Բաբաջանյանի հանդեպ արդարացման ակտ չի կայացվել. Մարտիրոսյանն իրեն վերագրվող պատմությունը հերյուրանք է համարում
ՆերքաղաքականՔարոզարշավի ընթացքում ակտիվացած կուսակցականապետ Արման Բաբաջանյանը եթերներում պնդում է, թե հանդիպել է այն դատավորին, որն իր վերաբերյալ ազատազրկման դատական ակտ է կայացրել։
Ըստ Բաբաջանյանի` իրեն դատած դատավորի եւ իր միջեւ տեղի է ունեցել կարճ զրույց, որի ընթացքում դատավորը ներողություն է խնդրել նրան դատապարտելու համար՝ նշելով, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր աշխատակազմի ղեկավարի միջոցով դատավորին հեռախոսազանգով բառացի փոխանցել է, որ պետք է 4 տարով «դատել»։
Բաբաջանյանը նաեւ ասել է, որ այդ դատավորը Մնացական Մարտիրոսյանն է, նա հավելել է, որ հետագայում արդարացվել է։ Բաբաջանյանի ասածի հետքերով դիմեցինք Դատական դեպարտամենտի մամուլի ծառայություն, որտեղից էլ փոխանցեցին դատավոր Մնացական Մարտիրոսյանի պատասխանը․«Պարոն Մարտիրոսյանը նշել է, որ երբեք խանութում կամ այլ վայրում չի հանդիպել Արման Բաբաջանյանին, չի խոսել նրա հետ, ուստի՝ նրա ներկայացրած երկխոսությունը եւ իրեն վերագրվող պատմությունը հերյուրանք է համարել։ Ինչ վերաբերում է արդարացման ակտին, ապա Մնացական Մարտիրոսյանը փոխանցել է, որ Բաբաջանյանի հանդեպ արդարացման ակտ չի կայացվել, այլ դատավորի կողմից, իրադրության փոփոխությամբ պայմանավորված, որոշում է կայացվել։ Դատավորը նշել է նաեւ, որ պայմանական վաղաժամկետ ազատվելիս՝ Բաբաջանյանը հայտարարել է անկեղծորեն զղջալու, լիովին մեղավոր ճանաչելու, ուղղված լինելու մասին։ Այլապես պայմանական վաղաժամկետ ազատվել չէր կարող»։
Հավելենք նաեւ, որ իրադրության փոփոխությունը հավանաբար վերաբերում է Բաբաջանյանի՝ զինապարտության շեմը հատած լինելուն։ Մեր ճշտող հարցին, թե արդյոք դատավորը դատի կտա Բաբաջանյանին իրեն զրպարտելու համար, դեպարտամենտից պատասխանեցին, որ Մարտիրոսյանը կարիք չի տեսնում դատարան դիմելու։
Ի դեպ, Բաբաջանյանը նմանատիպ պատմության արդյունքում այժմ մեղադրյալի կարգավիճակ ունի մեկ այլ գործով։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

