«Փոքր Մհեր»՝ առաջին AI լիամետրաժ մուլտֆիլմը տարածաշրջանում
ՄշակութայինԱռաջին անգամ տարածաշրջանում ստեղծվել է լիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմ արհեստական բանականության (AI) միջոցով: «Փոքր Մհեր» լիամետրաժ անիմացիոն ֆիլմի հիմքում «Սասնա ծռեր» դյուցազներգությունն է։ Շուրջ 80 րոպե տեւողությամբ կինոնկարում, որը հայաստանյան մեծ էկրաններին կլինի Երեխաների պաշտպանության միջազգային օրվանից՝ Հունիսի 1-ից, հայկական էպոսը ներկայացվում է ժամանակակից եւ նորարարական մեկնաբանությամբ։
Սյուժեի կենտրոնում Մհերն է, որը դուրս է գալիս Ագռավաքարից եւ հայտնվում է մերօրյա հայկական գյուղում՝ բախվելով նոր իրականության հետ։
Նախագծի հեղինակ եւ ռեժիսոր, 485 գեներատիվ տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր Հովհաննես Մարգարյանի ցանկությունն է եղել ստեղծել արտադրանք, որը հասկանալի եւ մրցունակ կլինի նաեւ միջազգային շուկայում։
«Սասնա ծռերը» հայկական մշակույթի ամենահզոր պատմություններից մեկն է, եւ մեր նպատակը այն նոր սերնդին ներկայացնելն է ժամանակակից ձեւով՝ պահպանելով բովանդակությունն ու արժեքային հիմքը։ 485 գեներատիվ տեխնոլոգիաների կենտրոնի համար սա առաջին քայլն է՝ ձեւավորելու հայկական ծագում ունեցող նոր ստեղծարար-տեխնոլոգիական բրենդ, որի 485 խորհրդանիշը ժամանակի ընթացքում կարող է ճանաչելի դառնալ նաեւ Հայաստանի սահմաններից դուրս՝ Pixar-ի լամպի եւ Metro-Goldwyn-Mayer-ի առյուծի կողքին։ Մենք լիահույս ենք, որ այս նախագիծը մեծ հնարավորություն է աշխարհին ներկայացնելու հայկական մշակույթը նոր լեզվով»,- նշել է նախագծի հեղինակ եւ ռեժիսորը:
Ստեղծագործական թիմը հատուկ ուշադրություն է դարձրել ազգային տարազների եւ միջավայրի պատմամշակութային հավաստիությանը՝ աշխատանքային գործընթացում ներգրավելով ոլորտի առաջատար մասնագետների եւ փորձագետների։
Վիզուալ լուծումներից տարբերվող՝ երաժշտական հատվածը չի գեներացվում արհեստական բանականությամբ։ Մուլտֆիլմի երաժշտությունը ստեղծվել է երաժիշտների կողմից, իսկ հերոսներին ձայնավորում են հայտնի դերասաններ՝ ապահովելով հանդիսատեսի համար ծանոթ, կենդանի եւ հուզական հնչողություն: Կերպարների ձայնով հանդես են եկել Խորեն Լեւոնյանը, Սոս Ջանիբեկյանը, Ռաֆաել Երանոսյանը, Արուս Տիգրանյանը, Լեւոն Հարութունյանն ու այլոք:
Ըստ դերասան Լեւոն Հարութունյանի, սա իր կյաքի առաջին փորձն է եղել մուլտֆիլմում աշխատելու:
«Երբ իմացա անդրադարձել են մեծ էպոսին, դա ինձ համար մեծ ուրախություն էր, քանի որ այսօր մեր էպոսը մղվել է 6-7 պլան ու կցանկանամ, որ այս մուլտֆիլմից հետո, մեր նոր սերունդի մոտ առավել եւս մեծ ցանկություն առաջանա, պատմությունը թերթելու, հասկանալու եւ ներսում ընկալելու էպոսը, քանի որ այն կոդ է, որը պետք է կարողանալ բացել: Ուրախ եմ, որ այս ամենում մասնակցում եմ, չնայած նրան, որ (AI)- մատը խառն է: Ու անգամ այդ դեպքում, ուրախ եմ, որ թեկուզ այդ կերպ ենք մոտեցել սրան: Իմ կերպարի մասին խոսել չեմ կարող: Ինքը շատ լավն է եւ ես ինձ տեսել եմ այնտեղ: Միակ բարդությունը, որն ունեցել եմ՝ ինքս իմ հետ է, որովհետեւ այդ մարդուն կենդանացնել միայն քո ձայնով, դժվար էր ու ասեմ, որ իմ մոտ ստացվեց, չնայած նրան, որ առաջին դեպքն էր, երբ ես մուտք գործեցի մուլտ աշխարհ»,- ասաց դերասանը:
Դերասան Ռաֆաել Երանոսյանը սկզբում անլուրջ է վերաբերվել, սակայն հետո, դերասանի համար հաճույք է եղել աշխատել նախագծում:
«Երբ հանդիպեցի ռեժիսորի՝ Հովհաննես Մարգարյանի հետ, ու նա ներկայացրեց, թե միտքը ինչի մասին է, շատ ոգեւորվեցի, քանի որ ինձ հետաքրքիր էր, թե ինչ կերպար պետք է տամ ու ինչ պետք է տեսնեմ եւ հրամցնեմ հանդիսատեսին: Եվ երբ հանդիպեցինք ավելի կոնկրետ խոսելու կերպարի մասին, շատ ոգեւորվեցի»:
Ի դեպ, Ռաֆայել Երանոսյանը իր կերպարը նմանեցնում է մուլտֆիլմի կերպարին:
Արուս Տիգրանյանը, երջանիկ է, որ իր բալիկը դիտելու է հայերեն լեզվով մուլտֆիլմ եւ լսելու է մայրիկի ձայնը:
«Շատ եմ ցանկանում երեխայիս էմոցիաները տեսնել, երբ կլսի ձայնս»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տիգրանյանը:
Ըստ ստեղծագործական թիմի՝ սցենարը մշակվել է երեք հիմնական թիրախային խմբերի համար՝ երեխաների, դեռահասների եւ չափահասների։ Երեխաների համար մուլտֆիլմում նախատեսված են վիզուալ հումորի եւ արկածային դրվագների տարրեր, իսկ դեռահաս եւ չափահաս հանդիսատեսի համար՝ խորքային մտքեր, բազմաշերտ երկխոսություններ եւ ժամանակակից ընթերցումներ։
Նախատեսվում է «Փոքր Մհեր» անիմացիոն նախագիծը ներկայացնել նաեւ միջազգային լսարանին՝ այն թարգմանելով տարբեր լեզուներով եւ հասանելի դարձնելով միջազգային հարթակներում։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

