Ռուսաստանի՞ հետ ենք, թե նրա թշնամիների. ընտրություններին այդ հարցն է դրված
ՎերլուծությունՄինչ Նիկոլը Թրամփի հաշվին «միլիարդներ եւ տրիլիոններ» ստանալու «պայծառ ապագա» է քարոզում (Տե´ս նաեւ https://iravunk.com/con/?new_post&l=am), հայաստանյան շարքային ընտրողները, ավելի կոնկրետ` գյուղատնտեսության եւ գյուղմթերքների վերամշակման ոլորտի ներկայացուցիչները հայտնվեցին տասնյակ եւ հարյուրավոր միլիոններ կորցնելու միանգամայն ռեալ հեռանկարի առաջ: Խոսքը դեպի Ռուսաստան հայաստանյան ապրանքների արտահանման մասին է:
Այն պահին, երբ դեռ միայն ծաղիկների արտահանումն էր արգելվում, Նիկոլը շտապեց բացատրել, թե ի՞նչ է եղել, տեխնիկական հարց է, խախտումներ կան, կուղղվեն, հարցը կլուծվի: Այդ պահին էլ հասկանալի էր` սովորական արդարացումներ են, հաշվի առնելով, որ դա Նիկոլի համար խնդիրներ է ստեղծելու առաջին հերթին նախընտրական դաշտում: Բայց երբ այդ արգելքները սկսեցին ի հայտ գալ «ամենօրյա ռեժիմով»` հերթը հասավ պտուղ–բանջարեղենին, որն այսօրվանից է արգելքի տակ, ինչպես նաեւ պաշտոնական հաստատումներին, որ կա նաեւ Ռուսաստանից եկող գազը, բենզին–դիզվառելիքը, ցորենը եւ մի շարք այլ ապրանքատեսակներ թանկացնելու հարցը, ապա դա արդեն նման արդարացումներով չես կոծկի:
Նիկոլը, չնայած, նախօրեին դեռ փորձում էր, բացի «տրիլիոններ» վաստակելու հեքիաթներից, նաեւ համոզել, թե մեկ է, արտառոց բան չկա: Նորից նույն երգն է, թե. «Ես Ռուսաստանի նախագահի եւ Ռուսաստանի կառավարության ղեկավարի հետ ունեմ վստահելի հարաբերություններ, եւ առաջին անգամ չէ, որ հարցեր են ծագում, որոնք պարզաբանման կարիք ունեն: Եվ նաեւ Կրեմլը պաշտոնապես հանդես է եկել մեկնաբանությամբ, որ հարցեր կան, որ պետք է պարզաբանվեն... Ես համոզված եմ, որ էս անգամ էլ լուծումները կգտնենք, ինչո՞ւ եմ համոզված՝ այդ թվում էն պատճառով, որ ասել եմ, ես միակ պաշտոնյան եմ, ով Եվրասիական տնտեսական ե՛ւ միջկառավարական խորհրդի անդամ է, ե՛ւ Բարձրագույն տնտեսական խորհրդի անդամ է: Ես ուզում եմ պատկերացնենք էս լծակի մասշտաբը եւ էդ լծակի ընձեռած հնարավորությունները»:
Միտքը կարծես թե սա է` ընտրությունները կավարտվեն, կգնան, հարցերը` կկարգավորվեն: Այսինքն, հերթական անգամ կփորձի համոզել, թե` ինչ Եվրոպա, ինչ Արեւմուտք, ինչ Թրամփ, ես ձեզ հետ եմ:
Ընտրություններից հետո կմնա՞, որ գնա ու հարցեր լուծի, դա խնդրի մի կողմն է: Առավել եւս, որ հենց ընտրությունների շեմին Մոսկվայի նախաձեռնած այդ քայլերը, իհարկե, չեն կարող իրենց մեծ ազդեցությունը չունենալ: Ի վերջո, այս ամենը շատ պարզ մեսիջ է հայաստանյան ընտրողին` Նիկոլը վերարտադրվեց, հետեւանքները հենց սրանք են լինելու: Ընդ որում, սրանք մոտավորապես նույն մեսիջներն են, որոնք ժամանակին ուղղվում էին Ուկրաինային, թե` ուզո՞ւմ եք Եվրոպա, ձեր գործն է, բայց մոռանալու եք Ռուսաստանի հետ գրեթե բաց սահմաններով առեւտրի մասին: Ու այն, որ մի շարք ռուսական աղբյուրներ հիմա, խոսելով Հայաստանի մասին, օգտագործում են «Երկրորդ Ուկրաինա» տերմինը, իհարկե, պատահական չէ:
