Լույս տեսավ Ռայմոն Հարություն Գևորգյանի «Ցեղասպանության ավարտը. Մուսթաֆա Քեմալը և ողջ մնացած հայերի ու հույների ոչնչացումը (1918–1922)» գիրքը
ՄշակութայինՆարեկացի Ինստիտուտը, Հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցության «Անիվ» հիմնադրամը և Հայոց ցեղասպանության թանգարանինստիտուտը ներկայացնում են ֆրանսահայ ականավոր պատմաբան Ռայմոն Հարություն Գևորգյանի գրքի ռուսերեն թարգմանությունը։ Այս հիմնարար գիտական աշխատությունն առաջին անգամ լույս է տեսել ֆրանսերեն 2023 թվականին։
Գրքում հանգամանալիորեն և փաստարկված բացահայտվում են Օսմանյան կայսրության քաղաքականության առանձնահատկությունները ցեղասպանությունը վերապրած հայերի առնչությամբ։ Ռայմոն Գևորգյանն ընդգծում է, որ 1919–1920 թթ.՝ Առաջին աշխարհամարտի ավարտից հետո, որոշակի պայմաններ mէին ստեղծվել, որպեսզի ցեղասպանությունը վերապրած հայերը կարողանային վերակազմակերպել իրենց կյանքը։ Վերստին ակտիվացել էր հայկական հաստատությունների գործունեությունը, որոնք խմբվել էին Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանի շուրջը, որոշ աքսորվածներ կարողացել էին վերադառնալ հայրենի վայրեր, ապրում էր հույսը (պայմանավորված Փարիզի խաղաղության կոնֆերանսում հայկական պատվիրակության ներկայությամբ), որ արևմտահայկական հողերը կներառվեն հայոց անկախ պետության կազմի մեջ։ Պատմաբանը մեծ ուշադրություն է հատկացնում այնպիսի առանցքային հարցերի, ինչպիսիք են հայկական հաստատությունների գործունեությունը հայերից խլված գույքի վերադարձի ուղղությամբ, հայ երեխաների որոնումը, որոնք հարկադրաբար իսլամացվել և տեղավորվել էին թուրքական ընտանիքներում կամ որբանոցներում, հայ կանանց ազատումը, որոնց առևանգել էին թուրքերը։ Սակայն դրական փոփոխությունների բոլոր հույսերն ի դերև եղան։ Մուսթաֆա Քեմալի կառավարության շուրջը համախմբված թուրք ազգայնականների դիրքերի ամրապնդումը և համաշխարհային տերությունների տարաձայնությունները հանգեցրին այն բանին, որ հայերը կրկին հայտնվեցին բնաջնջման սպառնալիքի առջև. սկսվեցին հայերի ծրագրված սպանությունները, ողջ Փոքր Ասիայում նրանց ստիպում էին փախչել իրենց տներից։
Ռայմոն Գևորգյանի գրքում հստակ ընդգծվում է այն կարևոր թեզը, որ հայերի ցեղասպանությունը Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան Թուրքիայի պարտությամբ և երիտթուրքական վարչակարգի անկմամբ չի ավարտվել։ Մուսթաֆա Քեմալի կառավարությունը շարունակել է հետապնդել և ոչնչացնել հայերին։
Հեղինակը կանգ է առել ևս մեկ ժողովրդի՝ հույների ծանր դրության վրա, որոնք դարձել են քեմալական քաղաքականության զոհը։ Ռայմոն Գևորգյանը ցույց է տալիս, թե ինչպես են թուրքական իշխանությունները ռազմական դիմակայության պայմաններում ճնշել Փոքր Ասիայի հույն խաղաղ բնակչությանը, իսկ հետո՝ անցել նրա աքսորին։ Այս առումով հայերի և հույների ճակատագրերը 1910–1920 թթ. սահմանագծին նման էին։
Ռայմոն Գևորգյանի աշխատությունն աչքի է ընկնում նոր տեղեկատվության մեծ ծավալով, որը հավաքվել է դժվարհասանելի աղբյուրներից՝ ցրված Երևանի, Երուսաղեմի, Փարիզի, Լոնդոնի, Վիեննայի և այլ քաղաքների արխիվային պահուստներում ու գրադարաններում։ Իր բոլոր եզրահանգումներն ու ընդհանրացումները հեղինակն անում է փաստաթղթերի մանրակրկիտ վերլուծության հիման վրա։
«Ցեղասպանության ավարտը. Մուսթաֆա Քեմալը և ողջ մնացած հայերի ու հույների ոչնչացումը (1918–1922)» աշխատությունը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար։ 2026 թ. աշնանը Լոնդոնում «I. B. Tauris» հրատարակչությունը լույս կընծայի գրքի անգլերեն թարգմանությունը։

