Շտապ. Երեւանում մլակները գզում են մարդկանց. Իզաբելլա Աբգարյան
ՀասարակությունԵրեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ ԻԶԱԲԵԼԼԱ ԱԲԳԱՐՅԱՆԸ «Իրավունք»-ի հետ զրույցում հայտնեց իր մտահոգությունը քաղաքում, մասնավորապես՝ Կենտրոնում եւ Արաբկիր վարչական շրջաններում մլակների մեծաքանակության վերաբերյալ:
—Տիկին Աբգարյան, այս ի՞նչ մլակների պատմություն է:
— Այսօր դուրս էի եկել զբոսանքի եւ եղել եմ երկու վարչական շրջանում: Պետք է ասեմ, որ մայթով անցնել չի լինում, մժեղների ամպ է կանգնած օդում: Կենտրոնի բացօթյա սրճարանները ամբողջապես պատված է մլակներով եւ չեն թողնում մարդիկ հանգիստ նստեն սրճարաններում եւ երբ այս մասին բարձրաձայնեցի, մարդիկ ասացին, որ մյուս վարչական շրջաններում էլ է այս վիճակը՝ Նոր Նորքում, Մալաթիա-Սեբաստիայում, Դավթաշենում եւ այլն: Որդիս Ավանից եկավ տուն եւ ասաց, որ խայտառակ վիճակ է տիրում՝ մլականոց: Այսինքն՝ կարող ենք ասել, որ ամբողջ Երեւանն է այդ վիճակում, ու մլակները գզում են մարդկանց:
— Դա ինչո՞վ է պայմանավորված եւ ինչի՞ հետեւանք է:
— Սովորաբար մենք նման բան տեսել ենք Սեւանի ափին եւ հիմնականում անտառներում: Եթե մտնեք անտառ, ապա կտեսնեք, որ միշտ այդ մլակները լինում են: Դա ունի պարզ բացատրություն՝ անտառի ծառերը չեն սրսկվում: Կարծում եմ՝ Երեւանում մենք նույն խնդրի հետ գործ ունենք: Այսինքն՝ Երեւանում ծառերը չեն սրսկվել, եւ երեւանցիները «վայելում» են այս մժեղանոցը:
— Օրերը տաքանում են, եւ մտավախություն կա, որ քաղաքացին կրկին բախվելու է Նուբարաշենում գտնվող աղբավայրի խնդիրների հետ՝ հրդեհներ, անտանելի հոտ եւ այլն: Ինչպես տեսանք, անցյալ տարվանից մինչ այժմ ռադիկալ գործողություններ չկատարվեցին այդ առումով, մինչդեռ քաղաքապետը խոստացել էր հարցին լուծում տալ: Ի՞նչ կասեք այս մասին:
— Որքան ես եմ տեսնում, ըստ քաղաքապետարանի հայտարարությունների, եւ առնվազն 8 տարի է` լսում եմ, որ մրցույթ է հայտարարվելու, որպեսզի ունենանք փակ աղբի վերամշակման գործարան եւ այլն: Քաղաքապետը սրտնեղել էր եւ վարչության ղեկավարին ասել, որ նոր աղբավայրի անուն չի ցանկանում լսել, այլ ունենալու ենք գործարան, բայց իրականում փակ աղբավայր պետք է լինի, անկախ գործարանից, որ մեքենաները գան աղբը դատարկեն, նոր հետո սորտավորում տեղի ունենա: Սովետաշենինը՝ այն, ինչ մենք ունենք, աղբավայր չէ, աղբանոց է բաց երկնքի տակ: Այս պահի դրությամբ ասում են, որ մրցույթ է հայտարարված՝ այդ գործարանի համար, բայց որեւէ նորություն չկա:
— Ստացվում է, որ շուտով քաղաքապետարանն ու ավագանու անդամները կգնան արձակուրդ, եւ կրկին կլինի հրդեհ, վատ հոտ եւ այլն... Ու հարցն անցած տարվա նման կմնա չլուծվա՞ծ:
— Դե տեսախցիկների մեխանիզմ էին տեղադրել: Բացի այդ, կա նաեւ հողով ծածկելու տարբերակ, որ հող է լցվում պարբերաբար: Սակայն չենք կարող ասել, որ մենք ապահովագրված ենք, որ այս տարի հրդեհները չեն կրկնվի:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