Կարճ ասած, Ռուսաստանից եկող մեսիջները, նաեւ այն, որ հայաստայան թեման միանգամայն խորը կուլիսային քննարկման ենթարկվեց նաեւ ԵԱՏՄ առաջնորդների հանդիպմանը, իհարկե, նույն մեխին են հարվածում: Այն է` Մոսկվան ցուցադրաբար գնահատում է, որ Նիկոլն աչքի առաջ Հայաստանը տանում է մի այնպիսի հարթակ` Արեւմուտք, որն այսօր գրեթե բաց պատերազմի աստիճանի է հասել Ռուսաստանի հետ: Կարճ ասած` թշնամական ճամբար: Ու այս իրավիճակը, թերեւս, արդեն չի կարող լուծվել այն շրջանակներում, ձեւաչափերով, որոնք մինչ այս գործում էին, եւ որոնց մասին հիմա խոսում է Նիկոլը: Թե ինչ կա որ, էլի են նման բաներ եղել, գնացել, պայմանավորվել եմ: Այլեւս չկա այդ մեխանիզմը, չի կարող գործել, հաշվի առնելով, որ աշխարհն այսօր հասել է լարվածության այնպիսի սրացման, երբ անգամ միջուկային հարվածների փոխանակման թեման է մտել սովորական, առօրյա քննարկումների օրակագ: Արդյունքում, ԵԱՏՄ մյուս չորս երկրների ղեկավարները միտք են հնչեցնում, թե. «Որոշում ենք ընդունել այն մասին, որ Եվրասիական միջկառավարական խորհրդում Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության անդամները 2026 թվականի դեկտեմբերին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստում կզեկուցեն Հայաստանի Հանրապետության նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետեւանքների մասին...»: Ու դա պարզ իմաստ ունի` պետք եղավ, Հայաստանին պարզապես կհեռացնեն ԵԱՏՄ–ից, ինչքան էլ, որ Նիկոլը միանգամից Միության երկու բարձրագույն մարմնում է ներգրավված:
Արդյունքում, Հայաստանի համար իրականում հարցադրումն այլեւս ընդամենը ելակ–վարունգի հարթությունում էլ չէ: Ամեն բան շատ ավելի խորքային է. պետք է ընտրություն կատարել, թե որ աշխարհաքաղաքական հարթությունում է երկիրը, ընդ որում հաշվի առնելով, որ գործ ունենք ոչ թե մրցակցող, այլ փաստացի պատերազմող կողմերի հետ: Այսինքն, Հայաստանում այս անգամ ունենալու ենք ոչ թե ընդամենն ընտրություններ, այլ այդ ֆոնին` ըստ էության, հանրաքվե` ռուսական թեւո՞ւմ ենք մնում, թե՞ անցնում ենք Ռուսաստանին թշնամի թեւ, ընդ որում, առանց միջանկյալ կամ «երկու աթոռի» վրա խաղալու որեւէ տարբերակի: Բնականաբար, աչքի առաջ ունենալով նաեւ այդ որոշման հետեւանքները, որոնք արդեն սկսվել են ելակ–լոլիկային տեսքով, սակայն դա ընդամենը նախազգուշացնող ազդանշաններն են, որ իրականում հետեւանքները շատ ավելի ծանր եւ խորքային են լինելու:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/67701

