ԵՎՐՈՊԱՅԻ ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ» ՍԱՐՔԵԼՆ Է
ՎերլուծությունԻնչպես եւ ենթադրելի էր, Ուկրաինայի շուրջ իրավիճակը սկսում է տեղափոխվել էսկալացիոն նոր մակարդակ: Ամեն դեպքում, դա է հուշում ինչպես ռուսական բանակի վերջին հարվածները Կիեւին, այնպես էլ` սպասվող հարվածները, որի մասին նախօրեին պաշտոնապես հայտարարեց ՌԴ ԱԳՆ–ն:
«ՎԵՐՋԻՆ ԿԱԹԻԼԻ» ԳՈՐԾՈՆԸ
Այսպես, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնում է, որ Ստարոբիլսկի ուսանողական հանրակացարանի վրա աղմուկ հանած հարձակումը դարձավ վերջին կաթիլը: Այսինքն, ռուսական բանակը սկսում է «համակարգված հարվածներ» հասցնել Կիեւի ռեժիմի որոշումների կայացման կենտրոններին, հրամանատարական կետերին, ռազմական ձեռնարկություններին, անօդաչու թռչող սարքերի նախագծման, արտադրության, ծրագրավորման եւ ուսումնական հաստատություններին: Ըստ այդմ, ՌԴ ԱԳՆ–ն խորհուրդ է տալիս օտարերկրացիներին, այդ թվում` դիվանագետներին`հնարավորինս շուտ լքել Կիեւը, իսկ բնակիչներին խուսափել ռազմական եւ վարչական ենթակառուցվածքներից։ Պատկերը հասկանալի կլիներ, եթե միայն նախարարության նման նախազգուշացումից հետո Լավրովը նույն բանը չասեր նաեւ անձամբ պետքարտուղար Ռուբիոյին: Այսինքն, որ «համակարգված հարվածներ» են հասցվելու, եւ որ Ռուբիոն լավ կանի, որ ամերիկացի դիվանագետներին քաղաքից հանի:
Այս ամենից մի քանի հարցեր միանգամից են առաջանում: Մի կողմ թողնենք, թե ինչու Մոսկվան մինչ այս էլ չէր հարվածում ուկրաինական որոշակի օբյեկտների, այդ թվում` որոշումների կայացման կենտրոններին: Մեխանիզմ, որն ամերիկացիները, առավել եւս` իսրայելցիները հաճույքով կիրառում են ամեն տեղ եւ մեծ էֆեկտիվությամբ: Ճիշտ է, Իրանում դա միայն մասնակի աշխատեց, բայց դա բացառություն է. Թեհրանն ապացուցեց, որ պատրաստ է այդ ռազմավարությանը: Ուկրաինան հաստատ Իրան չէ, չունի այդ ներքին պոտենցիալը: Ուկրաինայում հարցերը լուծվում են անձանց, ոչ թե համակարգերի միջոցով: Եվ անձերի լիկվիդացիան ռազմական տեսանկյունից միանգամայն էֆեկտիվ կարող է լինել:
Լավ, ասենք մինչ հիմա այդ տակտիկայից Մոսկվան զերծ է մնացել: Բայց հիմա ի՞նչ տեղի ունեցավ, որ որոշեցին դրան անցնել: Պակաս կարեւոր չէ նաեւ, թե ինչո՞ւ են կանխավ ազդարարում այդ մասին. որոշել են, օրինակ, խոցել Զելենսկու բունկերը, թող խոցեն, ի՞նչ կարիք կա դա աշխարհով մեկ ազդարարել: Վերջապես, ինչո՞ւ որոշեցին, որ ընդհանրական ծանուցումից հետո, նաեւ ամերիկացիներին այդ մասին հատուկ պատմեն:
Ուկրաինայում պատասխան ունեն. այնտեղ խոսում են, թե դրանով Մոսկվան փորձում է Վաշինգտոնին դրդել` արագացնել ուկրաինական թեմայով լուծումները: Բայց դա պարզունակ բացատրություն է. եթե խնդիրը դա լիներ, Մոսկվան առանց հրապարակային աղմուկի էլ կարող էր հնարավոր հարձակումների տեղեկությունը փոխանցել Վաշինգտոնին:
Չնայած, միգուցե ամերիկացիներին այդ ամենն ասելու բաղադրիչը եւս կար Մոսկվայի նման նախազգուշացման տակ: Բայց այդքանով ամեն բան բացատրել չի լինի:
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՎԵՐՋԻՆ ԱՄԻՍՆԵՐԻՆ
