, դա ավելի լավ ենք զգում։ Ուրախ եմ, որ Հայաստանի դպրոցներում այսօր ավելի լավ են կրթում ու դաստիարակում երեխաներին։ Վստահ եմ՝ Հայաստանը դեռ շատ լավ օրեր է ունենալու։
— Այսօր Հայաստանում նախընտրական շրջան է, եւ հաճախ լսվում են վիրավորանքներ ու կոշտ խոսքեր։ Հետեւո՞ւմ եք տեղի ունեցող իրադարձություններին։
— Շատ ուշադիր հետեւում եմ Հայաստանի լուրերին։ Տեսնում եմ, թե ինչ է կատարվում։ Ժողովուրդն այսօր բաժանվել է տարբեր խմբերի, եւ մարդիկ հաճախ միմյանց դեմ են կանգնում։ Դա շատ վատ է։
Ես կասեմ՝ ձեր ուժերն ու մտքերը միացրեք ոչ թե վատ, այլ լավ նպատակների համար։ Միացե՛ք, որպեսզի մենք էլ սփյուռքից միանանք ձեզ։ Շատ կուզենայի, որ Հայաստանը օրհնված երկիր լինի։ Այն պետք է ավելի ուժեղ ու զարգացած դառնա։
Հայաստանում այնքան տաղանդավոր երգիչներ, երգչուհիներ, պարողներ կան։ Բայց միայն երգով ու պարով ամեն ինչ չի ավարտվում։ Հայաստանը աշխատանքի կարիք ունի։ Պետք է նոր գործեր բացվեն։ Սփյուռքին էլ պետք է ասել՝ եկեք ներդրումներ արեք, աշխատատեղեր ստեղծեք։ Ժողովուրդը խաղաղ ու արժանապատիվ ապրելու կարիք ունի։
— Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հատկապես ո՞րը կառանձնացնեք:
— Մի քանի շաբաթ առաջ Ֆրանսիայի նախագահը եկավ Հայաստան։ Ամեն ինչ շատ լավ անցավ։ Շատ ուրախ եմ, որ Հայաստանի կողքին Ֆրանսիայի նման երկիր կա։ Վստահ եմ՝ այս հարաբերությունները շարունակվելու են, եւ Հայաստանը մեր բոլորի ուժով, սիրով ու դաստիարակությամբ ավելի լավ երկիր է դառնալու։
Դրա համար պետք է սեր եւ միություն։ Ժողովուրդը պետք է միավորվի մեկ գաղափարի շուրջ, ոչ թե միմյանց վրա քար նետի։ Ուրախությունն ու միասնությունը պետք է ամեն տեղ լինեն։ Միասին եղե՛ք, ժողովուրդ։ Հարգե՛ք միմյանց, օգնե՛ք իրար։ Իրար դեմ լինելը մեզ առաջ չի տանի։ Ձեր ուժերը միավորեք, որպեսզի Հայաստանը դառնա ավելի զորավոր երկիր։ Սերն ու միությունը կդարձնեն Հայաստանն ավելի լավ երկիր երեխաների համար:
— Այդքան լավատեսությունը որտեղի՞ց է գալիս։
— Լավատես չեմ։ Պարզապես պարտականությունս է լավատես լինել, որպեսզի ժողովուրդն էլ լավատես լինի։
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

