Համայնքապետարանը վերածվել է հացի փռի՞, թե՞ բաժնի պետն է «փուռը» տալիս
ՆերքաղաքականՆախընտրական քարոզարշավի ընթացքում վարչական ռեսուրսի անթաքույց կիրառման բազմաթիվ ցցուն դրվագներ կան: Բայց, այն, ինչ տեղի ունեցավ Ստեփանավանում որքան զարմանալի է, նույնքան էլ զավեշտ է: Պարզվում է՝ Ստեփանավանի համայնքապետարանը ծառայում է՝ որպես հացի փուռ, կամ՝ զուտ համայնքապետարանի աշխատակիցն է «փուռը» տալիս վերադասին: Ստեփանավանում Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ լրագրողը մոտեցել է համայնքապետարանի Կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, սոցիալական աջակցության բաժնի պետ ԳԱՅԱՆԵ ՂԱԼԱՉՅԱՆԻՆ եւ հետաքրքրվել թե որտե՞ղ է աշխատում:
Սկզբում տիկինը փորձում է արդարանալ, թե ընդմիջման ժամին է իջել՝ քարոզարշավին մասնակցելու: Հետո ավելի անհաջող սուտ է խոսում, թե բա. «Ես մասնավոր հաստատություն եմ աշխատում՝ հացի, թխվածքի արտադրությունում»: Ստեփանավանի այս դեպքը մեկ անգամ եւս ապացուցեց, որ նախընտրական շրջանում «հրաշքներ» լինում են։ Պաշտոնյաները մի ակնթարթում վերածվում են մասնավոր հատվածի աշխատակիցների, իսկ համայնքապետարանները՝ կարծես բազմապրոֆիլ ձեռնարկությունների։ Միայն թե այս «հացի պատմության» մեջ ամենադժվար մարսվողը, թերեւս, հենց ներկայացված «բացատրությունն է»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