Թերեւս, հարցին պետք է մոտենալ ընդհանրական իմաստով, իրար կողքի դնելով վերջին ժամանակների իրողությունները: Նախ այս հիմնական փաստը: Արդեն մի քանի ամիս շարունակ ուկրաինական կողմը հետեւողականորեն սրում է Ռուսաստանին հասցվող օդային հարվածների թե՛ դինամիկան, թե՛ քանակը: Ակնհայտորեն, առանց թաքցնելու, Եվրոպայում ուկրաինականի անվան տակ արտադրվում եւ կատարելագործվում են հարվածային անօդաչուներ: Էլի առանց թաքցնելու, Ռուսաստանին հարվածներ են հասցվում` եվրոպական եւ ՆԱՏՕ–ական երկրների օդային տարածքն օգտագործելով: Այս գործընթացի զարգացումը հասավ նրան, որ արդեն անգամ Մոսկվայում են խոսում, որ ՌԴ տարածքին կարող են հարվածներ հասցվել հենց մերձբալթյան երկրների տարածքներից: Բանը հասավ նրան, որ նախօրեին հակաօդային տագնապ հայտարարվեց նաեւ Կալինինգրադի մարզում, որին հարվածել հնարավոր է բացառապես եվրոպական երկրների միջոցով: Այսքանին զուգահեռ, եվրոպական մի շարք երկրներ եւ առաջին հերթին Գերմանիան պաշտոնապես հայտարարում են միլիտարիզացիայի քաղաքական կուրսի մասին` ուղղված Ռուսաստանի դեմ: Վերջապես, փորձագիտական ակտիվ օրակարգում է Մերձդնեստրի դեմ մասշտաբային հարձակում սկսելու թեման: Եվ վերջին դեպքը` Ստարոբիլսկի ուսանողական հանրակացարանին հասցված հարվածը պարզապես Մոսկվային այլ տարբերակ չէր թողնում, քան Կիեւին պատասխան հարված հասցնելը:
Ընդ որում, այս գործընթացի ամեն մի դետալ աճող նստվածք է թողնում ռուսական հանրության մոտ: Մարդիկ դժվարանում են հասկանալ, թե ինչո՞ւ արեւմտյան ամեն մի հերթական պրովոկացիոն գործողությանը, ավելին, դրանից էլ առաջ ռուսական բանակը հողին չէր հավասարեցնում ասենք Կիեւը կամ Լվովը: Ու այս հարցադրման մյուս կողմն էլ այն է, թե ռուսական բանակն ունի՞ այդ պոտենցիալը: Եթե խնդիրը ամենօրյա ռեժիմով ասենք մի 50 հրթիռ արձակելն է, ապա այդ տեմպով ռուսական սովորական հրթիռային պաշարները հազիվ թե մի քանի շաբաթից ավել դիմանան: Անգամ ԱՄՆ–ն, ունենալով հզոր զինապաշարներ, Իրանի դամ պատերազմի առաջին ամսվա վերջերին խնդիրների առաջ կանգնեց: Էլ չասած, որ բարձր տեխնոլոգիական հրթիռները թանկ հաճույք են, Ռուսաստանի ներկա տնտեսական պոտենցիալը հազիվ թե հերքի, ասենք, մի քանի ամիս շարունակ օրական մի 50 հրթիռ արտադրել եւ արձակել: Բայց հանրության մոտ այդ մաթեմատիկական հաշվարկները չեն գործում. պահանջն այդ 50 հրթիռն արձակելն է, եւ եթե դա չկա, իսկ ուկրաինական քարոզչամեքենան թմբկահարում է օրական մի քանի հարյուր անօդաչու ՌԴ–ի խորքերն ուղարկելու մասին, ապա դա ներքին աճող դժգոհության պատճառ է: Առավել եւս, երբ ուկրաինական հրթիռները սկսեցին ուղղվել այնպիսի զգայուն թիրախի, ինչպիսին է քնած ուսանողների հանրակացարանը:
Անշուշտ, դա հասկանում են նաեւ Մոսկվայում: Պատահական չէր, որ օրերս Պուտինը խոսեց հատկապես այս փուլում ներքին միասնությունը պահպանելու գերխնդրի մասին: Նույն ուղղվածության մեջ է նաեւ ԱԴԾ տնօրեն Բորտնիկովի երեկվա հայտարարությունը, թե Արեւմուտքը ցանկանում է ներսից պայթեցնել ԱՊՀ երկրները, եւ դրա տակ կարելի է տեսնել նախ Ռուսաստանին: Իսկ ահա ռազմաքաղաքական հայտնի փորձագետ Յուրի Պոդոլյակն իրավիճակին տալիս է ավելի պարզ մեկնաբանություն. «Արդեն իսկ պարզ է, որ Արեւմուտքը Մոսկվայում հեղաշրջման ճանապարհին է, եւ այս խնդրի համար նրանց բոլոր ռեսուրսներն արդեն իսկ տեղակայված են եւ թափ են հավաքում (օգոստոս-սեպտեմբերին իրենց գագաթնակետին հասնելու համար)։
