18-ամյա աշակերտի ինքնասպանության թնջուկը նոր երանգներ է ստանում. Դպրոցը հերքում է, հայրը՝ վստահեցնում
Մայիսի 13-ին կյանքից հեռացել է 18-ամյա տաղանդավոր աշակերտ Ալեքսանդր Ղազարյանը։ Ալեքսանդրի հայրը՝ Արթուր Ղազարյանը որդու մահվան համար մաղադրում է ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցին.«Ալեքսանդր Ղազարյանին սպանեց Ձեր Ֆիզմաթ դպրոցը իր քարացած ոչ ճկուն սավոկային համակարգով ու որոշ հիմար ուսուցիչներով։ Ալեքսանդր Ղազարյանին սպանեց Ձեր թերի օլիմպիական խմբակը իր բացակայող հոգեբանների, բժիշկների օգնող անձնակազմով, որը կա մյուս թիմերում»։
Բայց ահա Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցի տնօրինությունը վստահեցնում է, որ կրթօջախի հասցեին հնչեցրած մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը, կրում են զրպարտչական բնույթ և արատավորում են դպրոցի բարի համբավը: Մասնավորապես մեզ փոխանցած գրավոր պատասխանում նշվում է.
- Ալեքսանդր Ղազարյանը տարրական կրթությունը ստացել է Պուշկինի անվան հիմնական դպրոցում, որից հետո տեղափոխվել է «Ուսում» ոչ պետական դպրոց, իսկ 9-րդ դասարանից, այն է՝ 2022թ-ի նոյեմբերի 04-ից , ծնողի դիմումի համաձայն, որպես միջազգային օլիմպիադայի մեդալակիր, ընդունվել է Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոց, իսկ 10-րդ դասարանի երկրորդ կիսամյակից, դարձյալ ծնողի դիմումի համաձայն, տեղափոխվել է Երևանի թիվ 83 ավագ դպրոց:
Փաստենք, որ Ալեքսանդր Ղազարյանը Ֆիզմաթ դպրոցում սովորել է ընդամենը մեկ տարի երեք ամիս (կից մեկնաբանությամբ ներկայացնում ենք ծնողի դպրոց ընդունվելու, դպրոցից դուրս գալու դիմումները):
Ալեքսանդր Ղազարյանը 10-րդ դասարանի երկրորդ կիսամյակից, այն է ՝ 2024թ-ի փետրվարի 16-ից, արդեն Ֆիզմաթ դպրոցի աշակերտ չէր, մինչդեռ պարոն Ղազարյանի հայտարարությունը թյուր տպավորություն է ստեղծում, թե իբր դեպքը կատարվել է Ալեքսանդր Ղազարյանի Ֆիզմաթ դպրոցում սովորելու ընթացքում, ինչը բացարձակապես իրականությանը չի համապատասխանում և արատավորում է 60 տարվա բարի համբավ ունեցող մեր կրթօջախը:
Ալեքսանդր Ղազարյանը, իրոք, ուներ բնատուր ընդունակություններ, հետաքրքրված էր ծրագրավորմամբ և տարբեր օլիմպիադաներում արժանացել է արծաթե և բրոնզե մեդալների:
Յուրաքանչյուր օլիմպիադայից վերադառնալուց հետո դպրոցը խանդավառությամբ դիմավորում է իր սաներին, հետևաբար նաև Ալեքսանդրին:
Սակայն Ալեքսանդրը ինչ-որ պահից սկսեց այլևս դասի չգալ, գալու դեպքում էլ մեկուսանում էր և չէր ցանկանում ո՛չ դասին մասնակցել, ո՛չ էլ ընկերների հետ շփվել: Այս խնդիրը մեզ չափազանց անհանգստացնում էր, և դասղեկը ամենօրյա կապով իրազեկում էր ծնողներին երեխայի վիճակի մասին:
Դպրոցի հոգեբանը, թույլտվություն ստանալով երեխայի ծնողներից, սկսեց Ալեքսանդրի հետ աշխատել, բայց որոշ ժամանակ հետո նա եկավ այն եզրակացության, որ Ալեքսանդրի խնդիրն ավելի խորն է: Դպրոցի տնօրենությունը ծնողներին հրավիրեց դպրոց՝ տեղեկացնելով, որ Ալեքսանդրին անհրաժեշտ է ավելի խորը մասնագիտական /բժշկական/ օգնություն:
Այդ լուրը ծնողներին հանկարծակիի չբերեց, ընդհակառակը, նրանք ևս պնդեցին, որ իրենք ի զորու չեն երեխային դպրոց ուղարկել կամ սևեռուն մտքերից հետ պահել:
Մեր այս հանդիպումից հետո ծնողները վերջնականապես եկան այն համոզման, որ երեխայի համար լավագույն լուծումը նրան այլ դպրոց տեղափոխելն է:
Չնայած երկու տարի Ալեքսանդրն արդեն մեր աշակերտը չէր, բայց մենք հոգեբանի միջոցով պարբերաբար հետաքրքրվում էինք նրա առողջական վիճակով:
Ընդհանրացնելով վերոգրյալը՝ փաստենք, որ Ֆիզմաթ դպրոցի ուսուցիչների և հոգեբանի ուշադիր և հետևողական աշխատանքի շնորհիվ Ալեքսանդր Ղազարյանի՝ Ֆիզմաթ դպրոցում սովորելու մեկ տարի երեք ամիս ժամանակահատվածում իր անձը վնասելու որևէ դեպք չի արձանագրվել, և նա որևէ անլուծելի խնդրի առջև չի կանգնել :
Ըմբռնումով և խորին ապրումակցմամբ մոտենալով ծնողների հոգեվիճակին, այնուամենայնիվ, հորդորում ենք զերծ մնալ Ֆիզմաթ դպրոցի աշխատակազմին և սովորողներին անհիմն մեղադրելուց, դպրոցի բարի համբավը արատավորող, վիրավորական և զրպարտչական հայտարարություններ տարածելուց:

