Գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի որդին հրատապ հայտարարությամբ է հանդես եկել
Գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի որդին՝ Սիփան Պետրոսյանը, հրատապ հայտարարությամբ է հանդես եկել.
Քաղաքականությունից դուրս՝ հավատարիմ Աստվածատուր Պետրոսյանի սկզբունքներին
«Արծիվ» մահապարտների հատուկ նշանակության գումարտակը ստեղծվել է 1992 թվականի օգոստոսի 16-ին՝ Վազգեն Սարգսյանի կոչով և նախաձեռնությամբ։ Գումարտակի ընդհանուր հրամանատարը եղել է Աստվածատուր Պետրոսյանը, հրամանատարը՝ Հովսեփ Հովսեփյանը, իսկ հրամանատարի տեղակալը՝ Սեյրան Անթանեսյանը։
Գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը Հայաստանի բանակաշինության ակունքներում կանգնած գործիչներից էր։ 1993 թվականից նա զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։ Նա «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր էր, երկար տարիներ ծառայել է հայրենիքին և իր անուրանալի ներդրումն է ունեցել հայկական բանակի կայացման, ամրապնդման և զարգացման գործում։
Վազգեն Սարգսյանի մահից հետո Աստվածատուր Պետրոսյանը զբաղեցրել է «Արծիվ» մահապարտների միության նախագահի պաշտոնը՝ շարունակելով ծառայել այն արժեքներին ու գաղափարներին, որոնց հիման վրա ստեղծվել էր միությունը։
Ինչպես Վազգեն Սարգսյանն էր ասում՝ զինվորականը պետք է հեռու մնա քաղաքականությունից։ Այդ նույն սկզբունքներին հավատարիմ էր նաև հայրս՝ Գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը։ Լինելով բարձր պաշտոններ զբաղեցրած զինվորական, մեծ հեղինակություն վայելող հրամանատար և պետական գործիչ՝ նա երբեք չներգրավվեց որևէ քաղաքական ուժի կամ քաղաքական գործընթացի մեջ։ Չնայած իր անցած ճանապարհին, հեղինակությանը և ունեցած հնարավորություններին՝ նա մնաց հավատարիմ զինվորականի իր կոչմանը, իր երդմանը և իր սկզբունքներին։
Այսօր տեսնում եմ, որ տարբեր ազատամարտիկներ, ինչպես նաև «Արծիվ» մահապարտների միության որոշ ներկայացուցիչներ ներգրավված են քաղաքական գործընթացներում և աջակցում են տարբեր քաղաքական ուժերի։ Դա յուրաքանչյուր մարդու անձնական իրավունքն ու ընտրությունն է, և ես չեմ պատրաստվում գնահատական տալ որևէ մեկի քաղաքական հայացքներին։
Սակայն որպես Գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի որդի՝ պարտք եմ համարում հստակ հայտարարել, որ Գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի ընտանիքը երբեք չի եղել և այսօր էլ որևէ քաղաքական ուժի հետ կապ չունի։ Մենք չենք մասնակցում քաղաքական պայքարի, քաղաքական քարոզչության կամ որևէ քաղաքական գործընթացի և չենք սատարում որևէ քաղաքական ուժի։
Հետևաբար, եթե այսօր կամ ապագայում տեսնեք, որ «Արծիվ» մահապարտների միության որևէ անդամ, ներկայացուցիչ կամ նույնիսկ միության ներկայիս նախագահը ներգրավված է քաղաքական գործունեության մեջ կամ աջակցում է որևէ քաղաքական ուժի, խնդրում եմ դա չկապել Գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի անվան, նրա սկզբունքների, նրա գաղափարների կամ նրա ընտանիքի հետ։
Մենք հավատարիմ ենք մնացել և կմնանք այն արժեքներին, որոնցով ապրել, ծառայել և առաջնորդվել է Գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը։
Սա մեր ընտանիքի հստակ, արժանապատիվ և անփոփոխ դիրքորոշումն է։