Այսինքն, արեւմտյան ներկա կուրսը, նման է, որ մոտավորապես այս ուղղվածությունն ունի: Մոսկվային կանգնեցնել երկընտրանքի առաջ. կա՛մ սկսել ամենօրյա ռեժիմով ծանր հարվածներ հասցնել` արագորեն հյուծելով ռազմապաշարները: Կա՛մ աճող պրովոկացիաներով սրել ռուսական ներքին մթնոլորտը` այն հասցնելով «հեղափոխական կրիտիկական մակարդակի»:
ԻՆՉ ՀՈՒՇԵՑ ԼԱՎՐՈՎԸ
Ահա այս փակուղային ֆոնին, ՌԴ ԱԳՆ–ի հայտարարությունը` ուկրաինական կոնկրետ թիրախների կետային հարվածների անցնելու մասին, իրավիճակից ելքի տարբերակ է: Իհարկե, այդ մասին ուղիղ ամերիկացիներին դիմելը նաեւ այն իմաստն ունի, թե` Ալյասկայի պայմանավորվածությունները հիմա կա՞ն, թե` ոչ: Այս առումով Ռոբիոյի ռեակցիան եւս հասկանալի էր: Ըստ նրա` Ուկրաինայում խաղաղության գործընթացը կանգ է առել, եւ դեռեւս վերականգնման որեւէ նշան չկա: Կարճ ասած, պայմանավորվածությունները կան, բայց միայն ձեւականորեն. դրանց հետ այս պահին հույսեր կապել պետք չէ: Բայց նաեւ պետքարտուղարն առանձնապես չբողոքեց, թե ինչ հարվածներ, թողեք` տեսնենք ինչ ենք անում:
Ամերիկացիների նման ռազմավարությունը, իհարկե, լիովին տեղավորվում է Վաշինգտոնի շահերի մեջ: Այսինքն, եթե Մոսկվան անցնի ծանր հարվածների, մի կողմից` կթուլացնի Ուկրաինային, այսինքն` նաեւ Եվրոպային: Մյուս կողմից, կթուլանա նաեւ Ռուսաստանը. երկուսն էլ վաշինգտոնի համար ցանկալի տարբերակ է:
Մոսկվայի համար եւս նման ռազմավարությունը կարող է լուծում դառնալ: Եթե հիմա սկսեն թիրախավորել ուկրաինական կառավարական օբյեկտները, այդ թվում` նախագահական նստավայրը, Ռադան, կարեւոր լոգիստիկ կետերը, ասենք` սահմանային հիմնական անցակետերը, Դնեպրի կամուրջները եւ այլն, ապա դա շատ մեծ ռեսուրսներ չի պահանջելու: Բայց նաեւ, կարող է լուրջ ազդեցություն ունենալ ներռուսաստանյան տրամադրությունների վրա: Առավել եւս, եթե «ձեռքի հետ» մեկ–երկու հարված էլ հասցվի այն երկրներին, որոնց երկնքով դեպի Ռուսաստան են արձակվում ուկրաինական անօդաչուները:
Մոսկվայի համար ներկա հիմնական խնդիրը հենց ներքին մթնոլորտն է, հաշվի առնելով, որ իրականում ռազմաճակատային իրողությունները «մի փոքր» այլ են, քան փորձում է ներկայացնել արեւմտյան քարոզչամեքենան: Այսինքն, վերջին ամիսներին ուկրաինական բանակը մի շարք հակահարձակումներ, ճիշտ է, իրականացրեց, որոշ փոքր հաջողություններ գրանցեց, սակայն այդ ամենը եւս ակնհայտորեն քարոզչական ֆոնը թանձրացնելու իմաստով էր: Փոխարենը, այդ հակահարձակումների մեջ են նետվել ուկրաինական գործնականում ողջ ռեզերվային ուժերը, այդ թվում` էլիտար համարվող ստորաբաժանումները, որոնք մի շարք ուղղություններով ունեն հսկայական կորուստներ, ամեն մի մետր առաջ շարժվելու համար: Ու ամենավատն այն է, որ այդ խաղը հնարավոր կլինի շարունակել ամենաշատը մեկ–երկու ամիս, ապա աստիճանաբար կզրոյանա: Հենց այդ մի քանի ամիսն է պետք Ռուսաստանում հեղաշրջում սարքելու համար: Բայց եթե չստացվեց, ուկրաինական բանակը կարող է էապես կորցնել մարտունակությունը: Ընդ որում, արդեն այս պահին այդ խնդիրը կա. ճակատային մի շարք առանցքային ուղղություններում ռուսներն ունեն միանգամայն հեռանկարային առաջընթաց:
Ինչ վերաբերում է Մերձդնեստրին, ապա այս հարցով Մոսկվայի միջուկային զորավարժանքները եվրագլոբալիստներին ուղղված հստակ ազդակ էին` լավ է ռիսկի չգնաք իմաստով:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/67550

