«ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻ ԴԵՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԷԻ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՈՒ ՀԱՂԹԵՑԻ». ՄԱՐԶԱԿԱՆ ՍԱՄԲՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆ ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՍպորտՎրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած Սամբոյի մեծահասակների Եվրոպայի առաջնությանը ոսկե մեդալ է նվաճել մեր երկրի ներկայացուցիչ, Աշխարհի գավաթակիր, մեծահասակների Աշխարհի բրոնզե մեդալակիր ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։ Iravunk. com -ի մարզական լրագրողը բացառիկ զրույց է ունեցել նրա հետ։ - Շնորհավորում ենք, Գոռ, փայլուն հաղթանակի առթիվ։ - Շնորհակալ եմ։ Հանդես եկա 88 կգ քաշային կարգում, մարզական սամբոյի կազմում։ Մեկնարկային գոտեմարտի ժամանակ 6։0 հաշվով պարտության մատնեցի Լատվիայի ներկայացուցչին, ապա կրկին 6։0 հաշվով հաղթեցի իսպանացի մրցակցիս, ով բավականին ուժեղ, փորձառու մարզիկ էր։ Կիսաեզրափակչում 1։0 հաշվով հաղթեցի վրացի մրցակցիս, շատ դժվար ստացվեց հենց Վրաստանում հաղթել վրացի մարզիկին, քանի որ մրցավարների կողմից շատ մեծ էր կողմնապահությունը, քանի որ Վրաստանում էր ընթանում մրցաշարը, մրցավարները ամեն կերպ փորձում էին հաղթանակը շնորհել վրացի մարզիկին։ Սակայն, ես գոտեմարտի վերջին 15 վայրկյաններին կարողացա գցում հնարք կատարել ու այդպես հաղթել։ Մի գցում ևս կատարել էի, սակայն մրցավարները դա չհաշվեցին։ Իսկ ահա եզրափակչում, ոսկե մեդալի ճանապարհին հաղթեցի ադրբեջանցի հակառակորդիս 5։2 հաշվով։ Նախքան գոտեմարտը շատ լավ էի տրամադրվել, դժվար էր հոգեբանորեն, քանի որ եզրափակիչն էր։ Անկեղծ ասած, սպորտը չի կարելի խառնել քաղաքականության հետ, կապ չունի ինձ համար մրցակիցս ով է ադրբեջանցի է, թե այլազգի, սա սպորտ է, ու որպես մարզիկ է իմ դեմ կանգնած։ Ադրբեջանցի մրցակցի դեմ առաջին անգամ էի պայքարում ու հաղթեցի։ Բայց ամենադժվարը վրացու հետ գոտեմարտը անցավ, ճակատագրական եղավ ինձ համար վերջին 15 վայրկյաններին գցում կատարելս։ Շատ աննկարագրելի զգացողություններ ունեցա, երբ իմ պատվին հնչեց մեր երկրի հիմնը ու ծածանվեց Եռագույն դրոշը։ Հաղթանակս նվիրում եմ իմ հայ ազգին, հայրենիքին, մեր զինվորներին, շատ մեծ պատիվ եմ համարում հաղթանակս նվիրել նրանց։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

